Լրահոս

21.09.2009 12:35


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տասնութերորդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։
Այսօր յուրաքանչյուրիս համար նաև հպարտության օր է։ Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը՝ անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն։ Բոլորս պետք է լիասիրտ հպարտանանք, որ մեր ժողովրդի շարունակական ջանքերի շնորհիվ ամրանում է Հայաստան հայրենիքը։
Մենք, հիրավի, ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ համար։ Համոզված եմ, որ կարող ենք դրանք հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդ է անկախությունը։
Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
18-ամյակը մեզանում ընդունված է համարել հասունության շեմ։ Այսօր այդ շեմը հատում է Հայաստանի անկախ պետականությունը, այսօր այդ շեմն են հատում նաև նրանք, ովքեր անկախության հասակակիցներն են։ Իմ առանձին շնորհավորանքն եմ ուղղում մեր զավակներին՝ այն երիտասարդներին, ում անվանում են «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունում։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը