Քաղաքական

13.02.2015 13:31


Տ. Ուրիխանյան. «Մենք գնո՛ւմ ենք փոփոխությունների ճանապարհով»

Տ. Ուրիխանյան. «Մենք գնո՛ւմ ենք փոփոխությունների ճանապարհով»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քիչ առաջ ավարտված քաղխորհրդի նիստից հետո այդ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասել է, որ րոպեներ անց կներկայացվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը։

–Համապարփակ, բոլոր հարցերին պատասխան տվող, խիստ քաղաքական, ծանրակշիռ, ի համեմատության այլոց՝ առանց ջղագրգիռ պոռթկումների, ՀՀ տերերի, այն է՝ քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված, լուծումներ առաջարկող ելույթ է,–ասել է Տ. Ուրիխանյանը։

Նա հավելել է, որ իշխանությունների կողմից մարտահրավերը նետվել է այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին այլևս կորցրեց երկրում ապրելու ցանկությունը. պարզապես անհնարինության պատճառով բռնեց երկիրը լքելու ճանապարհը.

–Մարտահրավեր է, որ 1մլն–ի հասնող աղքատ մարդ ունենք, և ես ցավում եմ, որ երեկ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չանդրադարձավ այդ հարցին, ցավում եմ, որ երեկ չխոսվեց կլանավորման, յուրայինների, թիմակիցների միջոցով բոլոր հնարավոր ձևերով երկրի պոտենցիալը գործածելու մասին, ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքականության, տնտեսության խայտառակ վիճակի մասին, այլ պարզապես անձնավորված, անձնական վիրավորանքներով ապաքաղաքական խոսակցություն ծավալվեց։ Այսինքն, մարտահրավեր է պրոբլեմը, որը հնարավորություն չի տալիս մարդկաց ապրելու։ Մնացյալ ամենը, ինչ տեղի է ունենում, հետևանքներն են երկրում ստեղծված խայտառակ վիճակի։

Տ. Ուրիխանյանը վստահեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի ելույթը չի անհանգստացրել։

–Նա անհանգստացած է նրանով, որ Հայաստանում շուրջ 1մլն մարդ աչքերն արցունքոտում է դեղի ու հացի կարիքից ելնելով։ Որ մարդիկ այսօր հրկիզում են իրենց ու սեփական երեխաներին՝ ճարահատված լինելով, իսկ մնացած ամենը երկրորդական է։

Ինչ վերաբերում է սպառնալիքներին, թե հարկային ստուգումներ են սկսվելու, կամ մանդատից են զրկելու Ծառուկյանին, ԲՀԿ մամուլի խոսնակը հակադարձել է.

–Իսկ ի՞նչ է, Հայաստանում մինչ այս օրենք էր խախտվում, իսկ հիմա չի՞ խախտվելու արդեն։ Ինձ զարմացնում է դա։ Մանդատից զրկեն ի՞նչ հիմքի առկայությամբ, ո՞ր բացակայությունների, որոնք ԱԺ նախկին և գործող նախագահները համարում են հարգելի՞։ Իսկ քաղաքականությունից հեռանալու մասին թող մտածեն նրանք, ում բացարձակ մեծամասնությունը չի ուզում տեսնել քաղաքականության մեջ։ Հայաստանում մարդիկ ուզում են փոփոխություններ, մենք գնո՛ւմ ենք փոփոխությունների ճանապարհով, մենք խստագույնս դատապարտում ենք սահմանադրական բարեփոխումների անվան տակ հրամցվող ավանտյուրիստական էքսպերիմենտի փորձը։

Ուրիխանյանը նաև հավելել է, որ հանրահավաքներ անպայման լինելու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը