Հարցազրույց

20.01.2015 14:09


Անուշ Հարությունյան. «Քաղաքական հարթություն, ըստ էության, հարցը տանում է ինքը իշխանությունը»

Անուշ Հարությունյան. «Քաղաքական հարթություն, ըստ էության, հարցը  տանում է ինքը իշխանությունը»

Հարցազրույց «Նաիրիտի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանի հետ

–Պայքարը որքա՞ն է շարունակվելու։ Ինչպիսի՞ն է լինելու նաիրիտցիների պայքարի հետագա ընթացքը. որքանո՞վ է արդյունավետ ամեն անգամ անարդյունք գնալ–գալը։

–Ամեն անգամ գնալ–գալ չի լինելու այլևս, այլ լինելու է շարունակական։ Մենք որդեգրել ենք այդ գործողությունների սցենարը՝ ամեն օր լինել այստեղ, ամեն օր բարձրացնել հարցը, այսօր կարծես թե այլ ցուցարարներ էլ են այստեղ հավաքվել (Աշոտ Առուշանյանի գործով արդարության վերականգնման ցույց–Մ. Մ.), մի քիչ խառնվել է, բայց դա նշանակություն չունի։ Հարգելով Գյումրիում կատարված ողբերգության զոհերի հիշատակը, նաև հաշվի առնելով, որ երեկ փոքրիկն էլ մահացավ՝ մենք այսօրվա մեր ցույցը կանենք լուռ, առանց վանկարկումների, վաղը նաիրիտցիներով կկազմակերպենք մոմավառություն, իսկ մյուս օրվանից ավելի կոնկրետ գործողությունների կդիմենք։ Այսպիսին է մեր պլանը։

–Նշեցիք խնդիրը քաղաքականացնելու մասին։ Այդ հարթությունում եք տեսնո՞ւմ խնդրի լուծումը։

–Չէ, տեսեք՝ ինչն է խնդիրը։ Մենք չենք տանում այդ հարթություն. ըստ էության, այդ հարթություն տանում է ինքը իշխանությունը։ Ինքը քաղաքականացնում է հարցն արհեստականորեն։ Իշխանությունը ժողովրդին մղում է աղքատության, այսինքն՝ կտրուկ հայտարարել, թե մենք չենք կարող ձեզ աշխատավարձ տալ, գնացեք, ումից ուզում եք՝ աշխատավարձերը վերցրեք, կամ նպաստ ստացեք, շատ վիրավորական է մեզ համար, քանի որ մենք աշխատել ենք։ Ես միշտ ցանկանում եմ դա շեշտել. «Նաիրիտի» չաշխատելը միանշանակ չի։ «Նաիրիտը» կանգնած էլ աշխատել է. թունավոր արտադրություն է, նրա պահպանության, նրա անվտանգությունն ապահովելու համար լինում են էներգետիկ ծախսեր, հաշվապահական խնդիրներ, այդ բոլորն ապահովելու համար մարդիկ են պետք և ոչ քիչ թվով մարդիկ։ «Նաիրիտը» 130 հեկտար է, իսկ 130 հեկտարը միայն տարրական գողությունից պահելու համար 150 մարդ է պետք։ Կոնկրետ ես ամեն օր աշխատել եմ. չորս տարի ամեն օր գնացել եմ աշխատանքի։ Կարո՞ղ եմ վճարվել իմ աշխատանքի համար։ Մարդը, որը գնացել է պարապուրդի, ի՛նքը չի ցանկացել պարապուրդի գնալ։ Պարապուրդի եք ուղարկել, քանզի գիտեք, որ այդպիսի մասնագետներ գտնելը դժվար է. վաղը, եթե «Նաիրիտը» աշխատի, շատ դժվար կբերեք Ռուսաստանի՝ եսիմ որ երկրամասից, ու արհեստականորեն այսօր մարդկանց ուղղորդում եք։

–Փետրվարի 6-ին կրճատումներ են լինելու, օրենքը պահանջում է վերջնահաշվարկ։ Նաիրիտցիներն այդ վերջնահաշվարկին են սպասում. վճարվելու հույսեր կա՞ն արդյոք։

–Այո՛, անպայման։ Պետք է լինի վերջնահաշվարկ։ Վերջնահաշվարկը նշանակում է 18 ամսվա պարտքի վճարում, միջինը՝ 18 ամսվա։ Ի վերջո, կա օրենքի հստակ պահանջ, երբ մարդուն ազատում են, կատարել վերջնահաշվարկ, և պարտադիր։ «Պարտադիր» բառն այնտեղ նշված է։ Ես չգիտեմ՝ մեր հակառակորդ կողմի վերլուծաբաններն ինչպես են դա մեկնաբանում։ Պարտադիր է վճարել վերջնահաշվարկը աշխատավարձի և մնացած վճարների տեսքով։

–Ակնկալիքներ իշխանությունից ունե՞ք։

–Ակնկալիքները հետևյալն են՝ այնուամենայնիվ, ելքեր պետք է գտնվեն. իշխանությունը պետք է ինքը հասկանա, որ մարդկանց կտանի արհեստական սրացումների և անկառավարելի գործողությունների, այսօր դեռ, երբ մարդիկ ազատված չեն աշխատանքից, երբ դեռ հույս ունեն իրենց աշխատավարձը ստանալ, և դեռ լսում են, չգիտեմ, այն կազմակերպիչների խմբին, ղեկավարությանը, ապա ամսի վեցից հետո այդ մարդիկ դառնալու են անկառավարելի։ Դուրս են գալու կառավարման շրջանակներից, և թե ինչերի են ընդունակ, ես ուղղակի չեմ ուզում կանխատեսել, միայն մի փաստ ասեմ. բանվորներից մեկը մոտեցել էր ինձ ու ասում էր, որ բաց նամակ գրեմ, որ պատրաստ են հացադուլների, ինքնահրկիզման և այլնի։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այդպիսի բան նամակի մեջ գրել ուղղակի չի կարելի։ Կարող եմ այլ կերպ դա ձևակերպել։ –«Չէ՛, գրի՛»,–ասում են։ Այսինքն, մարդիկ... հասել է կոկորդներին։ Չի կարելի, չի կարելի մարդկանց մղել աղքատության։ 1800 մարդու ի՞նչ պետք է անեք, այն 500-ին ընդունում եք աշխատանքի, ու դեռ հարց է՝ աշխատավարձ տալո՞ւ եք, թե՞ ոչ։ Եթե խնդիրն այդտեղ է, որ ազատում եք մարդկանց, քանզի աշխատավարձ չեք կարող տալ, 500–ի՞ն ինչպես պետք է տաք։ Նույնիսկ եթե գործարանը վերագործարկվելու որոշում կայացնի, առնվազն մեկ տարի, տարի ու կես ժամանակ է պետք։ Այդ տարի ու կեսը մարդկանց վճարելո՞ւ եք։ 2200 մարդ հայտնվում է փողոցում՝ աղքատի կարգավիճակում։ Սա դաժան պատմություն է։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը