Լրահոս

22.09.2009 14:32


Վահան Հովհաննիսյան. «Նախագահն ավելի հակված է ստորագրելուն, քան չստորագրելուն»

Վահան Հովհաննիսյան. «Նախագահն ավելի հակված է ստորագրելուն, քան չստորագրելուն»

-Շատ կոշտ փոփոխությունների անհնարինության մասին է արտահայտվել արտգործնախարարը՝ պատասխանելով իմ հարցին։ Կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ նախագահը ևս ասաց, որ փոփոխությունները քիչ հավանական են, սակայն չբացառեց դրանց հնարավորությունը, որովհետև, հավանաբար, ի տարբերություն մեր բարձրաստիճան դիվանագետների, ծանոթ է միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքին, որով ասվում է, որ բանակցություններն ավարտված չեն մինչև ստորագրման պահը։ Իսկ բանակցությունների փուլում ասել, որ ամեն ինչ ավարտված է, նշանակում է՝ կամ արդեն թաքուն ստորագրել ես, բայց չես ասում, կամ այնքան ես ուզում ստորագրել, որ պատրաստ ես խաբել սեփական հասարակությանը,- արձանագրություններում փոփոխություններ մտցնելու անհնարինության մասին խոսելիս՝ ասել է Վահան Հովհաննիսյանը։ 

Այդուհանդերձ, Վահան Հովհաննիսյանի կարծիքով նախագահն ավելի հակված է ստորագրելուն, քան չստորագրելուն, ինչը, սակայն, չի նշանակում, որ Դաշնակցությունը հետ է կանգնելու։

Նրա կարծիքով արձանագրություններն ամենայն հավանականությամբ կստորագրվեն, իսկ թե ի՞նչ կանի Դաշնակցությունը դրանից հետո, Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ կտեղեկանանք ստորագրումից հետո։ Նրա կարծիքով ստորագրման վտանգը կարող է չեզոքանալ նաև թուրքերի հայտարարությունների շնորհիվ, քանի որ նրանք «անհամբերությունից այնպիսի բաներ են ասում, որ նույնիսկ ամենաանտարբեր և հուսալքված մարդիկ Հայաստանում սկսում են ըմբոստանալ»։ 

Այդ առումով Վահան Հովհաննիսյանը թուրք գործընկերներին մաղթել է ակտիվություն և բերանբացություն, իսկ հայաստանյան իշխանություններին՝ արժանապատվության զգացում.

-Մնացածն իրենք, միևնույն է, չեն ունենա, իսկ առնվազն արժանապատվության զգացումը, կարծում եմ, անհրաժեշտ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը