Հարցազրույց

17.12.2014 13:37


Տիգրան Ուրիխանյան. «Ականջ կտրելը հանցագործություն է. ականջ կտրողները պիտի նստեն բանտում»

Տիգրան Ուրիխանյան. «Ականջ կտրելը հանցագործություն է. ականջ կտրողները պիտի նստեն բանտում»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Շրջանառության մեջ է դրվել մի վարկած, համաձայն որի՝ «խոպանչի հայրենասերը», խոցված լինելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերից, Ռուսաստանից հասել է Հայաստան և նրան «հայրենասիրական ապտակ» հասցրել։ Որքանո՞վ եք սա տրամաբանական և հիմնավոր համարում։

–Նախ՝ եկեք սկսենք հիմնականից։ Որևէ մեկին թույլատրված չէ ՀՀ–ում և, առհասարակ, որևէ տեղ Հայաստանի որևէ այլ քաղաքացու նկատմամբ հակաօրինական գործողություն, առավել ևս՝ բռնարարք իրականացնել, հատկապես քաղաքական գործչի նկատմամբ։ Հետևաբար, համապատասխան հանցագործություն կատարած անձը պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Իրավապահ մարմինները, որոնք աշխատավարձ են ստանում երկրում օրենքը, կարգը և կանոնն ապահովելու ու մեղավորներին պատժելու համար, պարտավոր են իրենց գործառույթներն իրականացնել։ Ինչ վերաբերում է առաջարկված վարկածներին, ապա հայրենասիրական նկրտումները շատ ժամանակ որոշ շրջանակներում դառնում են որոշ գործողություններ արդարացնելու, թաքցնելու կամ գունազարդելու միջոց։ Հատկապես հայրենասիրությունը շահագործել այդ նպատակների համար, մեղմ ասած, անթույլատրելի է։

–Ազատամարտիկների հարձակման դեպքում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ինքն էր խոստովանել, որ իր նախագահին բան ասողի ականջները կկտրի «շան թուլի պես»։ Բայց տեսանք, որ նա չպատժվեց. ընդամենը թեթև նկատողության արժանացավ։

–Իրավապահները պարտավոր են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները գործադրել և շուտափույթ բացահայտում ապահովել։ Ինչ վերաբերում է փոխոստիկանապետի հայտարարություններին, ապա շատ ուղիղ ճանապարհ կա հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ իրականացնողներին։ ՀՀ–ում՝ օրենքի շրջանակներում, որևէ մեկն ականջ կտրելու իրավունք չունի դեռևս, փառք Աստծու։ Հետևաբար, ովքեր ունեն ցանկություն՝ նման բան անելու, դա անելու պատրաստակամություն են հայտնում, կամ անում են, պիտի կրեն պատասխանատվություն օրենքի ողջ խստությամբ։ Իսկ ոստիկանության ներկայացուցիչները, որոնք խառնվում են քաղաքականությանը, պիտի դատապարտվեն իրենց իսկ ղեկավարության կողմից և կրեն համապատասխան պատասխանատվություն։ Որովհետև ոստիկանապետ Գասպարյանն է անընդմեջ խոսում այն մասին, որ ոստիկանությունը որևէ առնչություն քաղաքականությանը չպետք է ունենա։ Բայց, անկախ դրանից, ո՛չ քաղաքական, ո՛չ ապաքաղաքական պատճառներով ոչ ոք ականջ կտրելու իրավունք չունի։ Ականջ կտրողները պիտի նստեն բանտում, իսկ այդպիսի ցանկություն հայտնողները պիտի կրեն իրենց այդ ցանկություններին համապատասխան պատասխանատվություն։

–Փոխարենը՝ մենք տեսնում ենք, որ ոչ միայն չեն պատժվում, այլև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն է ԱԺ ամբիոնից հայտարարում, որ ճիշտ կլիներ՝ իրե՛նք խորհրդարանում «չափալախեին» Արամ Մանուկյանին։

Կրկնում եմ՝ որևէ մարդ մեր երկրում իրավունք չունի ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ հակաօրինական գործողություն իրականացնել, այդ թվում և հատկապես՝ բռնություն։ Դա հանցագործություն է, հանցագործը պիտի կրի օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կա օրենք՝ սևով սպիտակի վրա գրված։

–Իրենք հարցն իջեցնում են տղայական մակարդակի՝ արդարացնելով մորը հայհոյողին պատժելը։

–Ինձ համար այդ զրույցները խորհրդարանի հարթակում, խորհրդարանի տիրույթում, խորհրդարանի տարածքում քննարկելու ձևաչափ չեն։ Ես զբաղվում եմ օրենք գրելով, օրենքի գոյությունը պահպանելով, օրենքի առկայությունը հռչակելով և իրագործելով, հետևաբար ինձ համար գոյություն ունի այն, որ հանցագործություն իրականացնողը պիտի կրի պատասխանատվություն։

–Բռնության այս դեպքերն արդյոք կարո՞ղ են ազդել համաժողովրդական շարժման թափի վրա։

–Եթե Հայաստանում փոփոխություններ իրականացնելու ցանկություն ունեցող ուժերի գործունեությանը վերաբերող բան կա այդտեղ, ուրեմն թող բոլորն իմանան, որ ստանալու են հակառակ էֆեկտ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը