Քաղաքական

09.02.2015 12:47


Արտակ Խաչատրյանի եղբայր. «Հստակ ֆիքսված են մեքենան, գույնը, ժամը»

Արտակ Խաչատրյանի եղբայր. «Հստակ ֆիքսված են մեքենան, գույնը, ժամը»

Այսօրվա ասուլիսին «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը խոսել է դեպքի մասին և տեղեկություններ փոխանցել եղբոր ինքնազգացողության վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արտակ Խաչատրյանի թոքերի դրենաժավորումը մի քանի օր կշարունակվի։

–Կես ժամ առաջ եմ Արտակի մոտից դուրս եկել. վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց՝ դրական դինամիկայով։ Բժիշկների հավաստմամբ՝ թթվածնային օգնությունը, թոքերի դրենաժավորումը շարունակվում են, և դեռ երկու–երեք օր կշարունակվեն,–ասել է նա՝ հավելելով, որ կենսական օրգանները լուրջ վնասվածքներ չունեն,–որովայնում ենթամաշկային օդ էր հավաքվում, որն էլ առաջացնում էր շնչարգելություն։

Արտյոմ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ոստիկանության սպաները շուրջօրյա հսկողություն են իրականացնում հենց վերակենդանացման բաժանմուքնում։ Ակտիվիստի եղբայրը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին ու քաղաքական կուսակցություններին, որոնք արագ, ադեկվատ արձագանքել են.

–Ունենք բավականին գրագետ, իրազեկված հասարակություն։ Կոնսոլիդացիա եմ տեսնում քաղաքական ուժերի մեծամասնության և ժողովրդի միջև, իսկ դա նշանակում է, որ մենք խոսում ենք ոչ թե կոնկրետ պատահարի, ոչ թե կոնկրետ անձի մասին, այլ երևույթի։

Այդ երևույթը բանախոսը որակել է կազմակերպված հանցագործություն։

–Արտակը կապ չի ունեցել, չունի և չի ունենա քրեաօլիգարխիկ աշխարհի հետ,–ասել է եղբայրը՝ նշելով, որ նրա գործունեությունը, կյանքը բաց են, ազատ, և ոչ մի գաղտնի էջ չունեն, և ամենաակտիվը նրա՝ վերջին հինգ տարվա հասարակական գործունեությունն է։

Արտյոմ Խաչատրյանի հավաստմամբ՝ փաստացի գործում է կազմակերպված բանդա։

–Այստեղից մի հետևություն. մեր փոքրիկ հանրապետությունում մենք ունենք բազմաթիվ իրավապահ կառույցներ՝ ՆԳՆ, ԱԱԾ, ունենք Քննչական վարչություն, ունենք Ֆինանսների նախարարության օպերվարչություն, այսինքն՝ ֆինանսական հանցագործություններ, այսինքն՝ չունենք կառույցների քչություն, ռեսուրսների պակաս, որպեսզի կարողանանք բացահայտել այս ամպագոռգոռ հանցագործությունը։

Որպես ՀՀ քաղաքացի և Արտակ Խաչատրյանի եղբայր՝ Արտյոմը պահանջ է ներկայացրել այն կառույցներին, որոնք ի զորու են զբաղվել գործի բացահայտման աշխատանքով. «Կա՛մ շուտափույթ բացահայտում են հանցագործությունը, որպեսզի փրկեն իրենց՝ ժողովրդի մոտ շատ քիչ մնացած համբավը, կներեք՝ չեմ կարող ասել՝ բարի համբավը, որպեսզի ցույց տան հանրությանը, աշխարհին, Ստրասբուրգին, Վիեննային, եվրսադատարաններին, որ մենք այն երկիրը չենք, որ խոսում ենք եվրոպական արժեքների մասին, որոնց առանցքում մարդն է կանգնած, բայց միաժամանակ մեր երկրում տեղի է ունենում մարդագողություն։ Ես միանշանակ պնդում եմ և կպնդեմ՝ եթե չեն բացահայտում, ուրեմն չեն ուզում բացահայտել, դա հստակ է»։

Բանախոսը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ առկա են նոր ի հայտ եկած փաստեր կատարվածի կապակցությամբ, և հանցագործները լավ չէին հաշվարկել.

–Հստակ ֆիքսված են մեքենան, գույնը, ժամը, ձեզ հայտնի Տոլստոյ փողոցի մասին չի խոսքը... նոր ի հայտ եկած ապացույց՝ պետհամարանիշը։

Նրա խոսքերով՝ այդքանից հետո չբացահայտելը բացառվում է։ Ինչ վերաբերում է դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրություններին, բանախոսն ասել է, որ ոստիկանությունը վերցրել է, նայել է, և տուժող կողմին էլ շատ բան չի ասում՝ բացատրելով, որ դա կարող է խանգարել գործի վարույթին. «Արտակը դեռ չէր գտնվել, իրենք դա արդեն նայել էին»։

Եզրափակելով՝ տուժածի եղբայրն ասել է. «Եթե չբացահայտվի այդ գործը, ուրեմն ուղիղ գնում է դեպի իշխանություններ, չմոռանաք շեշտել «եթե» բառը. դա կարևոր է կոնտեքստի մեջ»։

Ըստ նրա՝ այս ամենը բացահայտ պատերազմ է ժողովրդի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը