Լրահոս

17.02.2015 10:29


Վահե Էնֆիաջյան. «Երևանի քաղաքապետարան ևս մեկ իրազեկում ենք ներկայացրել»

Վահե Էնֆիաջյան. «Երևանի քաղաքապետարան ևս մեկ իրազեկում ենք ներկայացրել»

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

–Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, թե փետրվարի 20–ին՝ ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային հավաքը չի կարող շտապ դիտարկվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

–Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ԲՀԿ քաղխորհրդի ներկայացուցիչներով Երևանի քաղաքապետարան ևս մեկ իրազեկում ենք ներկայացրել, որը լիարժեք արտացոլում է օրենքի տառն ու պահանջը, և փետրվարի 20–ին՝ ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում, օրենքի տառին համահունչ, մենք անցկացնելու ենք մեր կողմից արդեն իսկ նախապես հայտարարված հավաքը։

–Քաղապետարանի այդ հայտարարության մեջ նշվում էր նաև, որ բացակայում է հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու անհրաժեշտ պարագաները Ազատության հրապարակում տեղադրելու իրավական հիմքը: Հնարավո՞ր է, որ այդ օրը կազմակերպչական առումով խոչընդոտներ լինեն։

–Ես չեմ կարծում, որ տեխնիկական խնդիրները կարող են հավաքն անցկացնելու համար խոչընդոտ լինել։

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ ուշ երեկոյան ԲՀԿ–ական անդամների նկատմամբ տեղի ունեցած ակնհայտ բռնարարքները։

–Ապօրինի ձևակերպումներով գործողություններ են կատարել, որոնք դուրս են նաև տրամաբանության հարթությունից։

–Սա քաղաքական հետապնդում կարելի՞ է համարել։

–Առավել քան ակնհայտ է։ Բայց ուզում եմ նաև նշել, որ նման գործողություններով բացառվում է՝ մեր թիմի որևէ անդամի մոտ վախի զգացողություն առաջացնեն։ Իսկ հասարակության և ժողովրդի մոտ այս ամենը ջղայնության զգացողություն է առաջացնում։

–Ինչո՞ւ են իշխանությունները դիմում նմանօրինակ ահաբեկումների՝ իշխանությունը կորցնելու վախի՞ց։

–Ամբողջ աշխարհում էլ նման դեպքերը միշտ էլ այդպիսի գնահատական են ստացել։ Իսկ այն կողմը, որն ուժեղ է, և մտահոգություններ չունի, շատ հանգիստ և կշռադատված է իրեն պահում, և ոչ մի ծայրահեղական քայլի չի գնում։ Մենք գործել ենք և գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում, հասարակությունն ու ժողովուրդն էլ շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում երկրում, ու իր զորակցությունն է մեզ հայտնում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը