Լրահոս

29.09.2009 18:15


Եթե Հայաստանը դեմոկրատական երկիր լիներ, Սերժ Սարգսյանը հասարակական քննարկումների շրջանակներում առաջինը կայցելեր ոչ թե սփյուռքահայ գաղթօջախներ, այլ մարզեր

Եթե Հայաստանը դեմոկրատական երկիր լիներ, Սերժ Սարգսյանը հասարակական քննարկումների շրջանակներում առաջինը կայցելեր ոչ թե սփյուռքահայ գաղթօջախներ, այլ մարզեր

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Առկա քաղաքական զարգացումները և մարտահրավերները. հայացք շիրակից» թեմայով քննարկումների շարքի առաջին հավաքը: Սույն քննարկումը նվիրված էր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Մասնակցում էին Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպություններ, մտավորականներ և տարբեր համայնքներից հրավիրված ակտիվ քաղաքացիներ:

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը բացման խոսքում նշել է, որ սա առաջին փորձն է՝ հասկանալու, թե մարզերում ի՞նչ են մտածում նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ. «Իմ կարծիքով, եթե Հայաստանը դեմոկրատական երկիր լիներ, Սերժ Սարգսյանը հասարակական քննարկումների շրջանակներում առաջինը կայցելեր ոչ թե սփյուռքահայ գաղթօջախներ, այլ մարզեր, կիմանար, թե ինչ են մտածում մարզերի բնակիչները հայ-թուրքական հարաբերությունների մասին»,-ասել է Վահան Թումասյանը:

Մասնակիցներից շատերի կարծիքով այս քննարկումը որևէ արդյունք չի կարող ունենալ, քանի որ իրենցից ոչինչ կախված չէ, և անկախ ամեն ինչից՝ արձանագրությունները կստորագրվեն:

«Մեր խնդիրն ավելի շատ ժողովրդին նախապատրաստելն է նոր ստեղծվող իրավիճակին, որպեսզի հնարավորություն ունենա դիմագրավելու նոր ստեղծվող մարտահրավերներին: Ո՞ւմ համար պարզ չէ, որ յուրաքանչյուր ոք կարող է 100-200 հազար ԱՄՆ դոլարով ամբողջ Ամասիայի տարածքը սեփականաշնորհել. լքված տարածք է: Այս և նմանատիպ այլ վտանգների մասին ժողովուրդը պետք է տեղյակ լինի»,- հայտարարել է Վահան Թումասյանը:

Իր հերթին քննարկման մասնակից, Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը տնտեսական շահավետության տեսանկյունից կողմ է արտահայտվել սահմանի բացմանը՝ նշելով, սակայն, որ այդ դեպքում պետությունը պետք է ակտիվ միջամտություն ունենա սեփական տնտեսվարողներին պաշտպանելու համար. «Իհարկե, ես կողմ եմ սահմանի բացմանը. ինչո՞ւ դեմ լինեմ: Բավրան գյուղատնտեսական տարածաշրջանում է։ Այս պարագայում գյուղատնտեսական մեր արտադրանքը կարտահանենք Թուրքիա: Անցած տարի կարտոֆիլը 10 դրամով էինք վաճառում, ի՞նչ է, 72 միլիոնանոց պետությունը կարտոֆիլ չի՞ ուզում ուտել։ Հորթի միսն այնտեղ արժե 25 դոլար, իսկ մեզ մոտ 1500 դրամ, պարզ չէ՞, թե ինչ կարող ենք անել»,- ներկայացրեց Կորյուն Սումբուլյանը:

Այն հարցին, թե այդ դեպքում չի՞ վախենում, որ թուրքական ապրանքն ավելի էժան կարող են ներմուծել, Բավրայի համայնքապետը հակադարձել է. «Դրա համար էլ պետությունը պետք է միջամտի։ Այդ ինչո՞ւ վրացիներն ասում են, որ ջավախահայերը Հայաստանի խաղողը չպետք է ուտեն, այլ անպայման պետք է Կախեթինն ուտեն, սահմանը փակել են, չէ՞, մեր ապրանքների համար: Մենք էլ պետք է նման մեթոդներ կիրառենք մեր արտադրողների համար»:

Իսկ ջաջուռցի Սահակ Շիրոյանը, անկախ տնտեսական շահավետությունից, կարծիք է հայտնել, որ քանի դեռ թուրքերը կոշտ տոնով են մեր հետ խոսում, մենք էլ պետք է ինքնասիրություն ունենանք և ասենք, որ Ղարաբաղի և Ցեղասպանության գնով սահմանի բացում մեզ պետք չէ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կարծիքը բաժանված էր երկու գրեթե հավասար մասի։ Մի մասը պնդում էր, որ, ամեն դեպքում, մեզ պետք չէ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ, իսկ մյուս մասն արձանագրություններում որոշ փոփոխություններ կատարելուց հետո կողմ էր սահմանի բացմանը և հայ-թուրքական հարաբերություների նորմալացմանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը