Հարցազրույց

02.12.2014 13:24


Տիգրան Ուրիխանյան. «Գագիկ Ծառուկյանը 24–ժամյա ռեժիմով համակարգում է քաղաքական խորհրդի աշխատանքները»

Տիգրան Ուրիխանյան. «Գագիկ Ծառուկյանը 24–ժամյա ռեժիմով համակարգում է քաղաքական խորհրդի աշխատանքները»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–ՀՀԿ–ն չընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստը։

Ճիշտ այնպես, ինչպես միշտ։ Այն իշխանությունը, որը ջանք ու եռանդ չի խնայում ժողովրդի հետ ոչիշխանական ուժերի միջոցով, իբր, բանակցություններ իրականացնելու համար, գործնականո՛ւմ ցույց է տալիս իր անելիքը։ Եվ սա նորություն չէ։ Դրա համար միշտ ասում ենք՝ մեր կուրսից որևէ կերպ շեղում իրականացնել չի հաջողվելու։ Որևէ հարցադրում, կողքից որևէ առաջարկ, գործունեության կամ գործողության ավելի ինտենսիվ կամ ավելի նվազ լինելու հրահրում, այլ առաջարկներ, դիտարկումներ, ո՛րևէ բան այլևս դարձել է երկրորդական՝ համեմատ այն գործողությունների ծրագրի, որը ոչիշխանական ուժերն իրենց համար ուրվագծել են, այդ թվում՝ տվյալ հարցի վերաբերյալ։

–«Ընտրական օրենսգրքի» փոփոխության հետ կապված արտահերթ նիստ էր ծրագրվում հրավիրել։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

–Երեկ մենք ունեցել ենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխության նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբի նիստ. ընդ որում, դրան մասնակցել են, առանց բացառության, ոչիշխանական բոլո՛ր ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի ներկայացուցիչները։ Խոսքը վերաբերում է 100% համամասնական ընտրակարգին և ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը, գումարած մի քանի այլ նախագծեր։ Այսինքն, մենք մեր գործողությունները շարունակում ենք և արտահերթ նիստ ենք հրավիրելու՝ հարցը պարտադրելով դնել քննարկման։ Կլինեն նաև այլ գործողություններ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ աշխատանք, և այլն։ Գնդակն ինչպես փոխանցվել է, այնպես էլ մնում է իշխանությունների խաղադաշտում։ Նորից եմ ուզում առանցքային ձևակերպումս կրկնել՝ սա այն իշխանությունն է, որը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի, իբր, բանակցություններ իրականացնի ժողովրդի հետ ոչիշխանական ուժերի միջոցով, բայց գործողություններում մնում է նույնը։ Այսինքն, մեզ որևէ բանի ապավինել ո՛չ արժե, ո՛չ կարելի է շեղվել ինչ–որ այլ հույսերով։

–«Ընտրական օրենսգիրքը» փոխելը «եռյակի» կողմից ներկայացվում էր որպես լակմուսի թուղթ, որով իշխանությունը կարող էր ապացուցել իր և հատկապես Սերժ Սարգսյանի խոսքերի ազնվությունը, որ 12 կետերն իրո՛ք պատրաստ են կատարել։

–Անկեղծ ասած, ես երբևէ չեմ անդրադարձել դրան, երբևէ չեմ մտածել, որ էական է քննարկելը՝ անկե՞ղծ են իրենք, թե՞ անկեղծ չեն, որովհետև մենք ունենք ՀՀ–ում առկա ճգնաժամային մակարդակի իրավիճակ, և բոլոր անելիքներն իրենք պետք է ուղղեին իրենց իսկ առջև կանգնած խնդիրների լուծմանը։ Ո՞ւմ ինչ կա ապացուցելու։ Որևէ մեկին որևէ բան չկա ապացուցելու։ 1մլն աղքատ մարդ կա. նրա՛նց կա ապացուցելու բան՝ նրանց իսկ կյանքում փոփոխություն իրականացնելով, հաց ու ջուր, դեղ տալով, նվազագույն կենսակերպի համար պայմաններ ստեղծելով։ Ես անձամբ ինձ համար երբևէ խնդիր չեմ դրել բացահայտելու՝ իսկապե՞ս ինչ–որ մի պահի իշխանությունն անկեղծություն է ուզում դրսևորել, թե ոչ, որովհետև չունեմ այն աստիճանի միամտություն, որպեսզի ապավինեմ, որ մեր երկրի կառավարումը ստանձնած մենաշնորհային իշխանությունը, պարտադրված չլինելով, երբևէ ինքնակամ կգնա այս աստիճանի բարեփոխումների։

–Անդրադառնանք համաժողովրդական շարժման աշխատանքներին։ Հանրապետության ողջ տարածքում շտաբներ բացելու աշխատանքներն ամփոփելու երկշաբաթյա ժամկետն ավարտվել է, բայց հրապարակային դրանց ամփոփումը չեղավ։ Ինչո՞ւ։

–ԲՀԿ քաղաքական խորհրդի համապատասխան որոշման մեջ, որը բաղկացած էր 10 կետից, խոսվում էր՝ այդ որոշման շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին պետք է զեկուցվի ԲՀԿ առաջնորդին և քաղխորհդրին։ Այդ աշխատանքային պրոցեսն անընդմեջ է։ Այնքան էլ չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը 24–ժամյա ռեժիմով ղեկավարում, համակարգում է քաղաքական խորհրդի աշխատանքները և, առանձին վերցրած, աշխատանքային խմբերի պատասխանատուների աշխատանքները։ Հետևաբար, զեկուցելու համար ինչ–որ առանձին, հատուկ «օպերացիա» իրականացնելու անհրաժեշտություն չկա։ Ասեմ, որ շտաբային աշխատանքներն արդեն հասել են այն մակարդակի, որ, օրինակ, հիմա իմ սեղանին դրված է 63 գրասենյակի ցուցակ՝ այն պատասխանատու պատգամավորների անուններով, որոնք պետք է տվյալ շտաբում հանդիպումներ ունենան քաղաքացիների հետ։ Եվ այս 63–ը վերջնական թիվը չէ։

–Շտաբային աշխատանքները ե՞րբ ամբողջական տեսք կստանան։

–Ժամանակային կտրվածքով չէ, որ պետք է այդ հարցի պատասխանը տամ։ Բովանդակությունը հետևյալն է՝ այն պահին, երբ ՀՀ դժգոհ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունն առնվազն կապահովի գոնե իր ներկայությունը համաժողովրդական շարժման գործընթացին, եթե ոչ մասնակցությունը։ Դա՛ է վերջնակետը կամ, ավելի ճիշտ, վերջին փուլի ելակետը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը