Քաղաքական

13.02.2015 16:21


Քաղաքական ուժերի արձագանքը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթներին

Քաղաքական ուժերի արձագանքը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթներին

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «7օր»–ի հետ զրույցում արձագանքել են երեկ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի և այսօր ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ելույթներին։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ Սերժ Սարգսյանն ահաբեկված է։

–Զգում է, որ իր ոտքերի տակից հողը գնում է, և, փաստորեն, փորձեց քաղաքական ահաբեկչություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ու դրանով ինքն իր հրաժարականի և իշխանափոխության քարը դրեց՝ «գերեզմանաքարը»։ Ես համոզված եմ, որ իր ելույթը դառնալու է «վերջին բոլշևիկի», վերջին հանրապետականի օրհներգը,–ասել է Ա. Հարությունյանը։

Նա նաև համոզված է, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի շուրջ.

–Պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը թիվ մեկ ընդդիմադիրն է, որից սարսափում է Սերժ Սարգսյանը։ Նաև երևաց, որ ՀՀԿ–ն ոհմակ է, հավաքվել են իրար գլխի, որովհետև այդպես ավելի հարմար է թալանել երկիրը, և իրենք պատրաստ են ամեն ինչի։ Բայց դրանով պայթեց կարևոր փուչիկներից մեկը, որ իրենք էին տարածում, այսպես ասած, «գեբելսյան» քարոզչամեքենայով, թե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված խաղ է խաղում։ Դրանով միանգամից երևաց, որ Սերժ Սարգսյանն իրոք սարսափում է։

Ա. Հարությունյանը մեկ համոզմունք էլ ունի՝ ժողովուրդը կանգնելու է համաժողովրդական շարժման կողքին, և շատ կարևոր է, որ բոլորը հասկական՝ Սերժ Սարգսյանի՝ մեկ օր ավելի մնալը վնաս է Հայաստանին, և սպառնում է ազգային անվտանգությանը։

Այդ իմաստով բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց ջանքերը ներդնեն, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ տեղի ունենա առաջին հանրահավաքը, որովհետև Սերժ Սարգսյանը ժողովրդի նկատմամբ ֆոբիա ունի. սարսափում է ժողովրդից։ Նախագահականի որոշ աղբյուրների համաձայն՝ նրա սիրած ֆիլմը «Կնքահայրն» է. ասում են՝ ժամանակին նա օրը յոթ անգամ նայում էր, այսինքն՝ երեկ երևաց, որ ինքն իրեն ոչ թե երկրի ղեկավար, այլ մաֆիայի պարագլուխ է համարում։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահն այն համարում է հրաշալի.

–Հայ մարդու, երկրով մտահոգված մարդու ելույթ, և եթե համեմատում ենք երեկվա, այսպես ասած, նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ելույթի հետ, սարերի տարբերություն ենք տեսնում։ Գագիկ Ծառուկյանը միշտ ձգտել է իշխանափոխության անցնցում տարբերակին, շարժվել «ճանապարհային քարտեզով»։ Սերժ Սարգսյանը գնաց «ինքնասպանության», իսկ ինքնասպանության գնացող մարդուն փրկելը դժվար է։ Դա հիշեցնում է Քադդաֆիին և մյուսներին։

Նրա խոսքով՝ Գ. Ծառուկյանը մնաց իր բարձրության վրա, չհասցրեց անձնական վիրավորանքներ, և իշխանափոխության գործընթացը դրվեց ավելի արագ ռելսերի վրա.

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ամենացածր մակարդակի հանցագործ խմբի պարագլխի ելույթ էր։ Չնայած, երբեք մարդիկ հենց այնպես պարագլուխ չեն դառնում. պարզապես նա բախտի բերմամբ հայտնվել էր այդ աթոռին, բայց շատ արագ «ինքնասպանություն» գործեց։ Իսկ Ծառուկյանի կոչն ուղղված էր ժողովրդին. նա խոսում էր ժողովրդի հետ և միասնության ու համախմբման կոչ անում՝ օր առաջ ազատվելու այս չարիքից՝ իշխանությունից։

Ա. Հարությունյանը հավելել է, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտը բաժանվել է երկու մասի. կան մարդիկ, որոնք պաշտպանում են ոհմակին, որովհետև ոհմակի անդամ են, կա մնացած մասը՝ ժողովրդի 99.9%–ը։

Այսօր նույնիսկ փողոցում մարդկանց եմ հանդիպում, որ Ծառուկյանի կողմնակիցը չեն, բայց ասում են՝ այսօրվանից սատարելու ենք համաժողովրդական շարժմանը, որովհետև այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կգնա կործանման։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը մեծ լիցք փոխանցեց համաժողովրդական շարժմանը, և ոչ միտումնավոր որքան հնարավոր է՝ բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի վարկանիշը,–եզրափակել է նա։

ՎՍԴՀԿ–ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով էլ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է՝ քաղաքական գործընթացներում ինքը վերահսկողություն, ժամանակ չունի, և պարտվում է։

–Հետևաբար, գնաց ահաբեկման, վարկաբեկման ճանապարհով, որն ավելի շատ իրեն վարկաբեկեց, քան Գագիկ Ծառուկյանին, որովհետև նախագահի աթոռը զբաղեցնող՝ թեկուզ չընտրված մարդն իրավունք չուներ իջնելու անձնական վիրավորանքների մակարդակին, և փորձեր իր ոչ համախոհ քաղաքական ուժի ղեկավարին այդպես ներկայացնել։ Հատկապես որ Սերժ Սարգսյանն իր որակներով շատ ավելի ցածր է,–նշել է Լ. Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ, նա Սերժ Սարգսյանի ելույթը որակում է անարժեք՝ հնչեցված հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ներկայացուցչի կողմից.

–Նա քաղաքական դաշտում անելիք չունի, քաղաքական գործընթացների մեջ չի կարողանում իրեն դրսևորել որպես ՀՀԿ ղեկավար և նախագահ։ Ի դեպ, սրանով Սերժ Սարգսյանը նաև ապացուցեց, որ բոլոր ահաբեկչական գործողությունների թիկունքում կանգնած է հենց ինքը։ Տեսավ, որ դրանց արդյունքում ոչինչ չստացավ, որովհետև տեսավ, որ ժողովուրդը չի վախենում, որոշեց հիմնական քաղաքական ուժերից մեկի ղեկավարին ոչնչացնել։ Բայց, փառք ու պատիվ Գագիկ Ծառուկյանին. փայլուն ելույթ էր՝ առանց պիտակավորումների և Սերժ Սարգսյանի մակարդակին իջնելու, և հստակ ուղեգիծ՝ գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների, գնում ենք մինչև վերջ և պիտի հաղթենք։

Երեկվանից Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բոլորովին նոր, վտանգավոր իրավիճակ են առաջացրել։ Այսպես է մտածում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը.

–Այս վտանգավորության հիմքը դրեց հանրապետության նախագահը՝ իր ելույթով։ Սա ուղիղ գծով տանում է դեպի «մայդան»։

Որպես համերաշխության գաղափարախոսությունը կրող քաղաքական կազմակերպություն՝ այս կուսակցությունը դատապարտում է նման գործելակերպը։

–Հրահրել երկիրը մայդանների միայն իշխանությունը պահելու համար մեր կողմից անընդունելի է,–ընդգծել է Ս. Ավետիսյանը։

Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթն էլ նա համարում է լուրջ և կշռադատված՝ երկրին հուզող բազմաթիվ հարցերին անդրադարձով։

–Այդ հարցերը մշտապես ներկայացվել են Գագիկ Ծառուկյանի դեպքում, և որևէ դեպք չեմ հիշում, որ նա քաղաքական անհատների, իշխանության հասցեին վիրավորական արտահայտություններ է արել։ Այդ առումով ինձ համար բացարձակապես անընդունելի են այն ելույթները, որոնք արվեցին Հանրապետական կոչվող քաղաքական կուսակցության կողմից,–նշել է Ս. Ավետիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը