Մեկնաբանություն

08.10.2009 11:12


Տիգրան Սարգսյանի հարկադրված պատասխանները

Տիգրան Սարգսյանի հարկադրված պատասխանները

Այս էլ որերորդ անգամ, մասնավորապես այն դեպքերում, երբ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների հարցերում իշխանությունների թեթև ձեռքով և գիշերային որոշումների հետևանքով Հայաստանը հայտնվում է ծանր իրավիճակում, կառավարության որոշ ներկայացուցիչներ, երբ պետք է պատասխանեն խորհրդարանի հարցերին, բացակայում են երկրից՝ գործողումների պատճառով։ Դա ավելի ակնհայտ է դարձել ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերվա հայտնի «Ճանապարհային քարտեզից» հետո։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանների ընթացքում, երբ պատգամավորները հենց արտաքին գործերի նախարարից են փորձում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, պարզվում է, որ ի թիվս այլ նախարարների, նա ևս գործուղման մեջ է։

Նույնը կրկնվեց նաև այս անգամ։ Հարցուպատասխանից առաջ հայտարարվեց, որ 6 նախարարներ բացակայում են երկրից,  որոնց թվում է նաև Էդվարդ Նալբանդյանը։ Բայց քանի որ պատգամավորներն արդեն պատրաստել էին իրենց հարցերը (հիմնականում՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ), ուստի դրանք ներկայացվեցին։ Կառավարության ղեկավարն էլ հանձն առավ տալ դրանց պատասխանները, որոնք, ըստ էության, ոչ մի պատասխան և ոչ մի նոր միտք չէին պարունակում։

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարիտիրոսյանի հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ թեև նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ կան բազմաթիվ և իրարամերժ կարծիքներ, այդուամենայնիվ. «Սա ճիշտ ռազմավարություն է, և Հայաստանը հաղթանակած է դուրս գալու այս պայքարից»։ Պարզվում է, որ, ըստ Տ. Սարգսյանի, մենք պետք է շատ գործուն լինենք, որպեսզի պայմանագրերում առկա դրույթներն ի կատար ածվեն։

Իսկ ահա երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեջբերեց Գյուլի հայտարարությունը, որտեղ նա անդրադարձել է պատմական ենթահանձնաժողովին և ասել, թե այն ուսումնասիրելու է Ցեղասպանության իրադարձությունները, վարչապետը հորդորեց չցիտել թուրք պաշտոնյաներին, փոխարենը վստահել հայ պաշտոնյաների հայտարարություններին և դրանք հիշատակել ։

Այս ամենից բացի, շատերը Տիգրան Սարգսյանից տեղեկացան, որ Հայաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է։ Դա էլ բացահայտվեց այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե ո՞րն է Հայաստանի պաշտոնական տեսակետը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ. ««Դե ֆակտո» և «դե յուրե» մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք կային Խորհրդային Միության ժամանակ և դրա փլուզումից հետո։ Մենք եղել ենք Խորհրդային Միության իրավահաջորդը»։

Ի դեպ, վարչապետը չզլացավ և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններում նախապայմաններ չկան։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը