Լրահոս

29.09.2009 18:28


Հանրային խորհուրդը կողմ է նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը

Հանրային խորհուրդը կողմ է նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը

Հանրային խորհուրդն իր հերթական նիստն էր հրավիրել՝ ներկայացնելու հանրության մեջ առկա կարծիքների ուսումնասիրման, վերլուծության և ընդհանրացման նպատակով Հանրային խորհրդի հանձնաժողովներում տեղի ունեցած լսումների ու քննարկումների արդյունքները։

-Ամփոփելով լսումների ու քննարկումների արդյունքները՝ Հանրային խորհուրդն արձանագրում է, որ դրանց մասնակիցներից գրեթե բոլորը կողմ են արտահայտվում Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը,-ասված է հայտարարության մեջ։

Վերոնշյալ հայտարարության մեջ ասված է նաև, որ գրեթե բոլորը միակարծիք են, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի կողմից Հայաստանի փաստացի ապաշրջափակումն է, որի նշանակությունն ավելին է, քան երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումը։

«Միևնույն ժամանակ Հանրային խորհրդի հանձնաժողովներում հնչեցին մտահոգություններ, որ արձանագրությունների վավերացումը բացասական հետևանքներ կարող է ունենալ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների վրա, քանի որ արձանագրություններում զետեղված պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծմամբ՝ երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու հանգամանք»։

«Հանրային խորհուրդը համոզված է, որ արձանագրություններում ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը ոչ բացահայտ և ոչ էլ քողարկված կերպով արտահայտված չէ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը