Մեկնաբանություն

09.02.2015 14:44


ՀՀԿ–ի իրական ԳՄ–ն արձագանքեց Ծառուկյանին. պատասխանը կլինի քաղաքական

ՀՀԿ–ի իրական ԳՄ–ն արձագանքեց Ծառուկյանին. պատասխանը կլինի քաղաքական

Սերժ Սարգսյանն իր հետագա ծրագրերի մասին, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերին «անոնսվեց», պետք է հայտարարի փետրվար–մարտին։ Գլխավոր հարցը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին։

Բնական է, որ հիմնական քաղաքական ուժերից մեկը հանդիսացող ԲՀԿ–ն պետք է նախապես ցույց տար իր դիրքորոշումը։

Փետրվարի 5–ի համաժողովում Գագիկ Ծառուկյանը, մեծ հաշվով, երկու տարբերակ առաջարկեց Սերժ Սարգսյանին և ներկայացրեց իր անելիքները տարբերակներից ցանկացածի ընտրության դեպքում։

Կա՛մ իշխանությունները գնում են զիջումների՝ հրաժարվելով սահմանադրական փոփոխություններից, որոնք բացառապես Սերժ Սարգսյանի երրորդ և ցմահ «սռոկի» համար են արվում, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով (նախապես, բնականաբար, փոխելով Ընտրական օրենսգիրքը)։

Սա առանց ցնցումների քաղաքական փոփոխությունների հասնելու տարբերակն է։ Իշխանական մամուլն ու քաղաքականապես անմեղսունակները փորձում են հանրությանը ներկայացնել, թե, իբր, այս տարբերակով Ծառուկյանը Սերժից պահանջում է իր հետ կոալիցիա կազմել, սակայն նման բան չկա։ Պարզապես պետք է «մուտիլովկաներով» չզբաղվել կամ էլ ուշադիր ծանոթանալ Ծառուկյանի ելույթին։

Կա՛մ իշխանությունները չեն հրաժարվում սահմանադրական փոփոխությունների գաղափարից և գնում են կացնային տարբերակով վերարտադրվելու ճանապարհով։ Այդ դեպքում Գագիկ Ծառուկյանին այլ բան չի մնում, քան քաղաքական գործընկերների և հանրության լայն շրջանակների հետ արմատական քայլերի գնալը՝ հասնելով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների։

Սա ցնցումային տարբերակն է, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Սերժ Սարգսյանի վրա, և հետևաբար, մեղքն իր վիզը։

ԲՀԿ առաջնորդն իր ելույթում «մեսիջ» ուղարկեց, որ պատրաստ է ցանկացած տարբերակի՝ հատուկ ընդգծելով, որ իր համար ցանկալին երկիրը ցնցումներից ու արյունահեղությունից հեռու պահելն է։

Դատելով այն հանգամանքից, թե ինչ տեղի ունեցավ Ծառուկյանի ելույթից հետո, կարող ենք ասել, որ ՀՀԿ ղեկավարն առայժմ ստուգում է, թե ինչ կարգի հակազդեցության նա կարող է հանդիպել, եթե որոշի գնալ վերարտադրության ճանապարհով (ժառանգորդի մասին Սերժը չի մտածում, և կեղծ են բոլոր այն «ֆիգուրները», որոնց «անկախ» լրատվամիջոցները և «սարսափելի ընդդիմադիր» դեմքերը «ռասկրուտկա» են անում՝ որպես ապագա նախագահ)։

ԲՀԿ–ական Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը, ակնհայտորեն, Բաղրամյան 26–ի հովանու ներքո են տեղի ունեցել։ Դրանով Սարգսյանը հասկացնում է, որ «մահապարտի» կարգավիճակով փորձելու է ատամներով պահել իշխանությունն ու վերարտադրվել։ Նա ձեռնոց է նետում հանրությանն ու քաղաքական ուժերին, նաև՝ սեփական թիմակից կոչվածներին՝ ցույց տալով, որ իր հենարանը լիսկաներն ու դիմակավոր բանդաներն են (մեր ջերմագին ողջույնները սահմանադրական փոփոխությունները որպես մարդակենտրոն համակարգ ստեղծելու փորձ ներկայացնող ՀՅԴ–ականներին)։

Բռնության կիրառմամբ՝ «Վերջի բոլշևիկը» նաև փորձեց վախեցնել ԲՀԿ–ական շրջանակներին, բայց հաշվի առնելով արձագանքները՝ դա չստացվեց։

Սարգսյանն ուզում է քաղաքական գործընթացները տեղափոխել այլ հարթություն, և դրա համար է Արտակ Խաչատրյանը բռնության ենթարկվել։

ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը, այսինքն՝ համաժողովրդական շարժման առաջատար ուժերը, իրենց պահվածքով և հետագա քայլերի մասին հայտարարություններով ցույց տվեցին, որ ընդունում են իշխանությունների նետած մարտահրավերը, և պատասխանը տալու են քաղաքական կոդերով ու գործողություններով։

Ի դեպ, Ծառուկյանի ելույթից հետո տարբեր տրամաչափի ՀՀԿ–ականներ, մեկ կենտրոնից իջեցված հրահանգով, անդրադառնում էին համաժողովում հնչած տեսակետներին ու միաբերան պնդում, որ ԲՀԿ առաջնորդի ասածներին քաղաքական գնահատական կտան ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո։

Իրականում ՀՀԿ ԳՄ–ն, ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26–ին կից գործող բանդան, իր արձագանքը Ծառուկյանին տվեց ԲՀԿ–ականի վրա հարձակվելով։ ՀՀԿ ԳՄ–ն, ըստ այդմ, կեղծ և ոչինչ չորոշող օրգան է՝ «ադաբրյամս» անող «կանտոռա»։

ՀՀԿ–ի իրական ԳՄ–ն այն բանդան է, որը հարձակվում է ազատամարտիկների, ակտիվիստների կամ քաղաքական գործիչների վրա։ ՀՀԿ ԳՄ–ին վերապահված է բանդիտների արածի համար քաղաքական փաստաբանություն անելու գործառույթը, այսինքն՝ «փչանալը»։ Ասել է թե՝ Սարգսյանի քաղաքական արձագանքն արդեն իսկ կա, քանզի ահաբեկչությունը քաղաքական արձագանքի տարատեսակ է։ Ահաբեկչությանը պատասխանելու մասին էլ հայտարարությունն արեցին «եռյակն» ու մյուսները, ըստ որի՝ լինելու են քաղաքական բնույթի գործողություններ, քաղաքական պահանջներ և քաղաքական լուծումներ։

Եթե իշխանությունները փողոցից մարդ են առևանգում և ծեծում, նշանակում է, որ պայքարն էլ պետք է փողոցում տեղի ունենա։

Սերժ Սարգսյանին ակնհայտորեն հանգիստ չեն տալիս Մուբարաքի, Քադդաֆիի կամ Յանուկովիչի «դափնիները»։

Ամեն մարդն ինքն է ընտրում իր ճանապարհը։ Եթե Սարգսյանին թվում է, թե ԲՀԿ–ն կընկրկի կամ կգնա հախուռն գործողությունների, իսկ համաժողովրդական շարժումն էլ անկազմակերպ ու առանց ուժային բաղադրիչի կմտնի կռիվ, ապա նա չարաչար սխալվում է։

Սա մտքի ու կամքի պայքար է։ Միտքը պետք կլինի շարժումը կազմակերպելու, իսկ կամքը՝ բանդիտիզմը վերացնելու համար։

Ձեռնոցը նետված է, մարտահրավերն՝ ընդունված։ Մարտավկաների կարիք չկա։ Մարտերն ընթանալու են ոչ թե առանց կանոնների, այլ կանոններով՝ քաղաքական կանոններով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը