Լրահոս

17.09.2009 16:01


ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահներին հրավիրել է երրորդ թեմատիկ խորհրդակցությանը' «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» թեմայով:

ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում ասել է.

«Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն է: Ինչպես հիշում եք, նախորդ երկու քննարկումները նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը: Անձամբ ինձ համար, և ինչպես կարծիքներ եմ լսել՝ մասնակիցներից շատերի համար, այդ քննարկումները կարևոր էին, անհրաժեշտ ոչ միայն տեսակետներ լսելու, այլ նաև մեր հետագա գործունեության մեջ որոշակի ուղղումներ մտցնելու տեսանկյունից:

Իսկ այսօր առաջարկում եմ քննարկման թեմա դարձնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը: Այս թեմայով քննարկումների ամենատարբեր ձևաչափեր եմ կանխատեսում. մոտակա շաբաթների ընթացքում լինելու են տարբեր ձևաչափեր, ինքս եմ նախաձեռնելու ու մասնակցելու այս հարցի շուրջ քննարկումներին և որոշեցի այդ շարքը սկսել հենց այսօրինակ հանդիպումով: Անշուշտ, ձեզնից շատերի հետ մենք դեռևս այլ քննարկումներում էլ կհանդիպենք, կարծում եմ ձեր հրապարակային գործունեության ընթացքում դուք էլի առիթներ կունենաք մոտեցումներ ներկայացնելու, իսկ այսօրվա հավաքը ես համարում եմ արդեն իսկ սկիզբ առած քաղաքական բանավեճի հետագա ծավալման համար բավականին հարմար ձևաչափ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության և նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո սկսվել է մի գործընթաց, որն իսկապես դրական ու կարևոր է: Ես նկատի ունեմ հասարակական-քաղաքական քննարկումների այս փուլը:

Այս օրերի ընթացքում ես մանրամասն ծանոթացել եմ հանրայնորեն հնչեցված ամենատարբեր կարծիքների, լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատություն, այդ թվում խիստ քննադատություն, լսել եմ նաև մտահոգություններ: Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները:

Հրավիրելով Թուրքիայի Նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը՝ ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, և Հայաստան երկիրը, որ կանգուն է և տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու:

Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. շատ-շատերն ասում են, որ պետք էր բանակցել Թուրքիայի հետ, բայց անհրաժեշտություն չկա դա անել հրապարակայնորեն եւ բաց: Բոլորդ հիշում եք, որ անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միշտ այդպիսի փորձեր եղել են. իրոք, այս վերջին գործընթացը մնացածներից տարբերվում է իր հրապարակայնությամբ: Բայց ես համարում եմ, որ գործընթացը պետք էր հրապարակայնացնել, որովհետեւ այն լարվածությունը, որ կա մեր միջև, մտացածին չէ, իրավիճակային չէ, այդ լարվածությունը, այսպես ասած, վերնախավերի պատերազմ չէ, այն մեր հասարակությունների միջեւ է, եւ այդ լարվածությունը, եթե ուղիղ ասենք' այդ թշնամությունը, հետեւանք է մեր պատմության ամենամռայլ էջի' ցեղասպանության, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում: Եթե մենք երբեւէ կարգավորելու ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա բացի Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքից, անհրաժեշտ է մեր հասարակությունների մասնակցությունը: Առանց դրա անհնար է այս խնդիրը լուծել: Ես հասկանում եմ, որ հրապարակայնությունն ունի նաեւ իր խնդիրները, որովհետև եթե գործընթացը մտնի փակուղի, բնականաբար, իմ ասած հակասությունները, թշնամանքը խորանալու են:

Հասարակական-քաղաքական քննարկումների այս առաջին օրերի ընթացքում ես դեռ չեմ լսել ընդդեմ սահմանների բացմանն արտահայտվող որեւէ քաղաքական ուժի կարծիք, միգուցե այսօր հնչեն, չգիտեմ, բայց, համոզված եմ, որ նման դիրքորոշումը քաղաքական դաշտում, համենայն դեպս, տիրապետող չէ: Չկան կամ քիչ են նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը դեմ դիրքորոշումները: Եվ եթե մեր տրամաբանական ճանապարհը մենք սկսում ենք այս ելակետերից, ապա պետք է կարողանանք հասկանալ որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք և ու՞ր ենք գնում:

Որտեղ ենք. Ներկա փուլը նախաստորագրված փաստաթղթերի քննարկման, ստորագրման եւ հնարավոր վավերացման փուլն է: Այո՜ հնարավոր եմ համարում, որ փաստաթղթերի առանձին հատվածների վերաբերյալ որոշ մարդկանց համար բացատրություններն այդպես էլ համոզիչ չլինել, չնայած համոզված եմ, որ համակողմանի ներկայացման ու անաչառ քննության դեպքում դա գրեթե անհնար է: Բայց նույնիսկ այդ դեպքում արդյո՞ք նշանակում է, որ մենք ինչ-որ հարցի շուրջ տանուլ ենք տվել, թե՞ նշանակում է աշխատանքային դաշտ բացել խոսելու եւ բոլոր խնդիրները լուծելու համար: Ի վերջո այս փուլով մենք ավարտու՞մ, թե՞ սկսում ենք: Եկե՜ք միասին այսօր խոսեք եւ հասկանանք:

Ինչ ունենք. ունենք նախաստորագրված երկու փաստաթուղթ եւ ակտիվ գործընթաց: Հիմա եկեք միասին խորհենք' ինչ են տալիս կամ վերցնում այս փաստաթղթերը: Համոզված եմ' քաջածանոթ ենք մանրամասներին: Ինչպե՞ս գնահատել դրանք. որպես առկա հարցերին պատասխան տվո՞ղ, թե՞ հարցերի լուծման համար նախադրյալներ ստեղծող ակտեր: Եկեք միասին դատենք. մեր համոզմունքներն ու ճշմարտության մեր հավատամքը զոհու՞մ ենք այս փաստաթղթերով, թե՞ ինքնամփոփ անաղարտության մեջ պարփակվելու փոխարեն դրանք տեղ հասցնելու ճանապարհներ ենք բացում, աշխատանքի ճակատ ենք բացում: Եկե՜ք միասին հասկանանք:

Այս օրերին ինձ բազմաթիվ մարդիկ հարցեր են տալիս եւ հարցը հետեւյալ կերպ է հնչում' ո՞րն է ձեր նվազագույն կամ առավելագույն ծրագիրը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նվազագույն ծրագիր եւ ոչ էլ առավելագույն ծրագիր: Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում' տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական:

Ու՞ր ենք գնում մենք. անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու: Եթե որևէ խնդրի լուծման համար մենք որևէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացույց անել: Եկեք միասին հասկանանք այս խնդիրները: Եթե մենք իրոք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, իսկ նորից եմ կրկնում, դեռեւս որևէ մեկը հրապարակայնորեն չի հայտարարել, որ ինքը որպես քաղաքական ուժ դեմ է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելուն, ապա եկեք հասկանանք, թե ով ինչ է անելու եւ, ընդհանրապես, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու: Կարծում եմ, սա է ամենից կարեւորը»:

Հանրապետության Նախագահի խոսքից հետո քննարկումը շարունակվել է փակ դռների ետևում և տևել շուրջ հինգ ժամ:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը