Լրահոս

14.11.2014 12:17


100% համամասնականը չընդունելը որևէ կերպ չի հակասում Սահմանադրությունը փոխելու ՀՅԴ–ի հետևողական ջանքերին

100% համամասնականը չընդունելը որևէ կերպ չի հակասում Սահմանադրությունը փոխելու ՀՅԴ–ի հետևողական ջանքերին

ՀՅԴ–ն գնալով ավելի է համոզվում, որ շատ հանգիստ կարելի էր ներքաղաքական պայքարն ու սահմանադրական փոփոխությունների գործընթացն «իրար չխառնել», քանի որ դրանք ուղղակիորեն իրար չեն խաչաձևվում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«7օր»–ի հարցին՝ ՀՀԿ–ն դեմ է արտահայտվում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանն ու 100% համամասնական ընտրակարգին անցնելու ոչիշխանական ուժերի առաջարկին. անգամ այսքանից հետո ՀՅԴ–ն շարունակո՞ւմ է աջակցել նույն այդ իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին, Ա. Վարդանյանը պատասխանել է.

–100% համամասնական ընտրակարգին անցնելու և «Ընտրական օրենսգրքին» անցնելու խնդիրը մշտապես եղել է ՀՅԴ–ի գերակա ուղղություններից մեկը։ Բայց ամեն անգամ ՀՀԿ մեծամասնությունը դեմ է գնացել մեր առաջարկած օրենսդրական փոփոխություններին։ Ակնհայտ է, որ այսօր ևս ՀՀԿ–ի կողմից չկա քայլ։ Կհորդորեի ՀՀԿ մեծամասնությանը շատ խիստ, շատ թունդ դեմ չլինել 100% համամասնական ընտրակարգին, որովհետև մի օր իրենք էլ են միասնականորեն ասելու, որ դա լավ բան է։ Բայց սա որևէ կերպ չի հակասում Սահմանադրությունը բարեփոխելու մեր հետևողական ջանքերին։

Ա. Վարդանյանը հավելել է, որ շատերը ՀՅԴ–ին մեղադրում են իր այս քայլով իշխանությանն աջակցելու համար, բայց, նրա պնդմամբ, շատ ավելի վատ կլիներ, եթե ՀՅԴ–ն դավաճաներ իր սկզբունքներին։

–Մենք մնում ենք 100% համամասնական ընտրակարգի հետևողական կողմնակիցը։ Բայց այս երկու գործընթացները շատ հանգիստ կարելի է զուգահեռ տանել, և դա կլիներ մեր այսօրվա իրավիճակի լավագույն լուծումը,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը