Մեկնաբանություն

04.12.2014 14:11


Դիրքային պայքարի առանձնահատկությունները

Դիրքային պայքարի առանձնահատկությունները

Քաղաքական դաշտում դիրքային պայքարի փուլ է։ Այդ պայքարի առանձնահատկությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ուժեղանալու հնարավորություն չունի, քանզի ժամանակն աշխատում է իր դեմ։ Իսկ ահա համաժողովրդական նոր շարժումը հզորանալու և զանգվածային դառնալու հսկայական պոտենցիալ ունի, և շտաբային աշխատանքները միտված են պոտենցիալ էներգիան կինետիկի վերածելուն։

Սերժ Սարգսյանը չի կարող ուժեղանալ մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ երկրում առկա սոցիալ–տնտեսական վիճակն է վատանում, և կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունները չունեն բավարար կարողություններ վիճակը շտկելու համար։ Խորանում է դժգոհությունը ինչպես հանրության լայն շրջանակների, բիզնես դասի, այնպես էլ իշխանական բուրգի տարբեր հատվածները ներկայացնողների մոտ։

Բացի այդ, ՀՀԿ ղեկավարը տառապում է «կաղ բադի» սինդրոմով և չունենալով քաղաքական ժառանգորդ՝ ստիպված է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու ծրագիրն առաջ քաշել։ Բայց այստեղ էլ կան լրջագույն խնդիրներ, քանզի հենց ինքն է խոստովանել, որ առանց հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ չի կարող գնալ այդ փոփոխություններին։ Իսկ քաղաքական լայն կոնսոլիդացիայի տակ Սարգսյանը հասկանում է նախ և առաջ ԲՀԿ–ին ներգրավելը, ինչն անհնար է։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը բազմիցս է հնչեցրել այն տեսակետը, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, և ամեն ինչ անելու է դրանք թույլ չտալու համար։

Ահա այս հանգամանքն է, որ ծանր դրության մեջ է դրել Սերժ Սարգսյանին։ Եթե նա չհայտարարի, որ գնում է սահմանադրական փոփոխությունների, ապա չի կարող տիրապետել իշխանական բուրգին։ Իսկ եթե նա որոշի «վա բանկ» գնալ ու սահմանադրական հանրաքվեի օր նշանակել, ապա դրանով իսկ կստորագրի սեփական հրաժարականի տակ, քանի որ ընդդիմությունն այդ օրը կհռչակի Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի օր և շատ հանգիստ կկարողանա հասարակական–քաղաքական լայն մոբիլիզացիա ապահովել հենց այդ կոդի շուրջ։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ եթե Սերժ Սարգսյանը սթափ գնահատի իրավիճակն ու որոշի չգնալ սահմանադրական արկածախնդրության, ապա կարող է սահուն իշխանափոխության մասնակիցը դառնալ՝ անձնական երաշխիքներ ստանալով շարժման լիդերներից։ Որպես փոխզիջում կարող են այդ դեպքում դիտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջիկա ամիսներին։

Հակառակ պարագայում կլինեն ցնցումներ, և Սերժ Սարգսյանը բաց կթողնի հնարավորությունների պատուհանից օգտվելու շանսը։

Սահմանադրական փոփոխությունների գաղափարից չհրաժարվելն ու հանրաքվեի օր նշանակելը դետոնատորի ֆունկցիա կարող են կատարել և Սարգսյանի դեմ միավորել անգամ այնպիսի ուժերի և հանրային այնպիսի շրջանակների, որոնք այսօր դիտորդի կարգավիճակով են հետևում համաժողովրդական նոր շարժման գործունեությանը։

Ամփոփելով՝ նկատենք, որ Սերժ Սարգսյանն առայժմ հնարավորություն ունի մասնակից դառնալ անցնցում իշխանափոխության սցենարի իրագործմանը։ Մյուս տարբերակի դեպքում նա ընդամենը քաղաքական գործընթացների օբյեկտ է դառնալու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը