Քաղաքական

15.01.2015 20:45


ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորդորով Գյումրիում ցուցարարները հանդարտվեցին, բախումները դադարեցին

ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորդորով Գյումրիում ցուցարարները հանդարտվեցին, բախումները դադարեցին

Ինչպես տեղեկացրել էինք, բորբոքված գյումրեցիները բողոքի գործողություն էին իրականացնում Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսության մոտ։ Բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Լարված իրավիճակը հանդարտեցնելու և սադրանքները դադարեցնելու համար այնտեղ է գնացել նաև Գյումրիից պատգամավոր ընտրված, ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը։

–Պահանջ էին դրել, որ տեսնեն՝ էդ սրիկան Գյումրիում է, թե չէ։ Ասեմ ձեզ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դատախազության կողմից, որ երկու հոգի գնան, նրան տեսնեն–ասել է Մ. Գրիգորյանը։

Ցուցարարներն առաջարկել են, որ այդ երկուսից մեկը հենց Մարտուն Գրիգորյանը լինի։

–Խնդիր չկա, ես կլինեմ,–համաձայնել է նա՝ հավելելով,–այս ամեն ինչը լավ բանի չի տանի։ Այն, ինչ արվում է, ոչ մեկի շահերից չի բխում։ Ովքեր կազմակերպեցին էս ամեն ինչը, իրավիճակը դուրս է «կանտրոլից»։ Ես ասում եմ ձեզ՝ որպես ձեր ընտրած պատգամավոր, գնանք միասին դատախազություն։ Թասիբի հարց է, «պադվադիտ» չանեք։ Սա փակուղի է, սարքել են բոլորիս գլխին։ Ձեր ցավը տանեմ, բերեք մի մարդու նման, իրար հետևից ցույց տանք մեր միասնականությունը։ Ոստիկանների մեջ մտել եմ, խոստացել են, որ ոչ մեկին ձեռ չեն տալու։ Բերեք ցույց տանք մեր համախմբվածությունը, կողքներդ կանգնած եմ, մի օր էլ ես եմ ձեզ խնդրում, եկեք մի մարդու պես հարգենք մեկս մյուսին, գնանք դատախազություն, ցույց տանք լեննականցիների կազմակերպվածությունը։ Խնդրում եմ, ոստիկանության հետ ավելորդ լարվածություն չլինի։

Մարտուն Գրիգորյանի այս խոսքերից հետո ցուցարարները համախմբված կերպով շարժվել են դեպի Շիրակի մարզի դատախազություն. սադրանքները կանխվել են։

Ի դեպ, քիչ ավելի ուշ Մարտուն Գրիգորյանն այցելել է ռուսական զորամաս ու համոզվել, որ Պերմյակովը տեղում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը