Լրահոս

18.11.2014 14:04


Սթափության կոչ իրավասու պետական մարմիններին

Սթափության կոչ իրավասու պետական մարմիններին

Դեռևս սեպտեմբերի 5-ին «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրվող անորակ դեղերի վրա միջոցների վատնումը, առավել ևս՝ դրանք բնակչությանը բաշխելը բացառելու ուղղությամբ:

Սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել ոչ կառավարությունից և ոչ էլ առողջապահության նախարարությունից, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ հիմք է տալիս մտածելու, որ իրավասու պետական մարմիններին չի հետաքրքրում բնակչության առողջությունը: Միգուցե խնդիրն այն է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, հասկանալի պատճառներով, չեն կարողանում հավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչն էլ զրկում է համապատասխան պաշտոնատար անձանց, դա օգտագործելով, սեփական փիառն անելու հնարավորությունից: Սա անընդունելի վերաբերմունք է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, նրանց իրավունքների նկատմամբ:

Դեռ ավելին, հասարակական կազմակերպությունը այս ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ որոշ հոգեբուժական հաստատություններ մեծ ջանասիրությամբ աշխատում են աղբամանը նետելու ենթակա դեղերի իրացման ուղղությամբ, որպեսզի արդարացվի միլիոնավոր դրամների հերթական մսխումը. հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հրաժարվում են ստանալ դրանք, սակայն թե ինչ ճակատագրի են դրանք արժանանում, դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Այստեղ արդեն մեծ է իրավապահ մարմինների դերը, որոնք հենց բացառապես իրավասու են ուսումնասիրելու և պարզելու պետական բյուջեի միջոցների և դրանց միջոցով դեղորայքի ձեռքբերման և բաշխման գործընթացում:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը