Քաղաքական

12.12.2014 15:47


Կարծիքներ բռնարարքների վերաբերյալ

Կարծիքներ բռնարարքների վերաբերյալ

ՀՀ ԱԺ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները դատապարտում են վերջին օրերին ազատամարտիկների, իսկ երեկ էլ՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումները։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բռնությունների այս շարքը համարում է «ռեժիմի կողմից իրականացվող բացահայտ ահաբեկչական գործողություն»։

–Իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա։ Փորձում են կոտրել համաժողովրդական շարժման թափը,–վստահ է Լ. Զուրաբյանը։

«7օր»–ի հետ զրույցում տեղի ունեցած հարձակումները դատապարտել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

–Միանշանակ դատապարտելի է՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է բռնություն կիրառվում, առավել ևս՝ այստեղ կարելի է տեսնել նաև քաղաքական շարժառիթներ։ Ի դեպ, Արամ Մանուկյանի հետ Սևծովյան տնտեսական համագործակցության պատվիրակության կազմով Աթենքում էինք, և դեպքի օրն առավոտյան էինք վերադարձել Հայաստան, հետո ցերեկը ես նրան նաև հանդիպել եմ ԱԺ–ի շենքում, և, փաստորեն, դրանից 2–3 ժամ հետո այդ ցավալի դեպքը տեղի է ունեցել,–պատմել է ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Նա նաև չափազանց կարևոր է համարում, որ դատապարտելուց բացի՝ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ այսուհետ բացառվի նմանօրինակ ցանկացած գործողություն.

–Այս հարձակումներն անպայման իրենց արժանի հակահարվածը պետք է ստանան։ Բնականաբար, պետք չէ, որ մեր զգոնությունն ու սառնասրտությունը կորցնենք, և չնախատեսված, չծրագրված քայլերի դիմենք։ Միգուցե նրանք հենց սպասում են, որ ինչ–որ մի այլ քայլ կատարենք, որպեսզի դա օգտագործեն։ Գուցե սադրանք է։ Բայց պետք է համաժողովրդական շարժումն է՛լ ավելի մոբիլիզացվի, զգոն լինի և միշտ պատաստ՝ արժանի հակահարված հասցնելու։ Քաղաքական և հասարակական մթնոլորտը պետք է հստակ արձագանքի այս դեպքերին։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս դատապարտում է տեղի ունեցած հարձակումը։

–Վերջին օրերին հարձակման ենթարկված թե՛ ազատամարտիկները, թե՛ քաղաքական գործիչները կա՛մ ներկայացնում են «եռյակը», կա՛մ պաշտպանում են «եռյակի» քաղաքական ուղեգիծը։ Այսինքն, այստեղ հստակ տեսնում ենք, որ թիրախավորված են «եռյակի» կա՛մ ներկայացուցիչները, կա՛մ համակիրները։ Եվ անկախ նրանից՝ սա իշխանությունն է կազմակերպում, թե իշխանության ինչ–որ մակարդակում՝ ուրիշները, մեկ բան հստակ է՝ իշխանությունն այլևս ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, և նման իշխանություն պետք չէ Հայաստանին և հայ ժողովրդին։ Նման իշխանությունն օր առաջ պետք է հեռանա,–«7օր»–ին ասել է Ռ. Հակոբյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքով էլ՝ տեղի ունեցածն անթույլատրելի է։

–Սա, միանշանակ, դատապարտելի է և խիստ անհանգստացնող։ Պետք է գտնվեն և պատժվեն հարձակվողները։ Իշխանությունը պարտավո՛ր է գտնել և պատժել։ Եվ եթե սա շարունակվեց, սա բերելու է բռնության միտումի, ինչը շատ վտանգավոր է։ Այն, որ սա խիստ բացասական է երկրի համար, միանշանակ է,–ասել է Մ. Շահգելդյանը։

Մեզ հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում նման երևույթները, կարծես, սկսել են շղթայական պարբերականություն ունենալ։

–Նման դրսևորումները կարծիք, տեսակետ արտահայտելու առումով վախի մթնոլորտ, այսպես թե այնպես, առաջացնելու են՝ անկախ նրանց նպատակներից։ Ամենավտանգավորը սա է։ Մյուս խնդիրը պետության, իրավապահ մարմինների անելիքն է. նման հանցագործությունները պետք է օր առաջ բացահայտվեն, և հանրությանը վստահելի, հավաստի տեղեկատվություն տրվի դրանց կազմակերպիչների, նպատակների և այլնի վերաբերյալ։ Եթե սա չի արվում, նշանակում է՝ պետությունը չի գործում, նշանակում է՝ անգործունակ են իրավապահ մարմինները։ Որքան էլ բարձր խոսեն, որքան էլ իրենց «ես»–ն առաջ բերեն, որքան էլ պրոֆեսիոնալիզմից օրինակներ տան, ակհայտ է, որ մեր իրավապահ մարմինները չեն տիրապետում իրավիճակին, և չեն կարողանում օպերատիվ աշխատել,–ասել է Ա. Վարդանյանը։

Նա բացառում է մեր նման համակարգեր ունեցող երկրում այս մի քանի դեպքը բացահայտելու անհնարինությունը։

–Ոստիկանապետը երկու օր առաջ ասում էր՝ ինքն ինֆորմացված մարդ է։ Եվ բնական է, որ ինֆորմացված պետք է լինի, քանի որ մենք ունենք ազգային անվտանգության համակարգ, ոստիկանություն և այլ ծառայություններ, և ես ուղղակի բացառում եմ, որ ցանկության դեպքում այս դեպքերը հնարավոր չլինի արագ բացահայտել։ Պետության առաջին խնդիրն է ոչ թե չքմեղանալը, տարբեր արդարացումներ գտնելը, այլ բացահայտելը,–ասել է Ա. Վարդանյանը։

«7օր»–ի հարցին, թե կոնկրետ ո՞ւմ են այս հարձակումները ձեռնտու, և ի՞նչ նպատակ են հետապնդում, նա պատասխանել է.

–Ես քննիչ չեմ, ինքս դատավոր չեմ, որ հարցերի պատասխանը տամ. դրանք կարող են լինել միայն ենթադրությունների մակարդակով։ Իսկ եթե ավելի լայն նայենք, ապա ես համաձայն չեմ այն քաղաքական գործիչների հետ և ինձ երբեք թույլ չեմ տա նման բան, որ առաջին իսկ վայրկյանից հայտարարեմ՝ սա ահաբեկչություն է իշխանությունների կողմից։ Թույլ չեմ տա, որովհետև դրա համար փաստ է հարկավոր։

Անգամ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությունն էլ, որ Սերժ Սարգսյանի հասցեին բան ասողների ականջները «շան թուլի պես» կկտրի, ՀՅԴ խմբակցության քարտուղարը հիմք չի համարում՝ պնդելու, որ տեղի ունեցած հարձակումները հենց իշխանության գիտությամբ են եղել.

–Իհարկե, հարց է առաջանում՝ սա պետությո՞ւն է, թե՞ տղայական կամ փողոցում հարցերը լուծելու դաշտ։ Բայց սա գալիս է ապացուցելու, որ մեր բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ուղղակի չեն պատկերացնում իրենց գործառույթները։ Դու ոչ դատարան ես, ոչ էլ...։

Մեր դիտարկման հետ, որ իշխանությունները նման բռնի մեթոդներով են, փաստորեն, գնում սահմանադրական փոփոխությունների, Ա. Վարդանյանը չի համաձայնել։

–Դուք հիմա տվեցիք ձեր գնահատականը, որը հնչում է ձեր հակասահմանադրական փոփոխությունների աշտարակից։ Մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Դուք հիմա ելնում եք այն համոզումից, որ այս ամենի հետևում կանգնած են կոնկրետ իշխանությունները։ Ես նման բան չեմ կարող պնդել՝ ի տարբերություն ձեզ։ Ես հիմնվում եմ փաստերի վրա, և առանց փաստերի՝ ես չեմ կարող նման դատողություններ անել։ Իսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բոլորովին այլ բան է, և իմ խորին համոզմամբ՝ մեր պատկերացրած Սահմանադրության առկայության պարագայում նման կարգի հայտարարությունները բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից չեն լինի. և յուրաքանչյուրը հաշվետու կլինի իր արածի ու ասածի համար,–ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը