Լրահոս

30.09.2009 09:46


ՀԱԿ հայտարարություն

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը սկզբից եւեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր։ Այս տարվա հուլիսի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ ու նրանց ծեծի ենթարկելով փորձել խոչընդոտել թռուցիկների բաժանումը։ Դեպքից հետո լուսանկարներից պարզվեց, որ բանդիտական խմբի մեջ ճանաչվում են զգեստափոխված ոստիկաններ։ Ոստիկանությունը ստիպված էր ընդունել դա եւ, կատարված հանցանքի հիմքով ծառայողական քննություն սկսելու փոխարեն, կեղծելով իրողությունը՝ դիմել ճղճիմ, իր համար անպատվաբեր քայլի՝ գործը շուռ տալով երիտասարդների դեմ։ Խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց երեք երիտասարդների, այդ թվում Տիգրան Առաքելյանի դեմ, որը եւ մի քանի օր անց ձերբակալվեց։ Երկար ժամանակ է, ինչ Տիգրան Առաքելյանը տեսողության հետ կապված սուր եւ վտանգավոր խնդրով գտնվում է կալանավայրերի հիվանդանոցում, որտեղ բացակայում են այդ հիվանդության բուժման հնարավորությունները։ Այն բանից հետո, երբ մասնագիտական հետազոտմամբ պարզվեց, որ առողջական այդ ծանր խնդիրը նա ստացել է ոստիկաններից մեկի կողմից գլխին ստացած ատրճանակի հարվածից, ոստիկանությունը, որպես պատասխան, դիմեց հերթական «ինքնապաշտպանական» նողկալի քայլին. նախաքննությունը վարող մարմնի միջոցով, քաղբանտարկյալնին, 3 ամիս անց, նոր՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու ու մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք առաջադրվեց, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։

Գլխիվայր պատկերացնելով «մունդիրի» պատիվը պաշտպանելու երեւույթը, ոստիկանությունը առաջնորդվում է մանր քինախնդրությամբ եւ բացառիկ ցինիզմով ու սադիզմով խոշտանգում է անմեղ քաղաքցուն իր քաղաքական հայացքների համար։ Այսօրինակ վարքագծով պետական ամենակարեւոր ինստիտուտներից մեկը, որի բուն պարտականությունը հենց օրենքն ու օրինականությունը, քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, իրեն ոչ միայն դուրս է դնում օրենքից, այլեւ դառնում համընդհանուր արգահատանքի առարկա։

Այս խորագրի վերջին նյութերը