Լրահոս

25.09.2009 16:18


Կառավարության պատասխանը «Ժառանգությանը»

«Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը սեպտեմբերի 24-ին գրավոր պատասխաններ են ստացել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից (ԱԱԽ), ՀՀ Սահմանադրական դատարանից (ՍԴ) եւ ՀՀ Կառավարությունից: Հիշեցնենք, որ ի կատարումն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ հռչակված 10 քայլերի, կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը վաղօրոք գրավոր դիմել էին վերոնշյալ պետական կառավարման մարմիններին: Ի պատասխան խնդրո առնչությամբ  Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու «Ժառանգության» սեպտեմբերի 12-ի պաշտոնական առաջարկի' սեպտեմբերի 23-ով թվագրված ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նամակում տեղեկացվում է. «Հայ-թուրքական հարաբերությունններին վերաբերող հարցերը քննարկվել են ս/թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի' 52 կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հարցը առաջիկայում նախատեսվում է քննարկել նաեւ Հանրային խորհրդում, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովում ս/թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական լսումների ընթացքում: Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդում հարցը քննարկելու Ձեր առաջարկին, ապա այն արդեն իսկ քննարկվել է Խորհրդի' ս/թ. հուլիսի 21-ի նիստում: Առաջիկայում ևս Ազգային անվտանգության խորհուրդը կանդրադառնա հարցի քննարկմանը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԱԽ քարտուղար պարոն Բաղդասարյանի պատասխանի առնչությամբ հայտնեց. ««Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է պետական կարեւորության հարցը պետական մարմնում առաջիկայում վերստին քննարկելու պատրաստակամությունը եւ միաժամանակ հույս հայտնում, որ ԱԱԽ-ի այդ նիստին կհրավիրվեն ոչ միայն  Խորհրդի անդամները, այլև շահագրգիռ քաղաքական ուժերն ու շրջանակները, այդ թվում' հայկական Սփյուռքից: Բայց չեմ կարող հիասթափություն չհայտնել այն կապակցությամբ, որ մեր մեկ այլ առաջարկի կապակցությամբ ՀՀ Կառավարությունը, ըստ էության, պետական կյանքի այնպիսի կարեւորագույն հարցի վերաբերյալ, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու նախաստորագրված արձանագրություններն են, խուսափում է օգտվել անգամ խորհրդատվական բնույթի հանրաքվե կազմակերպելու իր իրավասությունից»: Դեռեւս սեպտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմել էին ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված պատասախանատվության ու իրավունքի շրջանակներում նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլիներ երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով: Ի պատասխան «Ժառանգության» այս առաջարկի' ՀՀ Կառավարության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր սեպտեմբերի 24-ով թվագրված նամակում մասնավորապես հայտնել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ իրականացվում են քննարկումներ, քաղաքական կոնսուլտացիաներ, վաղաժամ ենք համարում նման հարցադրում առաջադրելը: Համոզված ենք, որ քննարկումների ընթացքում հանրությանը մտահոգող շատ հարցերի պատասխանները կտրվեն եւ քննարկումների արդյունքում կորոշվի հարցի հետագա ընթացքը»: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ «այսպիսի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցելու է գալիս, որ վերջին տասնամյակների մեր կառավարություններին արգելված է մտնել արտաքին քաղաքականության դաշտ, կատարել անգամ այնպիսի քայլեր, որոնք վերաբերում են ոչ թե արտաքին քաղաքականության մշակմանը, իրականացմանը կամ ընդհանուր ղեկավարմանը, ինչը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված է Նախագահին, այլ պարզապես այդ քաղաքականության մասին հանրության կարծիքը պարզելուն: Մեր ցանկությունն է, որ այդ հանրաքվեն անցկացվի մինչեւ նախաստորագրված արձանագրությունների վերջնական ստորագրումը: Եւ եթե Կառավարությունը այդ ժամկետում հանրաքվե կազմակերպելը վաղաժամ է գտնում, սակայն տեսականորեն հնարավոր համարում ստորագրումից հետո, ապա դա մեծագույն վտանգ է հասարակությանը կատարված փաստի առաջ կանգնեցնելու, նախագահից պատասխանատվությունը ԱԺ-ի ու հասարակության վրա գցելու, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի հիմքերը անշրջելիորեն սխալ դնելու առումներով: Այսպիսի պատասխանը դրա անուղղակի հավաստիացումն է»:

Սեպտեմբերի 23-ին «Ժառանգության» պատգամավորները նաեւ դիմել էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին' խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում' պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին□: Պատգամավորներն իրենց նամակում կանխավ նշել էին, որ իրենք միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավարությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՍԴ-ից գործի քննություն պահանջելու կամ հայց ներկայացնելու սուբյեկտ չեն: Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ Օրենքի 5 եւ 7 հոդվածներով պատգամավորը իրավունք ունի հարցի քննարկում պահանջել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից, մասնակցել դրան, իսկ վերջիններս էլ պարտավոր են 3 օր առաջ տեղեկացնել հարցի քննարկման մասին: Իր սեպտեմբերի 24-ով թվագրված պատասխանում ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյանը հաստատել է, որ «Ժառանգության» պատգամավորները ՍԴ դիմող սուբյեկտների ցանկում նշված չեն եւ հավելել. ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն (մասնավորապես օրենքի 14 հոդված) Սահմանադրական դատարանն ու նրա անդամները չեն կարող քննարկման առարկա դարձնել եւ կարծիք արտահայտել սահմանադրական դատարանում քննարկվելիք գործի վերաբերյալ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՍԴ պատասխանի կապակցությամբ նշեց. «Սա միակ պարբերությունն է, որի հետ կարող եմ համաձայնել: Մենք ինքներս ենք նշել, որ ՍԴ դիմող սուբյեկտ չենք եւ կարիքը չկար այն վերահաստատելու: Կրկնում եմ' մենք չենք դիմել կամ հայց չենք ներկայացրել, որ ՍԴ-ն գործ քննի ու որոշում արձակի: Մենք դիմել ենք հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով, որը գործող օրենքի պահանջ է եւ այդ քննարկման արդյունքում ՍԴ պաշտոնական գնահատական կամ դիրքորոշում չի արտահայտվում: Առավել անհասկանլի է ՍԴ պատասխանի վերջին պարբերությունը, որտեղ իրենք չեն ընդունում, որ պետական կառավարման մարմին են, պաշտոնատար անձ են, որոնց եւս կարող են դիմել ԱԺ պատգամավորները»: Ի դեպ' ՍԴ պաշտոնական գրության այդ հատվածում մասնավորապես նշվում է. «Ձեր կողմից նշված պաշտոնական գրությունները վերաբերում են պետական կառավարման, ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց, բայց ոչ դատարաններին, որոնք հարցերը քննում են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դիմումների հիման վրա□: Մեջբերվածի կապակցությամբ Սաֆարյանը նշում է. «Համարում ենք, որ ՍԴ-ը պետական կառավարման մարմիններից է, ՍԴ նախագահն ու անդամները' պաշտոնատար անձինք, որոնց մենք կարող ենք դիմել իբրեւ պատգամավոր' հարցի քննարկման առաջարկով կամ պահանջով»:

Ի նկատի ունենալով, որ իր երկու առաջարկները ընդունվել եւ բավարարվել են (հոկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներ եւ Ազգային անվտանգության նիստի հրավիրում առաջիկայում), «Ժառանգությունը» մերժված 2 առաջարկների համար դիմելու է ՀՀ նախագահին, ով ՍԴ դիմելու սուբյեկտ է և նույնպես կարող է նախաձեռնել հանրաքվե, քանի որ բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է հասարակական կարծիքի վեր հանմամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը