Մեկնաբանություն

12.11.2014 16:35


Ի՞նչ խնդիր է լուծում Հովիկ Աբրահամյանը

Ի՞նչ խնդիր է լուծում Հովիկ Աբրահամյանը

Շատ հետաքրքիր փուլ ենք թևակոխել։ Քաղաքական դաշտում հարաբերական անդորր է, և հակադիր ճամբարներում տեղի են ունենում ներքին քննարկումներ ու վերադասավորումներ, որոնց մասին տեղեկությունները դուրս են գալիս հրապարակային դաշտ և դառնում հանրության սեփականությունը։

«Եռյակի» ներսում քննարկման թեման վերաբերում է իշխանափոխության մարտավարությանը։ Դե, իսկ իշխանական բուրգում քաոս է, քանզի Սերժ Սարգսյանը չի կարողանում սկսել իր համար կենսական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների գործընթացը։

Խոր անորոշություն կա նաև ՀՀԿ–ի ներսում, քանզի այնտեղ էլ են հասկանում, որ Սարգսյանի վերարտադրության ծրագրի իրագործման հնարավորությունները գրեթե զրոյական են, և, բացի այդ, իշխանությունը չունի բոլոր թևերի կողմից ընդունելի քաղաքական ժառանգորդ։ Այս ամենի արդյունքում էլ առաջանում է քաոսը։

Ներիշխանական քաոսի դրսևորումներից մեկին ականատես դարձանք երեկ։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը, «եռյակի» հանրահավաքների արդյունքում (հենց ինքը խոստովանեց դա) առաջարկել էր Կառավարությանը կրկին անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12–կետանոց պահանջներին՝ կետ առ կետ քննարկելով ու լուծումներ գտնելով։

Դրան անմիջապես հետևեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը։

«Վերանայելու մասին խոսք չի եղել. մենք գրավոր, մանրակրկիտ պատասխանել ենք 12 կետերին, պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: Եթե անհրաժեշտություն լինի, մենք մարնակրկիտ բացատրություն կտանք»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ սեփական պրիզմայով գնահատական տալով Սարգսյանի խոսքերին:

Այդպիսով Աբրահամյանը յուրովի էր մեկնաբանել Սարգսյանի ասածները՝ պահելով համեմատաբար կոշտ դիրքորոշում։

Ուշագրավն այն է, որ վարչապետի այդ խոսքերից ժամեր անց տարածվեց Կառավարության մամլո խոսնակի հայտարարությունը, ըստ որի՝ 12–կետանոց պահանջները ենթակա են քննարկման այն մոդելով, ինչ մոդելով որ առաջարկել էր ՀՀԿ ղեկավարը։

«Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ»,– մասնավորապես հայտարարել էր Կառավարության մամլո խոսնակը՝ Գոհար Պողոսյանը։

Եվ այսպես, Աբրահամյանը ժամեր անց ստիպված եղավ մեղմել իր իսկ հայտարարությունն ու վերախմբագրել այն՝ գալով Սերժ Սարգսյանի ասած տարբերակին և հայտնվելով մի փոքր անհարմար դրության մեջ։

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանից ավելի Սերժ Սարգսյան լինել ցանկացող Հովիկ Աբրահամյանը։

Բոլորի համար էլ պարզ է, որ անձամբ վարչապետի շահերից է բխում 12–կետանոց պահանջների կատարումը, քանզի այդպիսով սոցիալ–տնտեսական վիճակը գոնե մի փոքր կմեղմվի, լարվածությունը համեմատաբար կթուլանա, իսկ Աբրահամյանի վարկանիշը միայն կշահի դրանից։

Բոլորի համար նաև պարզ է, որ այդ 12–կետանոց պահանջների չկատարումը բխում է անձամբ Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի շահերից, քանզի նրանք մասնավոր բիզնես–հետաքրքրություններ ունեն, որոնք կտուժեն այդ պահանջների բավարարումից հետո։

Հետևաբար, անհասկանալի է դառնում, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը Մատրոսովի պես պաշտպանում Սերժ Սարգսյանի մասնավոր շահերն ու այդպիսով աշխատում ինքն իր դեմ։

Ի դեպ, այդպես եղավ նաև տխրահռչակ Լիսկայի վերանշանակման ժամանակ։ Բոլորը գիտեն, որ դա անձամբ Սերժ Սարգսյանի որոշումն է, բայց Աբրահամյանը, չգիտես՝ ինչու, իր վրա վերցրեց աղմկահարույց այդ որոշման հեղինակային իրավունքը։

Եթե Աբրահամյանին թվում է, թե ինքն այդպիսով շահելու է Սարգսյանի վստահությունը, ապա նա չարաչար սխալվում է։ Եթե նրան թվում է, թե անընդհատ ՀՀԿ ղեկավարի ստվերում մնալով և վերջինիս սխալներն իր վրա վեցնելով՝ հետո մի պահ կարողանալու է ինքնուրույն սուբյեկտ դառնալ, ապա սխալվում է կրկնակի։

Ինքնուրույն սուբյեկտ դառնալու համար հարկավոր է դիստանցավորվել Սերժ Սարգսյանից ու դառնալ ինքնաբավ գործոն՝ ընդառաջ գնալով հանրությանը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին։ Հակառակ պարագայում ցանկացած զարգացում կարող է դուրս թողնել Աբրահամյանին քաղաքական գործընթացներից։

Հովիկ Աբրահամյանն, անշո՛ւշտ, ինքն է ընտրում իր քայլերի ուղղությունը, և իր իրավունքն է այս կամ այն քաղաքական վարքագիծը դրսևորելը։ Մեզ համար նրա վարքագծի մոտիվացիան հասկանալը և գնահատելը զուտ մասնագիտական հետաքրքրություն են ներկայացնում, ոչ ավելին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը