Լրահոս

01.10.2009 10:20


Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը շարունակում է լռել

Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը շարունակում է լռել

«7օր»-ը 2009թ. սեպտեմբերի 22-ին «Որքանո՞վ է պաշտպանված ՀՀ քաղաքացին օրենքի և ժողովրդավարության քարոզիչներից» վերնագրով հարցազրույց էր հրապարակել ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանի հետ, ով հայտնվել է ծանր կացության մեջ։ Նրա խոսքերով՝ ամենի մեղավորը Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը և նրա տիկին Նատալյա Հրուշան են։

Ա. Դանիելյանը մեզ ասել էր, որ 2008թ. ապրիլի 1-ից աշխատանքի է անցել Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքում՝ որպես նրանց դստեր դայակ-դաստիարակ։ Տիկին Հրուշան նրան բարձր աշխատավարձ և ամենաքիչը երեք տարվա աշխատանքային պայմանագիր է խոստացել։ Սակայն հետագայում Ա. Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ սիրալիր վերաբերմունքն էլ վերածվել է հրամայականի։

«Աշխատանքային օրս սկսվում էր ժամը 8:30-ին և ավարտվում 22:00-ին, երբեմն՝ կեսգիշերին կամ ավելի ուշ: Զրկված սննդից (տիկ. Հրուշան խորհուրդ էր տալիս սնվել դստեր մնացորդներով), բուժօգնությունից (որի կարիքը բազմիցս զգացել եմ), տնից դուրս գալու և հանգստյան օրերի իրավունքից՝ ես շարունակեցի աշխատել մինչև հուլիսի 2-ը: Տիկին Հրուշան ինձ պարտադրում էր հանգստի ժամերին և աշխատանքային ժամերից հետո արդուկ, լվացք և տան մաքրություն կատարել»,- գրել է Ա. Դանիելյանը Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին ուղղված նամակում՝ հավելելով, որ երբ հրաժարվել է հերթական անգամ լվանալ Ջուլիայի հագուստը (որի մեջ փոքրիկը հոգացել էր իր բնական կարիքները) տիկին Հրուշան սկսել է գռեհիկ արտահայտություններով վիրավորել և հայհոյել իրեն.

«Եղավ այն, որ երկու հարգարժան տիկինները (Նատալյա Հրուշան և նրա ընկերուհին՝ Սվետան) հարձակվեցին վրաս, հարվածելով և քաշքշելով՝ նրանք ինձ ներս քարշ տվին՝ պատառոտելով հագուստս, հարվածներ հասցնելով դեմքիս և մարմնիս՝ ջարդելով ատամս: Սկսվեց հայհոյանքների, ծաղրանքների և ինքնասիրությունս, կանացի արժանապատվությունս վիրավորող գռեհիկ արտահայտությունների տարափ»։

Աստղիկ Դանիելյանի հարցազրույցը հրապարակելուց անմիջապես հետո «7օր»-ը պարզաբանումներ ստանալու նպատակով բազմիցս դիմել է Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի գրասենյակ։ Սակայն ամենատարբեր պատճառաբանություններով մեր հարցերն այդպես էլ անպատասխան մնացին։ Ակնկալում ենք, որ այս հրապարակումից հետո Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը ժամանակ կգտնի և մեր հարցերին կպատասխանի։

7or.am

Հ.Գ. Աստղիկ Դանիելյանի հետ կատարված դեպքի կապակցությամբ «7օր»-ը դիմել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։

-Մենք հարապարակումների հետևից չենք կարող գնալ. բա որ այդպես չեղա՞վ։ Մի երկու անգամ եղել  է, որ հրապարակման հետևից գնացել ենք, պարզվել է՝ նման բան չկա։ Դրա համար կա՛մ ինքը, կա՛մ իր կողմից լիազորված անձը պետք է դիմի։ Բացի այդ, հաշվի առե՛ք, որ դա օտարերկրյա դիվանագիտական աշխատող է, և օմբուդսմենները երկրում ադեֆիկացված դիվանագիտական աշխատողների գործունեությամբ չեն զբաղվում. ես ընդամենը կարող եմ մեր ԱԳՆ-ին դիմել, ասեմ՝ պարզեք՝ ի՞նչ է կատարվում,- ասել էր Ա. Հարությունյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը