Հարցազրույց

19.12.2014 10:30


Միքայել Մելքումյան. Եթե մենք արտահերթ չնախաձեռնեինք, պարզ չէր լինի, թե այս խուճապը որքան կշարունակվեր

Միքայել Մելքումյան. Եթե մենք արտահերթ չնախաձեռնեինք, պարզ չէր լինի, թե այս խուճապը որքան կշարունակվեր

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

–Ի՞նչ եզրահանգումների եք եկել տնտեսության մեջ տիրող իրավիճակի քննարկման թեմայով ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո։

–Նախ ասեմ, որ արտահերթ նիստը եղել է ԲՀԿ–ի նախաձեռնությամբ։ Գագիկ Ծառուկյանի մոտ եղել է փակ քննարկում ԲՀԿ ներկայացուցիչների հետ, որոնք գնահատել են իրավիճակը, և քաղաքական ու տնտեսական գնահատական է տրվել։ Երկրորդը՝ որոշել ենք նախաձեռնել, քաղաքական տեքստ է մշակվել՝ այն «մեսիջները», որ մենք պետք է ժողովրդին տանք, որովհետև խուճապային իրավիճակ է առաջացել։ Մշակվեց քաղաքական տեքստը, որը հիմք հանդիսացավ, որ արտահերթ նիստի օրակարգը ձևավորվի, մենք՝ ոչիշխանական ուժերով, ստորագրեցինք։ Եկանք որոշակի քաղաքական համաձայնության քաղաքական մեծամասնության հետ, որ նիստն անպայման կայանա։ Որ այն փակ էր, այդքան կարևոր չէ, որովհետև կարևորը խնդիրների պարզաբանումն էր, որոշակիություն մտցնելը։ Դռնփակից հետո պատգամավորները կկապվեին տնտեսվարողների և այլոց հետ։ Այս առումով նիստը կայացավ։ Մենք համարում ենք, որ դա շատ ճիշտ օրինակ է, որ մենք կարողանում ենք կանգնեցնել խուճապային իրավիճակները։ Նույն օրը ուշ ժամի արդեն իմացանք, որ խնդիրը կգնա դեպի կայունացում։ Եթե մենք արտահերթ չնախաձեռնեինք, պարզ չէր լինի, թե այս խուճապը որքան կշարունակվեր։ Շատ ճիշտ գործելակերպ էր. կարողացանք որոշակի պայմանավորվածության գալ քաղաքական մեծամասնության հետ և բավականին հստակ պատկերացրեցինք վիճակը և՛ ԿԲ նախագահի և՛ ֆինանսների նախարարի, և՛ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի հետ։ Իհարկե, խնդիրները հաղթահարված չեն... բայց այն բոլոր քննադատությունները, վեկտորը, որ տնտեսությունը վերջին երեք–չորս տարիներին ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ տնտեսությունն իր դիմադրողականությունը կորցրել է, և պետք է գնալ այն ճանապարհով, որ արտահանումը խրախուսվի, որ պետք է ներդրումներ լինեն։ Հայաստանը նստած է նաև տրանսֆերտների վրա. եթե դրանք կրճատվեցին, ապա... Մյուսն այն է, որ Կենտրոնական բանկը և Կառավարությունը կարող էին ավելի շուտ ձեռնարկել օպերատիվ կառավարման հակաճգնաժամային միջոցառումներ։ Դեռևս դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում նշել էի, որ պետության առաջին դեմքերը պետք է հանդես գան և համապատասխան պարզաբանումներ տան ժողովրդին։ Ժամանակին զգուշացրել էինք, որ համապատասխան գործիքներ կիրառեն։ Հիմա մարդիկ ցանկանում են իրենց թանկ գնած դոլարները փոխանակել։ Մենք մասնագիտական ունակությունները պետք է համադրեինք քաղաքական մոտեցումների հետ, և ստացվեց քաղաքական լուրջ միջոցառումը։ Համարում եմ, որ այստեղ հօգուտ ժողովրդի և իրավիճակի կայունացման՝ «Բարգավաճ Հայաստանը» և ոչիշխանական ուժերը նպաստել են։

–Ավելի մանրամասն, ի՞նչ պայմանավորվածությունների եք հասել առկա տնտեսական իրավիճակը շտկելու համար։

–Արդեն ասացի։ Եթե ուշադրություն եք դարձրել, առաջ ոչիշխանական ուժերի կողմից նախաձեռնված արտահերթ նիստերը չէին կայանում։ Ամենամեծ պայմանավորվածությունն այն է, որ կայացավ։ Եթե չկայանար, այլևս հնարավորություն չէր լինի, որովհետև արտահերթի վերջին օրն էր։ Մենք կարողացանք պայմանավորվել, որ դա շատ կարևոր հարց է։ Դռնփակի շուրջ պայմանավորվեցինք, որ հրավիրվի ԿԲ նախագահը, ֆինանսների նախարարը և Մրցակցության հանձնաժողովը։ Դռնփակ նիստի կեսից արդեն պարզ էր, որ մենք գնում ենք վիճակը կայունացնելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը և Կառավարությունը դա կարող էին անել 4-5 օր առաջ։ Նախորդ օրը՝ երեքշաբթի, Գագիկ Ծառուկյանի հետ փակ խորհրդակցության ընթացքում հստակ գնահատական է տրվել՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական և՛ ֆինանսական։ Որպեսզի տրվի խոշոր և միջին ձեռնարկատերերին։ Որպեսզի կանխվի այս իրավիճակը։ Գագիկ Ծառուկյանը, մեր հետ միասին, քաղաքական պատասխանատվություն ունի այս երկրի նկատմամբ, չէ՞։ Այնպես որ, Ազգային ժողովի դերակատարությունն այս հարցում էապես բարձրացավ, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի։

–Օրեր շարունակ խուճապային իրավիճակ էր։ Իսկ երբ Ռուսաստանում առկա իրավիճակը սկսեց հարաբերականորեն կարգավորվել, Հայաստանում հայտարարություններ արվեցին, թե մի քիչ էլ համբերեք, ամեն ինչ լավ կլինի։ Մեկը մյուսի հետ կապ ունի՞, թե՞ պատահականություն է։ Ինչպե՞ս է այդպես ստացվում։

–Կենտրոնական բանկի նախագահին մի վեց–յոթ հարց եմ հղել։ Նա չի ասել, որ վիճակը լավ է։ Նա ասել է, որ վիճակը վերահսկելի է այն առումով, որ իրենք համապատասխան գործիքներ ունեն, որպեսզի կիրառեն, և վիճակը գնա դեպի կայունացում։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե դա որ կետում կկանգնի. պարզ է, որ չի դառնա 410 դրամ, և գներն էլ չեն դառնա նախկինը, բայց գործիքները, որ կկայունացնեն, դա փաստ է։ Կա ֆինանսական համակարգի մենեջմենթի, բանկային համակարգի խնդիր։ Դրա համար ես հարց ուղղեցի՝ դուք արդյոք կաշկանդվա՞ծ եք այլ քաղաքական ինստիտուտների ազդեցությամբ։ Նա (Արթուր Ջավադյանը) պատասխանեց, որ կաշկանդված չէ քաղաքական, օրենքով սահմանված լիազորությունները կատարելուց։ Սակայն ինքն էլ ընդունեց, որ Հայաստանում ներդրումներ չկան։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը