Կարծիք

29.09.2009 15:19


Թուրքիա-Հայաստան և ցեղասպանության «հունձքը»

Թուրքիա-Հայաստան և ցեղասպանության «հունձքը»

Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունները, որոնց մասին հաղորդագրությունը վերջերս է տարածվել, արժանացել են իշխանությունների և վերլուծաբանների դրվատանքին: Ստորագրվելու և վավերացվելու դեպքում' կսկսի գործել հայ-թուրքական սահմանի բացման և լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակացույցը:Ցավոք, արևմտյան մայրաքաղաքների բարեկեցությունը խարսխված է էներգետիկ ուղիների, աշխարհաքաղաքականության և Թուրքիայի համար' որպես տարածաշրջանային տերության և Եվրախորհրդի անդամակցության հավակնորդի: ճանապարհը հեշտացնելու վրա: Այն անտեսում է գործարքի աղետաբեր կողմերը:Իհարկե, Հայաստանը երկար ժամանակ ցանկացել է, որ վերջ տրվի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, սահմանը բացվի և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Այսպիսին է նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը:

Այս մոտեցումը թույլ է տալիս ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները բազմանիստ են և կրում են Հայոց ցեղասպանության ծանր բեռը: Սահմանները բացելուց, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և երկու ժողովուրդների շփումներից առաջ Թուրքիան և Հայաստանը նախ պետք է լուծեն անցյալից ժառանգություն մնացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ռազմատուգանքները և իրավունքների վերականգնումըը (ռեպարացիա և ռեստիտուցիա) և թե որքան ժամանակ Թուրքիան պետք է վայելի ցեղասպանության պտուղները:
Առաջարկված արձանագրությունները, սակայն, կծառայեն' բավարարելու Թուրքիայի երկու վաղեմի նախապայմանները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Առաջին' կասեցնել Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչման գործընթացը: Երկրորդ' վերահաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը' ցրելով այդ խնդրի գլխին կուտակված «իրավաբանական» սև ամպերը:

Այս սահմանը, որը Թուրքիայի շրջափակման պայմաններում փակ է և վերջին փակ սահմանն է Եվրոպայում, չունի իրավական կարգավիճակ: Սա Թուրքիայի համար կարևոր խնդիր է: Արձանագրությունների մասին հաղորդագրության տարածումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ներկայիս սահմանի ճանաչումն առաջարկված համաձայնությունների հիմնական կետերից է, առանց որի «մենք չենք կարող խոսել հարևան լինելու մասին»:

Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունները Հայաստանի վրա բարդելով' Թուրքիան փորձում է մեկուսացնել Հայաստանին և ժխտել ցեղասպանությունը, որի ընթացքում 1,5 մլն հայ սպանվեց, իսկ փրկվածները տեղահանվեցին իրենց 3000-ամյա հայրենիքից: Թուրքիան, օգտագործելով իր ռազմավարական և տնտեսական հզորությունը, փորձում է ձեռք բերել Ամերիկայի և Եվրոպայի աջակցությունն այս նախաձեռնություններում: Առաջարկված արձանագրությունների վիրավորական դրույթներն այս գործընթացի մասն են:

Հայաստանը փոքր է, չունի ելք դեպի ծով և խոցելի է: Նախկինում այն ընդդիմացել է Թուրքիայի' հարաբերությունների կարգավորման նախապայմաններին: Սակայն ընտրություններից հետո, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով և քաղաքական բռնություններով, Հայաստանի ներկայիս վարչակազմը տեղի տվեց այս խնդրի շուրջ Թուրքիայի, Եվրոպայի և Ամերիկայի ճնշմանը: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության նախապատմությունը' վրդովեցուցիչ է, որ Ամերիկան և Եվրոպան' նախապայմաններին դեմ լինելու փոխարեն օժանդակում են դրանց:

Ցեղասպանությունից հետո նախագահ Վուդրո Վիլսոնը վճռեց և ԱՄՆ նախագահի կնիքով վավերացրեց Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Սա հայ-թուրքական սահմանի միակ պարտադիր ուժ ունեցող սահմանագծումն է' ըստ ինքնիշխան և անկախ Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի:

Չնայած դե յուրե սահմանը և այս տարածքները Հայաստանին հատկացնելը շարունակում է իրավական առումով ուժ ունենալ, 1920 թ. քեմալական Թուրքիայի և բոլշևիկների ներխուժման հետևանքով Հայաստան' այս հողերը հանձնվեցին Թուրքիային, և հանգեցրին ներկայումս գոյություն ունեցող դե ֆակտո սահմանին:

Ամենացավալին այն է, որ էներգետիկ և տրանսպորտային ուղիների մեծ մասը, որոնք Թուրքիայի հարաճուն հզորության աղբյուրն են, անցնում են այս տարածքներով, որտեղ նաև իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարածքներով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և դրան զուգահեռ' Հարավային Կովկասի գազամուղը: Այստեղով է անցնելու նաև նախատեսվող «Նաբուկո» գազամուղը: Այս տարածքները և նախագծերը, որոնք կենսական կարևորություն ունեն Թուրքիայի համար, որը փորձում է դառնալ միջազգային էներգետիկ կենտրոն, ցեղասպանության պտուղներն են: Մինչդեռ Հայաստանը չի վայելում իր քաղաքական և տնտեսական առավելություններից և ոչ մեկը:

Ցավոք, հայերի նկատմամբ անթաքույց ատելությունը Թուրքիայում ամենուր է' պաշտոնական և կիսապաշտոնական լրատվամիջոցներում, պետական դպրոցական համակարգում, դրսևորվում է պետության արտոնած խտրականության մեջ և պետական կառույցներում ու դրանցից դուրս:

Իհարկե, այս ատելության գագաթնակետը ցեղասպանության ժխտումն է, որը, ըստ ցեղասպանության խնդրով զբաղվող գիտնականների, ցեղասպանության վերջին փուլն է: Սակայն հիշենք Թուրքիայի պաշտպանության նախարարին, որը հռետորական հարց է տալիս, թե արդյոք ներկայիս թուրքական պետությունը գոյություն կունենա՞ր առանց հայ բնակչության ոչնչացման: Կամ էլ' Թուրքիայի նախագահին, որը մեղադրում է թուրք ընդդիմադիր պատգամավորին զրպարտության մեջ' ենթադրելով, թե նախագահը հայկական արմատներ ունի: Հիշենք թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կամ Թուրքիայում «ընդհատակյա պետություն» համարվող ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության ծրագրած հարձակումները Թուրքիայի հայ համայնքի ղեկավարների վրա:

Թուրք ազգայնական գաղափարախոսության մեջ հայերին որպես հրեշ ներկայացնելով, ցեղասպանության ժխտման պաշտոնական քաղաքականությամբ և վերածնված Հայաստանի նկատմամբ Անկարայի ապացուցված թշնամանքի պայմաններում, երբ Արևմուտքն ակտիվորեն չի ընդդիմանում, Թուրքիայի այս նախապայմանները յուրաքանչյուրին մտածելու տեղի պետք է տա:

Հայոց ցեղասպանության ձգձգվող խնդիրը մարտահրավեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի համար: Այն մարտահրավեր է նաև Եվրոպայի և Ամերիկայի համար: Արևմուտքը, չնայած Թուրքիայի հարաճուն հզորությանը և ազդեցությանը, պետք է հորդորի Թուրքիային ստանձնել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, չպետք է օժանդակի Թուրքիային, որ վերջինս ստիպի Հայաստանին համաձայնել նախապայմաններին, որոնք նվաստացնում են տուժած կողմին և կասկածի տակ դնում Հայաստանի և Թուրքիայի միջև հետագայում իրական հաշտեցման գործընթացի հնարավորությունը:

Ի վերջո, թուրք-հայկական երկխոսությունը պետք է անդրադառնա երկու կնճռոտ հարցի. առաջին'դեռ որքան պետք է Թուրքիան շարունակի վայելել ցեղասպանության պտուղները, և երկրորդ' Հայաստանի հետ ընդհանուր սահմանի արդարացիությունը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը