Լրահոս

23.09.2009 18:48


«Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, հավատարիմ մնալով իր նախընտրական խոստումներին և ծրագրերին, հետևողականորեն իրականացնում է նախաձեռնողական, պրագմատիկ արտաքին քաղաքականություն: ՀՀ Նախագահի գործադրած ջանքերի և դիվանագիտական հմտությունների շնորհիվ մեր պետությունը ոչ միայն զերծ մնաց տարածաշրջանում առաջացած նոր կոնֆլիկտներից և բախումներից' չներքաշվելով նրանց մեջ, այլև տարածաշրջանում սկսեց խաղալ անհամեմատ ավելի մեծ դեր, քան երբևէ: Հանդես գալով որպես ինքնուրույն սուբյեկտ և ինքնիշխան պետություն, որը հետևողականորեն պաշտպանում է իր ազգային ու պետական շահերը, համադրելով դրանք տարածաշրջանում բաժանարար գծերի վերացման, խաղաղ ճանապարհով կոնֆլիկտների լուծման, ուժի չկիրառման սկզբունքների հետ, Հայաստանի Հանրապետությունն այսօր միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես հուսալի, կայուն և կանխատեսելի գործընկեր:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև համոզված լինելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի գործադրած քայլերը բխում են բացառապես Հայաստանի ազգային և պետական շահերից, «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ողջունում և պաշտպանում է ՀՀ Նախագահի կողմից վարվող արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը և, մասնավորապես, Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական ու միջպետական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը, այդ թվում' օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրությունները:

Վստահ և համոզված լինելով, որ սույն արձանագրությունները նոր պատուհան են բացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն սատարում է ՀՀ Նախագահի կողմից այս ուղղությամբ, ձեռնարկվելիք, ինչպես նաև մինչ այժմ ձեռնարկված բոլոր քայլերը:

Մեր կողմից հայտնում ենք, որ «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն պատրաստ է ներդնելու իր ողջ ներուժն ու եռանդը' նպաստելու համար առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այս խորագրի վերջին նյութերը