Լրահոս

23.09.2009 09:23


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը' ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին' նախարար Նալբանդյանը նշեց, որ Եվրոպական միության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են եւ Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ԵՄ հետ: Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկվեցին ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին: Գունար Վիգանդը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց այսօր Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի արդյունքները:

Կողմերը քննարկեցին մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Գունար Վիգանդը տեղեկացրեց, որ որոշում է ընդունվել ս.թ. նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում' հույս հայտնելով, որ այդ նախագիծը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

 

Այս խորագրի վերջին նյութերը