Լրահոս

25.09.2009 09:16


Սերժ Սարգսյանն հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Սեպտեմբերի 24-ին Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Նախագահն ու Վեհափառը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ  գործընթացը թեւակոխել է մի շատ կարեւոր' հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նշել է, որ գնալով ընդլայնվող քննարկումներն ինքնին  շատ օգտակար են, քանի որ,  անկախ այն բանից' հրապարակված արձանագրությունները կստորագրվեն թե' ոչ, կվավերացվեն, թե' ոչ, քննարկումները լավ հարթակ են' խոսելու մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին: «Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ եւ տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի' նաեւ պապենական տների մնացորդները: Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»,-ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու  Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ' լսելու տեղի եւ համեմատաբար մոտ գնտվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Գարեգին Երկրորդը ողջունել է Նախագահի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը: «Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում է են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին եւ մտահոգություններին»,- ասել է Վեհափառը:

Կաթողիկոսը հայտնել է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ:

«Մեծարգո Նախագահ, մաղթում ենք Ձեզ հաջողություններ: Աստծո օրհնությունն ու  օգնականությունը Ձեզ այս կարեւոր ճամփին»,-ասել է Վեհափառը:

Այս խորագրի վերջին նյութերը