Լրահոս

26.09.2009 15:54


Ինչպիսի՞ն է հայ–թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին հասարակության կարծիքը

Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Թուրքիան օգոստոսի 31-ին նախաստորագրեցին երկու արձանագրություններ՝ «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։  Դրանք տորագրելու համար ներքին քաղաքական խորհրդակցությունների և հասարակական քննարկումների համար  տրված էր վեցշաբաթյա ժամկետ, և արդեն մոտ 1 ամիս անցել է։ Ինչպիսի՞ն է այս ողջ գործընթացի մասին հասարակության կարծիքը։ «7օր»-ը հարցումներ է անցկացրել Երևանի փողոցներում։ Հարցմանը մասնակցող երիտասարդներից շատերը չէին հետաքրքրվում այս գործընթացով։

-Ես արձանագրությունից տեղյակ էլ չեմ, բացի այդ, ինձ չի էլ հետաքրքրում՝ ինչ ուզում են, անեն, Թուրքիան էլ, Հայաստանն էլ ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինեն,-ասել է 21-ամյա մի երիտասարդ։

Մեզ հանդիպած 22-ամյա մի ուսանող էլ նշել է, որ շատ վատ է վերաբերվում արձանագրություններին։

-Դեմ եմ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, Ղարաբաղի հարցն են կարծես ուզում խառնել այս ամենին։ Անվտանգության գոտին կհանձնեն, ու դա շատ վատ կլինի,-հավելել է նա։

Ի տարբերություն երիտասարդների՝ շատ ռադիկալ և արմատական էին տրամադրված տարեցները։ 64-ամյա մի պապիկ ասել է, թե չէր ցանկանա, որ սահմանը բացվի։

-Նրանց նացիոնալիստները հայերի հետ ամեն ինչ կանեն, հնարավոր է և տեռոր։ Նրանց ճանապարհը բաց կլինի, և չենք  զգա՝ ինչ է կատարվում. ես իմ թոռների մասին եմ մտածում, երբ չեմ ուզում՝ թուրքերը լցվեն Հայաստան,-ասել է նա։

54-ամյա մի կին էլ շեշտել է, որ նման նախապայմաններով արձանագրություններն ուղղակի աղետ են մեզ համար։

Ավելի լավատես մի պապիկ հետևյալն է ասել. «Ես հավատում եմ մեր երկրի ղեկավարներին, որ ասում են՝ նախապայման չկա, և առանց նախապայմանի թող սահմանը բացվի։ Իհարկե, կան կասկածներ, բայց մեծ մասամբ վստահում եմ»։

«7օր»-ի հարցումներից անմասն չեն մնացել նաև սփյուռքահայերը։ Մեզ պատահած հայրենակիցներից և ոչ մեկը կողմ չի արտահայտվել այս գործընթացին։

-Առաջին հերթին թող Ցեղասպանությունը ճանաչեն թուրքերը և իմանան, որ շատ մեծ վնասներ են պատճառել ու մինչև հիմա էլ պատճառում են և դրանից հետո նոր թող մտածեն ճանապարհները բացելու մասին,-ասել է 67-ամյա ամերիկահայ մի կին։

27-ամյա սիրիահայ երիտասարդն էլ իր ընդդիմադիր դիրքորոշումը պատճառաբանել է այսպես. «Որովհետև չենք կարող մոռանալ այն 1,5 մլն հայերուն, որ ջարդվեցան։ Իմ անձական կարծիքով ուրախ չեմ. չեմ ուզում այս գործընթացին շարունակությունը»։

Հարցման մասնակիցներից գրեթե բոլորը նշում էին, որ անկախ հասարակական կարծիքից՝ արձանագրությունները կստորագրվեն, բայց դրանից հետո բողոքի մեծ ալիք կբարձրանա։

-Կստորագրվի, բայց բողոքի մեծ ակցիա կլինի, դրա համար ինչ-որ հզոր ուժ է պետք, որպեսզի կարողանա հասարակական զանգվածը ղեկավարել։ Դեռ այդ ուժը չկա, բայց այն հաստատ կծնվի,-նշել է 22-ամյա մի ուսանող։

Իսկ 35-ամյա մի կին էլ ասել է. «Դեմ եմ այս ամենին, և ինձ թվում է՝ սա առաջին զիջումն է լինելու, որին հետևելու են մյուսները։ Ամեն արժեք կկորի, բայց եթե հայերը միավորվեն, ապա ոչ մի բան էլ չի լինի»։

Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ մինչև այսօր հասարակական կարծիքի ոչ մի ուսումնասիրություն չի արվել։ Ճիշտ է՝ այս հարցումները գուցե ամբողջական պատկերացում չեն տալիս հասարակական կարծիքի մասին, բայց կարելի է այս ամենից ինչ–որ եզրահանգումներ անել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը