Լրահոս

23.09.2009 16:24


ԳԱԱ–ն փակ դռների հետևում քննարկել է հայ–թուրքական հարաբերությունները

ԳԱԱ–ն փակ դռների հետևում քննարկել է հայ–թուրքական հարաբերությունները

Քիչ առաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի օրակարգում հայ-թուրքական հարաբերություններն են։ Ժողովին ներկա է եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այդ քննարկմանը, սակայն, լրագրողներին չի թույլատրվել ներկա գտնվել։ Մինչ ընդհանուր ժողովի սկսվելը ՀՀ ԱԳ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը հեռուստաընկերություններից մեկի օպերատորի հետ, ինչպես նրանք են արտահայտվել, ծպտյալ լրագրողների փնտրտուքով է զբաղված եղել, և բոլորին, այդ թվում՝ «7օր»-ի թղթակցին, տեղեկացրել են, որ քննարկումը փակ է, և լրագրողները պետք է դուրս գան։ Թույլատրվել է միայն լսել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքը.

-Հիմնականում դրական վերաբերմունք կա այդ փաստաթղթերի նկատմամբ. մեր հանրությունը շահագրգռված է, որ, իրոք, նորմալացվեն հարաբերությունները մեր հարևանների հետ, սակայն կան և մտահոգություններ, որոնք կապված են մեր ազգային կաևոր խնդիրների լուծման հետ, թե ինչքանո՞վ են այդ փաստաթղթերը նպաստում, կամ կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ այդ պրոբլեմների լուծմանը,- նշել է Ռ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ 18 տարիների ընթացքում ՀՀ բոլոր նախագահները խոսել են հարաբերությունների բարելավման և երկրի զարգացման համար շրջափակման մասնակի կամ ամբողջական վերացման մասին, սակայն միայն «վերջին 1-2 տարիների ընթացքում հանրապետության նոր ղեկավարության դինամիկ և ակտիվ արտաքին քաղաքականության շնորհիվ այդ պրոբլեմի մեջ կան տեղաշարժեր»։

Ռ. Մարտիրոսյանն այնուհետև լրագրողներին հրավիրել է դուրս, և ակադեմիայի թղթակից անդամները, պատմաբանները հայ-թուրքական հարաբերությունները քննարկել են փակ դռների հետևում։ Եվ սա այն դեպքում, երբ պետական մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ պետք է տեղի ունենան բաց քննարկումներ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը