Քաղաքական

16.12.2014 20:13


Նաիրա Զոհրաբյան. «Այս ամենը շոու է և իմիտացիա» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Այս ամենը շոու է և իմիտացիա» (տեսանյութ)

ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի հրավիրած այսօրվա արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է վերջին օրերին քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրել է, որ երեկ 4 քաղաքական ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը, նախաձեռնեցին ստորագրահավաք՝ արտահերթ նիստ հրավիրելու և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջով հանդես գալու հարցով։

–Բայց խորհրդարանական մեծամասնությունը մերժեց մեր այդ նախաձեռնությունը՝ բոյկոտելով նիստը, որովհետև իրենց ծրագրերի մեջ չէր մտնում կոնկրետ, հստակ պատասխանատվությունը տեղի ունեցածի մասին։ Ընդամենն այսօր հարվիրվեց նիստ, որովհետև կա նաև միջազգային հանրության բավականին բացասական արձագանքը տեղի ունեցածի կապակցությամբ, և անհրաժեշտ էր այսօր կազմակերպել այս իմիտացիոն գործընթացը, ընդունել «Ո՛չ բռնությանը» 3–րդ դասարանի մակարդակի շարադրության մի տեքստ՝ անհասցե, որևէ կոնկրետ պատասխանատվություն չենթադրող, ընդամենը ԱԺ–ի և երկրի, ինչպես դուք եք նշում, միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող իմիջը փրկելու համար,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա հայտարարել է, որ ԲՀԿ–ն չի կարող նման իմիտացիաներին մասնակցել.

–Ի դեպ, այն դաստիարակչական նկատողությունը, որ տրվեց փոխոստիկանապետին, մեկ բանի մասին է վկայում՝ քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։ Այլապես, քաղաքական մեծամասնությունը պիտի ունենար այնքան քաղաքական կամք և համարձակություն՝ պաշտոնանկ անելու տվյալ փոխոստիկանպետին՝ գոնե որպես առաջին քայլ։ Նման քայլ չանելը քաղաքական մեծամասնության կողմից մեկ բանի մասին է վկայում՝ մե՛նք եք տեղի ունեցածի պատասխանատուն, այդպես արե՛լ ենք, այդպես անելո՛ւ ենք, և այդպե՛ս ենք մենք շարունակելու խոսել մեր քաղաքական ընդդիմախոսների հետ։

Ինչ վերաբերում է «հաղթական» մի «հայրենասեր» գտնելուն և նրա ինքնախոստովանական «զվարճալի ցուցմունքներին» հղումներ անելուն, թե նա, իբր, ազդված լինելով թուրք–ադրբեջանական լոբբիի քարոզչական ճնշումներից, որոշել է հարձակվել և պատժել Արամ Մանուկյանին, Ն. Զոհրաբյանն ասել է.

–Գոնե մի քիչ միջին մակարդակի սցենարիստներ գտեք ձեր խայտառակ, միջին մակարդակի բեմականացումն իրականացնելու համար։ Կրկնում եմ՝ ԲՀԿ–ն գտնում է, որ եթե պաշտոնանկ չի արվելու գոնե փոխոստիկանապետը, այս ամենը շոու է և իմիտացիա։ Պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությանն է։ Ի դեպ, յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը. դա Նյուտոնի երրորդ օրենքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը