Հարցազրույց

01.12.2014 15:13


Արմեն Ասլյան. «Փաշինյանը տգետ չէ, բայց, այնուամենայնիվ, նա գնաց այդ քայլին»

Արմեն Ասլյան. «Փաշինյանը տգետ չէ, բայց, այնուամենայնիվ, նա գնաց այդ քայլին»

Հարցազրույց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Ասլյանի հետ

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտ» օպերացիային ոչ իշխանական ուժերի, մասնավորապես՝ ԲՀԿի չմիանալու վերաբերյալ շահարկումները։

-Իհա՛րկե, այսօր երկրում առկա է ամբողջական իշխանափոխության մթնոլորտ, որի մասին բազմիցս «եռյակը» հայտարարել է, և, այո՛, խոսքը նաև իմպիչմենտի վերջնական դրական արդյունքի մասին է։ Փաշինյանի նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության, ինչը պարզ մաթեմատիկական հաշվարկ է, իսկ ծանրակշիռ քաղաքական գործիչները չեն կարող գիտակցաբար գնալ ձախողման։ Փաշինյանը տգետ չէ, բայց, այնուամենայնիվ, նա գնաց այդ քայլին, իսկ թե ինչու, առավել քան ակնհայտ է։ Նրա այս նախաձեռնությունից անգամ ինքը չի շահում այնքան, որքան կշահի ռեժիմը։

«Եռյակի» նախաձեռնած համաժողովրդական շարժումն ունի իր հստակ ճանապարհային քարտեզը և ռազմավարությունը, որը և իրականացվում է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմը սլաքներ ուղղելու քաղաքականությանը, ապա այդ ծեծված հեքիաթներն էլ իրենց բացատրությունն ունեն և հանրության համար վաղուց ակներև են։ ԲՀԿ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը իշխանության վարած քաղաքականության և երկրի ապագան վտանգելու վերաբերյալ ու «եռյակի» անդամ ուժերի հետ նախաձեռնել համազգային շարժում, որը և կհանգեցնի ամբողջական իշխանափոխության։

-Արդյոք տարօրինակ չէ՞ Հանրապետականի պահվածքը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնության և դրա հեղինակի հարցում։ ՀՀԿ-ականները խոսում են նույն բառապաշարով, ինչ Փաշինյանը։ Ինչպե՞ս դա հասկանալ։

-ՀՀԿ-ում էլ խելացի մարդիկ կան և պարզ հասկանում են, որ առանց իրենց կոճակների՝ նախաձեռնությունը տապալվելու է, ավելին՝ այսօր իրենք էլ, որպես մեծամասնություն, 88 ձայն չեն կարող ապահովել։ Իսկ Փաշինյանի նախաձեռնության և իրենց ենթակայության տակ աշխատող ԶԼՄ-ի համադրության արդյունքը կլինի ՀՀԿ-ի ջրաղացին ճիշտ պահին լցված ջուրը, որը և այս պահին օդի պես անհրաժեշտ էր։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա ընդդիմությանը հարվածելու իշխանության հերթական չհաջողված կրակոցն էր։

-Միանշանակ, այս քաղաքական խարդավանքը, որի հեղինակն իրեն ընդդիմադիր է համարում, վերջիվերջո, իշխանության դիրքերը ամրացնող, ոչ թե խարխլող էր։
Իսկ ընդդիմությանը սա ամենևին հարված չէր, քանզի «եռյակի» դիրքերն ավելի քան ամուր են, իսկ ծրագրային առումով այս փոքրիկ քաղաքական ինտրիգը չէր էլ կարող խանգարել կշռադատված և սառը հաշվարկով իրականացվող ռազմավարությանը։ «Եռյակը» մինչ այս առիթներ ունեցել է հանրությանն ապացուցելու իր վճռականությունը ամբողջական իշխանափոխությանը հասնելու հարցում, որը և բոլորս միասին շուտով տոնելու ենք։

Հարցազրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը