Հարցազրույց

05.11.2014 16:58


ԼՂՀ արտգործնախարար. «Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի»

ԼՂՀ արտգործնախարար. «Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի»

«Չեմ կարծում, որ այդ դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. դա մեր ոճը չէ։Դատական գործի նպատակն է՝ պարզել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը, և համապատասխան պատիժ սահմանել մեղավորների նկատմամբ։ Համոզված եմ, որ դատարանի որոշումը կլինի օբյեկտիվ և արդար. սա դատական գործընթաց է, և այն չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար:
ԼՂՀ իշխանություններն անում են հնարավորինս ամեն ինչ, որ ապահովեն բաց և անաչառ դատական գործընթաց, որին, ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ»,–ԱՐՑԱԽՊՐԵՍ–ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Նա նաև հավելել է, որ այսօր ևս արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցը շարունակում է մնալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որտեղ, որքան էլ ձգտում են առաջընթաց ապահովել, ցավոք, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով դեռևս ցանկալի արդյունքի չեն կարողանում հասնել:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև դրան նախորդած Նյուպորտի և Սոչիի հանդիպումներին, ապա կարող ենք դրանք դրական գնահատել, սակայն այդ ամենը բավարար չէ բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն պարագայում, երբ բանկացություններում վերականգնվի ԼՂՀ-ի լիարժեք մասնակցությունը: Իհարկե, այդ հանդիպումները կարևոր են, որովհետև դրանք գոնե այն եզակի ձևաչափերն են, որոնք նպաստում են տարածաշրջանում թեկուզ և փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերևս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով այլ տարբերակ: Սա շատ հստակ եզրահանգում է, և դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլև ԼՂՀ-ի և ՀՀ-ի դիրքորոշումը»,–ասել է նա:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը