Լրահոս

05.10.2009 13:04


Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը' Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված հանրային քննարկումների համատեքստում հանդիպելու Սփյուռքի հայաշատ համայնքների տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Համահայկական ուղեւորության երկրորդ կանգառը Նյու Յորքն էր: Այստեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ □Հայաստան□ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը: Նրանք նշել են, որ չնայած Հայաստան-Սփյուռք փոխգործակցության տասնամյակների պատմությանն ու հարուստ փորձին, Նախագահի համահայկական ուղեւորությունն ու նման ձեւաչափով հանդիպումները, ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձեւավորում' համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու, մեկտեղելու եւ մայր Հայրենիքի մոտեցումները Սփյուռքի մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որեւէ նախապայմանի:

«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,- նշել է Նախագահ Սարգսյանն' անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:     

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը եւ փոխվստահության մթնոլորտի մեծացմանը:

Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մեզանում մինչեւ վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, Հանրապետության Նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչեւ վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց եւ նկատել, որ մեր շատ հայրենակիցների մոտ' Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաեւ մեր ժողովրդի կյանքում մեծ կարեւորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ. □Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչեւ վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ եւս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք□,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն' հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում' օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:   

Արեւելյան ափի եւ Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: □Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ' ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները□,- նշել է երկրի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն են արտահայտել նախաստորագրված արձանագրությունների, հարաբերությունների կարգավորմամբ բացվող հնարավորությունների ու առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ անկախ գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներից, մեկ բան ակնհայտ է' Սփյուռքը եղել եւ պարտավոր է լինել Հայաստանի ու Արցախի կողքին:

Ամփոփելով նյույորքյան հանդիպումը' Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ամենակարեւորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ ճիշտ ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը եւ կոչ արել սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին' սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու մայր Հայրենիքը:

ՀՀ նախագահի մամլո գրսենյակ

Այս խորագրի վերջին նյութերը