Քաղաքական

23.12.2014 18:10


Արմեն Գրիգորյան. «Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը համաժողովրդական շարժմանը նոր ուժ ու լիցք կտա»

Արմեն Գրիգորյան. «Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը համաժողովրդական շարժմանը նոր ուժ ու լիցք կտա»

2015թ. հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողովը քաղաքագետ, «Չե՛ք անցկացնելու» քաղաքացիական շարժման նախաձեռնող Արմեն Գրիգորյանը համաժողովրդական շարժումը նոր մակարդակի բերելու քայլ է համարում։

–Մինչև հիմա գործընթացը քաղաքական ուժերի մակարդակով էր կազմակերպվում, իսկ այժմ արդեն ներգրավվում են ՀԿ–ներ և քաղաքացիական նախաձեռնություններ։ Սա նաև արտախորհրդարանական ուժերի մակարդակով հանդիպում է, որը համաժողովրդական շարժմանը պետք է նոր ուժ ու լիցք տա, ինչպես նաև շարժման ինստիտուցիոնալիզացիայի համար նոր հիմքեր դնի։ Սա տարբեր ուժերի համար նաև հնարավորություն է՝ ներկայացված լինելու համաժողովրդական շարժմանը,–«7օր»–ին ասել է Ա. Գրիգորյանը։

Գ. Ծառուկյանի հրավիրած այդ խորհրդաժողովը, ըստ քաղաքագետի, հանրության լայն շերտերի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ոչ միայն իրենց ներդրումն ունենալ համաժողովրդական շարժմանը, այլ նաև մասնակցել որոշումների կայացմանը։

Ա. Գրիգորյանը հավելել է, որ համաժողովրդական շարժումը երբեք էլ չի մարել, և իր առջև դրված կարճաժամկետ նպատակներին արդեն իսկ հասել է և հիմա խնդիր է դրված ռազմավարական խնդիրներ լուծել.

–Հոկտեմբերին երկու բազմամարդ հանրահավաք է կազմակերպվել, և մենք տեսել ենք, թե դրանք ինչպիսի մեծ ազդեցություն են ունեցել։ Այնքան ազդեցիկ են եղել, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունները, որն իր համար ամենակենսական նշանակությունն ունեցող հարցն է։ Այսինքն, մինչ այս ավելի շատ եղել է նախապատրաստական աշխատանքերի փուլ. պետք է նաև հաշվի առնել, որ միայն մեկ ուժ չէ ներկայացված, և որոշումները ոչ թե ամբողջովին հիերարխիկ, այլ մասնակցային են կայացվում, ինչն արագընթաց հնարավոր չէ կազմակերպել։ Նաև նպատակ է դրվել ամբողջ հանրությանը ներգրավել համաժողովորդական շարժման մեջ։

Հատկապես այս հարցում Ա. Գրիգորյանը շատ է կարևորում Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովը։

–Դա կատարված աշխատանքի արդյունքն ամփոփելու ու այդ շարժման «գնացքին» նոր «շարժակազմեր» ավելացնելու հնարավորություն է, որպեսզի համաժողովրդական շարժումն ավելի մեծ թափով ընթանա առաջ, քանի որ հանրության շրջանում մեծ ակնկալիքներ կան համաժողովրդական շարժումից։ Պետք է ասվի, թե ինչ է կատարվելու հետագայում, և մասնակիցներն ինչ ներդրում են պատրաստ կատարել այդ շարժման մեջ,–ամփոփել է Ա. Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը