Կարծիք

06.10.2009 09:57


Մեկ անգամ ու վերջ

Մեկ անգամ ու վերջ

Տևական ժամանակ ես խուսափում էի արձագանքել իմ լավ բարեկամ Անդրանիկ Թևանյանի հոդվածներին ու դրանցում արտահայտված մտքերին' կապված հայ-թուրքական հարաբերություններում Հայ ազգային կոնգրեսի և ներկա բանդիտական ռեժիմի դիրքորոշումների նույնականության հետ: Արժեր խուսափել նաև հետայդու, եթե Անդրանիկ Թևանյանի դիրքորոշումը կամա թե ակամա ճշգրտորեն չհամընկներ իշխանական քարոզչամեքենայի ներկայացրածին:

Եվ այսպես.

Կո՞ղմ, թե՞ դեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը (ինձ և քեզ, կարծում եմ, հետաքրքրում են հիմնական ուժերը) այս կամ այն կերպ հայտարարել են հետևյալը. մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տես' Ազգային ժողովի □քննարկումների□ սղագրությունը, բազմաթիվ ասուլիսներն ու հարցազրույցներն էլ վրադիր: Դու նույնպես' քո բազմաթիվ հրապարակումներում: Բոլորը' Կոնգրեսը (նախագահ Տեր-Պետրոսյանի մոտեցումներն այս հարցում նույնն են արդեն 18 տարի, և որևէ անգամ, լինի նախագահության շրջանում, հրաժարականից հետո, նախընտրական շրջանում, թե հետմարտիմեկյան փուլում դրանք չեն հարմարեցվել որևէ քաղաքական կոնյունկտուրայի), ՀՅԴ-ն, Ժառանգությունը, բանդիտական ռեժիմի հենարան կոալիցիան, Անդրանիկ Թևանյանը և այլք: Հակառակն էլ դժվար թե լիներ, որովհետև Հայաստանի համար իրավահավասար կարգավորումից դժվար թե հրաժարվի որևէ բանական անձնավորություն կամ քաղաքական ուժ:

 

Տարբեր են մոտեցումները, թե որքանով են արտացոլում ներկայացված արձանագրությունները Հայաստանի շահերը: Պարզ ասած, տարբեր են մոտեցումները, թե ինչ գնով գնալ կարգավորման: Ռեժիմը և նրան սպասարկողների համար այս արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես կապ չունի: Նրանք կողմ կլինեին, եթե անգամ այնտեղ Հայաստանի հասցեին հայհոյանք գրված լիներ: Միայն թե դրանով հնարավոր լիներ երկարաձգել իրենց իշխանությունը: Եվ չկասկածես, նույն փութաջանությամբ կպաշտպանեին Հայաստանին հասցեագրված հայհոյանքները ԱԺ ամբիոնից: Կոնգրեսի, Դաշնակցության, Ժառանգության, տարբեր այլ կազմակերպությունների, անհատների, այդ թվում' քո համար այս արձանագրություններն անընդունելի են: Մի կողմ թողնենք պատճառները, թե ինչու են անընդունելի: Կոնգրեսն ունի ութ, □Ժառանգությունը□' տասնութ, Դաշնակցությունը' քսանութ, դու էլ երեսունութ պատճառ դա համարելու անընդունելի:

Ո՞րն է ելքը

Հիմա հասարակության այն հատվածի համար, որն այս արձանագրությունները համարում է անընդունելի, ո՞րն է խնդիրը, նպատակը, օրվա հարցը: Ըստ իս' կանգնեցնել այս ընթացքը և չթողնել այս ռեժիմին գնալ այդ ստորագրմանը:

Հիմա ինչպե՞ս ենք լուծում այս խնդիրը: Կոնգրեսի կարծիքը միանշանակ է. քանի դեռ Սերժ Սարգսյանը գտնվում է իր կողմից զավթված նախագահական նստավայրում, ստորագրումը կանգնեցնել հնարավոր չէ: Այսինքն հասարակությունը պետք է համախմբված  (ոչ ոք միայնակ չի կարող անել) հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին' կանգնեցնելու համար այս ընթացքը: Կոնգրեսից բացի ոչ ոք, ոչ մի քաղաքական կազմակերպություն, ոչ մի անհատ, այդ թվում և դու, ցույց չի տվել այն ճանապարհը, որով սա հնարավոր է կանգնեցնել: Արձանագրությունները բոլորը հրաշալի քննադատել են, փայլուն: Մոռացել են ելքը ցույց տալ: Նալբանդյանին պաշտոնանկ անելով կկասեցվի՞ այս ընթացքը: Վստահ եմ, որ ոչ: Հացադու՞լ, պիկե՞տ, ստորագրահավա՞ք, հանրաքվե՞։ Վստահ եմ որ ոչ: Ավելին' վստահ եմ նաև, որ ընդունելով այդ թատրոնի կանոնները ու այս ռեժիմի հետ մտնելով դետալային բանավեճի մեջ, թե այս կետը վտանգավոր է, մի ուրիշն ավելի վտանգավոր, իրականում նման կերպ վարվողներն օգնում են Սերժ Սարգսյանին իր այս հակապետական ձեռնարկում' բողոքի ալիքն ուղղելով նրա համար կատարելապես անվնաս հուն: Հասարակության համար ամեն ինչ շատ պարզ է, եթե կուզես պարզ է նաև այս ռեժիմի սպասարկուների համար: Հայաստանում որևէ մեկին համոզելու խնդիր չկա:

Հիմա ինչ է ստացվում: Կոնգրեսը, ցավոք սրտի, միակն է, որ ցույց է տալիս ճանապարհը: Բայց նաև միակն է, որին առաջադրվում է իրենց արևին մի հրեշավոր (եթե ճշմարտություն լիներ, իհարկե հրեշավոր կլիներ) մեղադրանք. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումները նույնն են: Մեջբերեմ քո ելույթից. «Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր. Սարգսյանի գաղափարական միակ հենարանը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը մեծ հաշվով չի ընդդիմանում Սարգսյանի քայլերին, բայց միևնույն ժամանակ պահանջում է նրա հրաժարականը, քանի որ իշխանությունը վերցնելու խնդիր կա»:

Որտեղի՞ց վերցրեցիր, որ չի ընդդիմանում: Մենք, այո, կարգավորմանը կողմ ենք: Բայց Դաշնակցությունն էլ, Ժառանգությունն էլ, դու էլ, բոլորդ էլ կողմ եք: Բայց այս խայտառակ պայմաններով դեմ ենք, ինչպես և վերը նշված ուժերը, դու էլ որպես անհատ հետը: էլի եմ կրկնում' դու ութ բացատրություն կարող ես ունենալ, Կոնգրեսը' տասնութ, Ժառանգությունը քսանութ: Թե՞ պատճառների քանակով է որոշվում ով է դեմ, ով ոչ: Հիմա մենք ստորագրումը կանխելու  ճանապարհը, միջոցը համարում ենք Սերժ Սարգսյանին հեռացնելը և Հայաստանին լեգիտիմ իշխանությամբ ու անխոցելի նախագահով օժտելը (այս հոդվածը գրում էի, երբ ծանոթացա 7.or.am կայքում անցկացված հարցմանը, որտեղ ըստ էության Կոնգրեսի առաջարկած տարբերակը պաշտպանել էր մասնակիցների 90 տոկոսը!): Դեռ ավելին, Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում չի առաջադրվի: Էլ ի՞նչ պիտի անեինք:

Հիմա եթե համաձայն ես, քո և քո պես մտածող քաղաքացիների անունից պահանջիր նրա հրաժարականը: Կարող էիր հենց պառլամենտում էլ անել: Տեղն էլ հաջող էր: Իսկ միգուցե հրաժարականի հե՞տ համաձայն չես: Շատ լավ' դե ելք առաջարկիր: Քաղաքականությունը խոսել չէ: Այն նախևառաջ գործ է, քայլ: Մեր ժողովրդի պատմությունը ողբերգական է հենց նրանով, որ բոլորը միշտ խոսել են: Հիմա էլ, վախենամ խոսելու են ու Սերժ Սարգսյանն անելու է երկրորդ քայլը ազգային դավաճանության ճանապարհին: Սերժ Սարգսյանի համար դա փույթ չէ. մի խարան թե ութ, տարբերություն չկա: Բայց նրա արածից այս պետությունն ու հասարակությունը հերթական անդառնալի կորուստներն են ունենալու, ինչպես ունեցան մարտի 1-ին:

Մի բան էլ: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդու համար ակնհայտ է, որ այսօրվա արձանագրությունները, որպես արտաքին քաղաքականության (եթե այդպիսին կա) □արդյունք□ իր մեջ պարունակում է հսկայական ներքաղաքական բաղադրիչ:  Հետմարտիմեկյան ամբողջ շրջանում Կոնգրեսում հավաքված թիմը փողոցներն ընկած պաշտպանում է հայկական ժողովրդավարության մնացորդները, քաղբանտարկյալներին ու մարդու իրավունքներն առհասարակ' այս ամենը համատարած տեռորի ու հալածանքների պայմաններում: Այդ պայմաններում մի հատ հանրահավաք անեիք, մի հատ:  Ավելի քան մեկ տարի ահազանգում ենք ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում ահագնացող վտանգների մասին: Չորս կողմից չարախնդում էին: Ղարաբաղի հարցով հիմա էլ չարախնդում են: Վաղը էդ մի փորձանքն էլ կգա, էլի արդարացման համար Կոնգրեսին են մեղադրելու բոլորը, այդ թվում և դու (գործ չանողը միշտ ուրիշին է մեղադրում անհաջողության ու ձախողման համար): Ցույց տուր քաղաքական մեկ այլ կազմակերպություն, ով հետևողականորեն բարձրացրել է այս հարցերը: Ու քանի որ չկա այդպիսինը, պիտի ծնվեր հաջորդ հակափաստարկը, իսկ իրականում գործ չանելու ու պատասխանատվությունից խուսափելու արդարացումը - Կոնգրեսը ձգտում է իշխանության: Որ իշխանություն վերցնելու խնդիր կա:

Այս մի «հրեշավոր» մեղադրանքին չանդրադառնամ: Միայն ասեմ հետևյալը. այսօր միայն Կոնգրեսն է դնում Հայաստանում իշխանության փոփոխության խնդիր (մի կողմ թողնենք, թե ինչքանով է բարոյական չպահանջել տասը քաղաքացի գնդակահարած ու հարյուրավորներին բանտը նետած, Հայաստանի ազգային հարստությունը սիստեմատիկորեն թալանող իշխանության հեռացումը): Եթե որևէ մեկին դուր չի գալիս, որ հենց Կոնգրեսն է դնում այդ հարցը ուրեմն' կամ ինքն էլ պետք է դնի այդ հարցը և հասարակությանը տանի իր հետևից, որպեսզի Կոնգրեսն իշխանության չգա, կամ էլ իրեն ընդհանրապես դուր չի գալիս, որ ինչ որ մեկը դրել է այս բանդիտական ռեժիմը փոխելու խնդիր, որովհետև համարում է, որ Հայաստանում ամեն ինչ շատ լավ է: Երկրորդ խմբին, ի միջիայլոց, Սերժ Սարգսյանը լավ վարձատրում է:

Ցավալի է ոչ թե այն, որ Անդրանիկ Թևանյանը, կամ որևէ այլ ոք չի կիսում Կոնգրեսի մոտեցումները: Քավ լիցի: Թող չկիսեն Կոնգրեսինը, բայց թող ունենան իրենցը: Ավելին, թող քննադատեն Կոնգրեսինը: Բայց չեղածը ներկայացնել, որպես իրականություն, սուտը' ճշմարտություն անընդունելի է և ոչ բարոյական:

Իսկ ամեն ինչից զատ, մարդկայնորեն շատ ցավում եմ' դեմ առնելով հետևյալ իրողությանը. Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի քաղաքականության նույնականության, ինչպես նաև Կոնգրեսի' □իշխանատենչության□ մասին խոսում են Սահակյան Գալուստը, Պետրոսյան Ռաֆիկը, Շարմազանով Էդուարդը, Կարապետյան Տիգրանը, Մարգարյան Հրանտն ու իմ լավ բարեկամ Անդրանիկ Թևանյանը:

Իսկապես ցավում եմ:

Արման Մուսինյան

Հ.Գ. Վստահ եմ, այս հոդվածին արձագանքներ կլինեն: Բայց հայցելով և՛ Անդրանիկի, և՛ ընթերցողների ներողամտությունը, պիտի նշեմ, որ չեմ պատասխանելու արձագանքներին: Բնավ ոչ այն պատճառով, որ համոզված եմ կամ չեմ մտքերիս ճշմարտացիության մեջ: Այլ միայն նրա համար, որ օգնած չլինեմ Սերժ Սարգսյանին իր սցենարն իրագործելու հարցում: Իսկ մեր բանավեճը վերը քննարկված խնդիրների շուրջ անկասկած օգնելու է Սերժ Սարգսյանին' նաև հնարավորություն տալով նրան քահ-քահ ծիծաղել մենության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը