Հարցազրույց

30.10.2014 13:58


Արմեն Ասլյան. «Ինչպես 1988թ., այնպես էլ հիմա Հայաստանի համար օրհասական պահ է»

Արմեն Ասլյան. «Ինչպես 1988թ., այնպես էլ հիմա Հայաստանի համար օրհասական պահ է»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմեն Ասլյանի հետ

–Երիտասարդության շրջանում ի՞նչ տրամադրություններ են այսօր առկա. խոսքն իշխանափոխության անհրաժեշտության և «եռյակի» գործողությունների մասին է։

–Առհասարակ, երկրում առկա է իշխանափոխության մթնոլորտ, և դա միանշանակ նկատվում է նաև երիտասարության շրջանում: Գիտակցելով պահի լրջությունը՝ երիտասարդությունն աստիճանաբար միանում է պայքարին. դա նկատելի էր թե´ հոկտեմբերի 10-ի, թե´ 24-ի հանրահավաքներում: Եթե նախկինում հանրահավաքների մասնակիցների գերակշիռ մասը միջինից բարձր տարիքի էր, ապա հիմա գերակշռում է երիտասարդությունը: Մինչ այս՝ համաժողովրդական շարժում Հայաստանում ձևավորվել է միայն մեկ անգամ և շատ տարիներ առաջ։ Ինչպես 1988թ., այնպես էլ հիմա Հայաստանի համար օրհասական պահ է, երբ ազգովի պետք է համախմբվել և երկիրը կործանումից փրկել: Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա անհրաժեշտ է լայն զանգվածների մոբիլիզացիա, որի իրականացումն էլ հնարավոր է համազգային համաժողովրդական շտաբներ ունենալու պարագայում:

–«Եռյակի» ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցը հետաձգեց մինչև 2015թ. փետրվարմարտ։ Ո՞ր դեպքում նա լիովին կհրաժարվի Սահմանադրությունը փոխելու և վերարտադրվելու իր մտադրությունից:

Սահմանադրական փոփոխությունների հարցը հետաձգելը մինչև 2015թ. փետրվար–մարտ իշխանության համար տակտիկական քայլ էր։ Հաշվի առնելով նախորդ զիջումները (խոսքը Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին է), որոնց արդյունքում քաղաքական մոտեցումներն, ընդհանուր առմամբ, մնացին նույնը, քիչ հավանական եմ համարում, որ իշխանություններն ինքնակամ հրաժարվեն իրենց վերարտադրման գաղափարից։

Առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք ակնկալում. հնարավո՞ր է, որ այս անգամ էլ չհաջողվի հասնել իշխանափոխության:

–Ակներև է, որ այս շարժումն ի սկզբանե դատապարտված է հաջողության։ Շարժման լիդերները և հատկապես Գագիկ Ծառուկյանն իր խոսքում բազմիցս ընդգծել են, որ հետդարձի ճանապարհ չկա։ Ավելի քան վստահ եմ, որ շարժումը կհասնի ամբողջական իշխանափոխության։ Գործընթացները պետք է զարգանան բացառապես անցնցում ճանապարհով և դանդաղ շտապելով, որպեսզի հետո ուշ չլինի։ Պետք է ընդգծեմ նաև, որ եթե 1988թ. շարժումը հաղթանակեց հզոր խորհրդային կարգերի պարագայում, ապա հիմա համազգային համաժողովրդական շարժումն ի զորու է հաղթել այս իշխանությունների՝ նեոբոլշևիզմի բարքերը։
Կցանկանամ նաև մեջբերել պարոն Ծառուկյանի այսօրվա հարցազրույցից մեկ պարբերություն հատուկ իրենց «անհասկացողի» տեղ դրած քաղաքական գործիչների համար, որում, մասնավորապես, ասվում է, որ ինքը գնալու է այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի, մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Իսկ այս հարցում պարոն Ծառուկյանն ունի քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը