Քաղաքական

05.02.2015 12:59


Գագիկ Ծառուկյան. «Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու» (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ում

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ խորհրդաժողովին մասնակցելու համար: Շնորհակալություն առաջին հերթին ոչ թե իմ հրավերը ընդունելու, այլ անտարբեր չլինելու` պետության և մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների հանդեպ:

Ցավով եմ ասում, բայց այսօր անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել է շատերի համար նախընտրելի գործելաոճ:

Եվ քանի որ այս դահլիճում հավաքվածներդ վաղուց մերժել եք չեզոք դիտորդի կեցվածքը, ես ուզում եմ դիմել ձեզ` ձևակերպելով իմ ելույթի առաջին ուղերձը.

Ես բոլորիս կոչ եմ անում՝ չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Հավատացե՛ք, որ սա ամենևին վերացական միտք չէ: Հասարակության մեջ կոտրե՛նք սեփական երկրի հանդեպ անտարբերությունն ու տիրող հուսալքությունը: Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով և պայքարելով մինչև հաղթանակ:

Ես գիտեմ, որ Ձեզնից շատերն ակտիվորեն մասնակցում են ձևավորված համազգային շարժման շտաբների աշխատանքներին: Բացելով այդ շտաբները` մենք մի քանի կարևոր խնդիր էինք դրել` լինել մարդկանց կողքին, լսել մարդկանց, այս դժվար պայմաններում մեր քաղաքացուն երբեք չթողնել մենակ, մեր հետագա քայլերը մշակելիս հենվել մեր հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների և պահանջների վրա:

Այսօր ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ կատարված է հսկայական ծավալի աշխատանք, իսկ նախնական արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որ շտաբային աշխատանքները խիստ անհրաժեշտ են:

Այդ աշխատանքների շնորհիվ մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրություններին և պահանջներին: Մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է:

Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունություններն այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին:

Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան հստակ է՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք:

Նման իրավիճակում քաղաքական ուժերի խնդիրն է տեր կանգնել քաղաքացիների արդարացի պահանջներին և հասնել դրանց իրականացմանը:

Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար:

Ես քաջ գիտակցում եմ, որ ցանկացած շարժում և քաղաքական գործընթաց, որին մասնակից են լինում հարյուր հազարավոր, եթե ոչ` միլիոնավոր մարդիկ` հայրենիքում և սփյուռքում, բազմաթիվ սոցիալական խմբեր, հասարակության շերտեր, պահանջում է առավելագույն պատասխանատվություն: Եվ այսօրվա իմ երկրորդ կարևորագույն ուղերձն է` մենք շարժվում ենք առաջ` մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվության հստակ գիտակցումով:

Սա նշանակում է, որ մեր՝ օր օրի թափ առնող շարժման միջոցով, մեր ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից:

Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն:

Այս համատեքստում ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել անցնող տարվա վերջում տեղ գտած՝ ֆինանսական շուկայի տատանումների վրա: Երեք-չորս օրը ցույց տվեց, թե որքան թույլ և փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը: Մենք տեսանք, թե որքան արագ տարածվեցին խուճապային տրամադրությունները մեր ժողովրդի և գործարարների մեջ: Սա խոսում է տնտեսական սխալների և լրջագույն խնդիրների մասին` այն, ինչի մասին ես ահազանգում էի դեռևս 4-5 տարի առաջ:

Բայց սա զուտ ֆինանսա-տնտեսական խնդիր չէր: Ակնհայտ էր ժողովրդի և գործարարների մոտ անվստահությունը իշխանության քայլերի հանդեպ: Սա, ինչ-որ իմաստով, վստահությա՛ն ճգնաժամ էր:

Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէր: Այնինչ, անկայունությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ ամենակարևորն է` հանգստացնել ժողովրդին և թույլ չտալ խուճապային կործանարար սցենարների հնարավորությունը:

Իմ երրորդ ուղերձն ուղղված է իշխանություններին: Մտածե՛ք այս ուղղությամբ և արե՛ք ճի՛շտ հետևություններ: Առաջիկայում բացառված չեն նոր նմանատիպ ցնցումներ. աշխարհը և մեր տարածաշրջանը խիստ անկայուն են: Իսկ տնտեսական, սոցիալական ճգնաժամերը հեշտությամբ կարող են վերաճել իշխանության ճգնաժամի՝ դառնալով անկառավարելի և անկանխատեսելի:

Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները՝ իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր: Այդ ընթացքում խուսափում են կատարել նույնիսկ հիմնական քաղաքական ուժերի ներկայացրած ամենապարզ և ամենատեսանելի՝ 12 պահանջները:

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ 12 պահանջ. ի՞նչ է՝ երկրում այլ խնդիրներ չկա՞ն: Այսօր երկրում կա ոչ թե 12, այլ 112 հարց և ավելի: Սակայն մենք առաջ քաշեցինք ամենահրատապ և արագ լուծում պահանջող խնդիրները, որոնց ուշացումը հղի է նոր պայթյուններով:

Այս առիթով ես կուզեի հիշեցնել մեկ օրինակ՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ տարի առաջ իշխանություններն այն անվանեցին պատմական բարեփոխումներ: Իսկ ես իմ ելույթում՝ ԲՀԿ համագումարի ժամանակ, նշեցի, որ այն հակասոցիալական և հակամարդկային բնույթ ունի, և զուրկ է առողջ տնտեսական հաշվարկից: Եվ ահա, ընդամենը մեկ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է արդեն 15 տոկոսով, այսինքն` նույն 15 տոկոսով արժեզրկվել են տասնյակ հազարավոր մարդկանցից գանձված գումարները:

Ո՞վ է դրա պատասխանատվությունը կրելու: Սա սոցիալական ռումբ է պետության տակ, որն ավելի ու ավելի է խորացնում անվստահությունը պետական ինստիտուտների, իշխանության քայլերի հանդեպ: Մի՞թե սա չեն հասկանում ներկայիս իշխանությունները:

Ի՞նչն է կամ ո՞վ է երաշխավորը, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ներդրած գումարները չեն արժեզրկվելու: Այս հարցի պատասխանը չկա:

Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում է դրամը արժեզրկվել 15 տոկոսով: Իսկ ի՞նչ կլինի 10, 20, 30 տարի հետո:

Սա արդյունք է այն բանի, որ երկրում հաստատված է սոցիալական և քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ: Սրա արդյունքում մեծանում է պետության հանդեպ քաղաքացիների անվստահությունը, նրանք դադարում են հայրենիքում իրենց հեռանկարը տեսնել: Ընդհանրապես, երկրում ամրապնդվում է հոգեբանական ծանր մթնոլորտը:

Հայաստանում բոլոր տնտեսական և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ: Իսկ դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ և ընդունել այն դրույթը, որ ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ իշխանության ձևավորման հարցում:

Ես միշտ նշել եմ, որ ինձ համար Հայաստանում չկան թշնամիներ, վատ կամ լավ քաղաքական ուժեր: Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն ներգրավվեն պետական շինարարության մեջ, և ընդդիմությունը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա այս գործընթացում: Դրա համար անհրաժեշտ է միայն ու միայն քաղաքական կամք: Մինչդեռ, այսօր Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս վիճակի մեջ են զգում:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամիսներ առաջ մենք շրջանառության մեջ դրեցինք «նոր որակի իշխանություն» ձևակերպումը: Ես կուզեի մի փոքր մանրամասնել, թե ինչ է ընկած այս ձևակերպման հիմքում:

Այս ձևակերպմամբ ես առաջին հերթին ի նկատի ունեմ քաղաքական մենաշնորհի վերացումը: Սա Հայաստանին ոչ մի լավ բան չի բերում: Սա թույլ չի տալիս որևէ խնդրի լուծման ճանապարհին գտնել արդյունավետ տարբերակներ, օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, անել մեր երկրի համար իրոք կարևոր, օգտակար քայլեր: Սա աղքատացնում է քաղաքական միտքը մեր երկրում:

Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի օրենքը, պետության շահը և հասարակական կարծիքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այսօրվա, թերևս, ամենակարևոր ուղերձի վրա:

Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նո՛ր մարդկանցից՝ կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, և հենց նրանք պետք է լինեն նոր և ուժեղ Հայաստանի դեմքը:

Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ կամ մի անձին` մյուսով: Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ և չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը:

Ես այսօր պաշտոնապես հրավիրում եմ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող՝ լավ կրթությամբ և մասնագիտական բարձր ունակություններով հայ մասնագետներին, Հայաստանում ապրող երիտասարդ կրթված ու ազնիվ մասնագետներին: Եկե՛ք միասին թիմ կազմենք, ձեր ունակությունները դրե՛ք ի նպաստ Հայաստանի ու մեր ժողովրդի: Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցներից ապահովելու ձեր բարեկեցությունը, աջակցելու ձեր կողմից մշակված ցանկացած ծրագրի, որն իրական օգուտ կտա Հայաստանին և հայ ժողովրդին:

Ես պատրաստ եմ ապահովել էֆեկտիվ աշխատելու համար բոլոր պայմանները. ստեղծե՛ք աշխատանքային խմբեր, ոլորտ առ ոլորտ մշակե՛ք մեր երկրի համար զարգացման ծրագրեր: Հատուկ ընդգծեմ՝ ես խոսում եմ կոնկրետ, կիրառելի, արդյունք տվող ծրագրերի մասին: Ինձ հետաքրքիր չեն հերթական գեղեցիկ խոսքերը, ձևակերպումները, կեղծ հայրենասիրական ճառերը: Ես գործի մարդ եմ, ես կոչ եմ անում իրակա՛ն գործի:

Եկե՛ք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով և նոր դեմքերով: Ես ուզում եմ, որ հենց Դո՛ւք գաք իշխանության ու դառնաք Հայաստանի պատմությունը նորովի կերտողներից մեկը: Դուք դա կարող եք, ես հավատում եմ: Ես պատրաստ եմ օգնել, աջակցել՝ ինչով կարող եմ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը՝ մերժելով առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը:

Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խոր անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների:

Ես կարևորում եմ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլո՛ր ընտրություններին, որովհետև քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով: Մենք պետք է ողջ երկրով մեկ աշխատենք մարդկանց հետ` ստանալու համար ժողովրդի աջակցությունը:

Մենք պետք է կարողանանք գրագետ և կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այդ նպատակի համար տասնյակ հազարավոր մարդկանց մենք ներգրավելու ենք ամենօրյա աշխատանքի մեջ: Ի վերջո, ընտրակեղծիքների չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի: Հավատացե՛ք, դրա համար մենք ունենք թե՛ մարդկային, թե՛ կազմակերպչական և թե՛ նյութական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները:

Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Բայց քայլերի ժամանակն անսահման չէ:

Հարգելի՛ գործընկերներ,

Չեմ ուզում չարաշահել Ձեր համբերությունը. մաղթում եմ Ձեզ ազատ և հետաքրքիր քննարկումներ, այդ թվում` իմ կողմից առաջ քաշված դրույթների վերաբերյալ:

Շնորհակալություն

Այս խորագրի վերջին նյութերը