Հարցազրույց

10.11.2014 16:02


Վահան Բաբայան. «Մենք ուղղակի դատապարտված ենք հաղթելու»

Վահան Բաբայան. «Մենք ուղղակի դատապարտված ենք հաղթելու»

1lur.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հետ.

- Ի՞նչ փուլում է Ժողովրդական շարժման գրասենյակների ձևավորումը, և որ՞ն է դրանց հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը

-Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ հրապարակեց շտաբների ստեղծման գաղափարը: Դրանից անմիջապես հետո ստեղծվեց աշխատանքային խումբ, որը քննարկեց տարբերակները, ուսումնասիրեց միջազգային փորձը և, հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները, մշակեց այն տարբերակը, որով մենք առաջ ենք շարժվելու:

Դրանից հետո ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպեց բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Համաձայնեցվեցին բոլոր հիմնական մոտեցումները և միայն դրանից հետո կայացավ ԲՀԿ հայտնի քաղխորհրդի նիստը: Ես ուզում եմ հատուկ ընդգծել. քաղխորհրդի նիստի առանցքային գաղափարը մեր գործընկերների հետ համաձայնեցված աշխատանքն է: Մենք իսկապես կարևորում ենք մեր գործընկերների կարծիքն ու տեսակետը, միասնական աշխատանքը:

Այդ շտաբների հիմնական նպատակը մեր քաղաքացիների հետ, բոլոր սոցիալական խավերի հետ, ողջ բնակչության հետ աշխատելն է: Այո, մենք չենք խուսափում այդ ձևակերպումից` համընդհանուր, ժողովրդական մոբիլիզացիան է:

-Տարբեր շրջանակներից կարծիքներ են հնչում, որ ավելի ճիշտ կլիներ ուղղակի հանրահավաքներ ու նստացույցեր անել և այդ ճանապարհով տանել պայքարը:

- Վստահաբար կարող եմ ասել, որ մենք և՛ խոշոր հանրահավաքներ ենք անելու, և՛ նստացույցեր ու օրենքով նախատեսված այլ ակցիաներ: Բայց դրանք մեզ համար միջոցներ են, և ոչ թե` ինքնանպատակ միջոցառումներ: Նպատակն ու միջոցը տարբեր բաներ են:

Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն` այս ժողովրդական շարժումը չի պարտվելու: Մենք ուղղակի դատապարտված ենք հաղթելու: Գագիկ Ծառուկյանը վերցրել է պատասխանատվություն` ժողովրդի և պետության առաջ: Հետևաբար՝ մենք սխալվելու, չհաշվարկված քայլերի, հուզական որոշումների իրավունք չունենք: Գիտեք, զուտ տեսականորեն եթե մենք պարտվենք, ապա դա չի լինելու Ծառուկյանի պարտությունը, դա լինելու Հայաստանի Հանրապետության պարտությունը առաջիկա երկար տարիների համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ստիպում՝ գնալ միակ՝ ճշգրիտ քայլերի ճանապարհով: Մենք մանրակրկիտ վերլուծել ենք անկախությունից ի վեր 24 տարիների բոլոր շարժումների բացթողումներն ու ճակատագրական սխալները և մենք հաստատ չենք գնալու այդ ուղով: Մենք խուսափելու ենք ուրիշների սխալներից:

Այս շարժումը տասը հազարանոց, քսան հազարանոց, նույնիսկ հիսուն հազարանոց հանրահավաքի շաժում չէ: Մենք սա համարում են ժողովրդական շարժում, որը ներառելու է Հայաստանի ողջ բնակչությանը, ովքեր ուզում են փոխել իրենց և երկրի կյանքը, ովքեր հոգնել են այսօրվա իրականությունից, ովքեր հասկանում են, որ այս կերպ մեր պետությունը ապագա չունի: Մենք ճիշտ քայլերով հասնելու ենք նրան, որ երկրի ողջ բնակչությունը հստակ ձևակերպի իր պահանջներն ու ներգրավված լինի շարժմանը: Իսկ այդ դեպքում մենք ունենալու ենք խաղաղ, անցնցում, սահուն փոփոխություններ մեր երկրում, ու Հայաստանը դրվելու է զարգացման ու վերելքի ուղու վրա: Երբ շարժումը դառնում է համընդհանուր, համաժողովրդական, որևէ իշխանություն ռեսուրս չի ունենում դիմադրելու: Մենք այս գաղափարը հասանելի ենք դարձնելու բոլորին:

Աղբյուրը՝ 1lur.am։

Այս խորագրի վերջին նյութերը