Լրահոս

08.12.2014 15:36


Անդրեա Մոնտալբանո. «Վստահ եմ, որ աղջիկները նույնպես կարող են խաղալ ֆուտբոլ»

Անդրեա Մոնտալբանո. «Վստահ եմ, որ աղջիկները նույնպես կարող են խաղալ ֆուտբոլ»
Անդրեա Մոնտալբանո. «Վստահ եմ, որ աղջիկները նույնպես կարող են խաղալ ֆուտբոլ»

Կանանց ֆուտբոլի ամերիկացի հայտնի մարզիչ, նախկին ֆուտբոլիստուհի, իսկ այժմ՝ գրող և հրապարակախոս Անդրեա Մոնտալբանոն այս օրերին Հայաստանում է: Նա հանդիպումներ ունեցավ ինչպես 10-14 տարեկան աղջիկների խմբերի, այնպես էլ Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի ֆուտբոլիստուհիների հետ՝ անցկացնելով սեմինարներ և մարզումներ: ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Անդրեա Մոնտալբանոյի հետ:

- Մի փոքր պատմեք Ձեր կարիերայի մասին:

- Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ Ֆլորիդայում, այնուհետև խաղացել եմ մեր շրջանի մինչև 16 տարեկանների թիմում, 4 տարի խաղացել եմ մեր քոլեջի թիմում: Դրանից հետո ավարտեցի խաղային կարիերաս, որովհետև այն ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի հնարավորություններ չկային: Այդ պատճառով ես ավարտեցի կարիերաս 22 տարեկանում և սկսեցի զբաղվել մարզչական գործով, իսկ այնուհետև՝ նաև լրագրությամբ:

- Ո՞րն է Հայաստան այցելության Ձեր հիմնական նպատակը:

- Սա իմ առաջին միջազգային ուղևորությունն է: Սովորաբար ես ճանապարհորդում եմ ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ խոսելով այն գրքերի մասին, որ ես գրել եմ: Սա շատ հետաքրքիր հրավեր էր ինձ համար: Իմ հիմնական ասելիքն այն է, որ ես հավատում եմ, որ աղջիկները պետք է նույնպես խաղան ֆուտբոլ: Դա լավ է նրանց համար ֆիզիկական և մտավոր առումներով, նրանք դառնում են ավելի ինքնավստահ:

- Կանանց ֆուտբոլը կարո՞ղ է զարգանալ Հայաստանի նման երկրներում: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:

- Ինձ թվում է՝ շատ կարևոր է սիրել ֆուտբոլը: Այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Շատ կարևոր է համոզել ծնողներին, որ ֆուտբոլը աղջիկներին չի դարձնում տղա, հասկացնել, որ ֆուտբոլ խաղալը միայն դրական ազդեցություն կունենա իրենց աղջիկների վրա ՝ օգնելով նրանց ավելի հեշտ շփվել իրենց տարիքի այլ աջիկների հետ:

- Հայաստանում Դուք անցկացրեցիք մարզումներ տարբեր տարիքային խմբերի աղջիկների հետ: Դուք տեսա՞ք տաղանդավոր աղջիկներ, որոնց կարող եք համեմատել նույն տարիքի աղջիկների հետ ԱՄՆ-ում:

- Ես կարծում եմ, որ նրանք պետք է աշխատեն հիմնական հմտությունների վրա: Նրանք կարող են անել դա նաև տանը, կամ նայել ինտերնետում: Կան շատ պարզ վարժություններ, որոնք կարող են օգնել կատարելագործել նրանց վարպետությունը: Շատ կարևոր է բարելավել նրանց ֆիզիկական վիճակը, որպեսզի աղջիկները շատ շուտ չհոգնեն: Ես տեսա բազմաթիվ նվիրված երեխաների և կարող եմ ասել, որ բոլոր երեխաներն էլ ունեն պոտենցիալ: Կան բաներ, որոնք կարող ես սովորեցնել երեխաներին և որոնք չես կարող սովորեցնել: Նկատի ունեմ, որ երեխաները պետք է իրենց մեջ ունենան կրակ և մեծ ցանկություն խաղալու, մրցելու և հաղթելու: Եթե դրա հետ մեկտեղ նրանք կարողանան, ինչպես արդեն նշեցի, բարելավել իրենց վարպետությունը և ֆիզիկական վիճակը, նրանք կկարողանան հասնել լավ արդյունքների:

- Դուք նաև լրագրող եք: Ավելի հե՞շտ է գրել ֆուտբոլի մասին, եթե ինքդ խաղացել ես ֆուտբոլ:

- Կարծում եմ՝ այո: Կա հին ասացվածք գրողների վերաբերյալ. «Գրիր այն մասին, ինչ գիտես»: Այս առումով շատ լավ է, երբ դու գիտես ֆուտբոլը ներսից: Ֆուտբոլի մասին գրելը շատ հեշտ և հետաքրքիր է ինձ համար:

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

- Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ տեսա այստեղ: Ես շատ հուզված էի, քանի որ երեխաները տալիս էին շատ հարցեր: Ես տեսա, որ նրանք շատ հետաքրքրված են այն ամենով, ինչ ես նրանց պատմում էի, և ցանկություն ունեին էլ ավելի շատ սովորելու: Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական ասելիքն այն է, որ աղջիկները նույնպես կարող են ֆուտբոլ խաղալ:

Այս խորագրի վերջին նյութերը