Քաղաքական

09.10.2009 16:34


Սամվել Բաբայանը հայտարարել է, որ թույլ չի տա Արցախն առևտրի առարկա դարձնել

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ թույլ չի տա Արցախն առևտրի առարկա դարձնել

-Հայաստանում չկա մեկը, որը կարողանա Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Այդ անձը չի՛ կարող բացահայտ դուրս գալ ու այդ քայլին գնալ,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են Արցախի խնդրի կարգավորման հետ, և առանց ԼՂ-ի հարցի լուծման՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու։

-Եթե Ղարաբաղը մենք նվեր կտանք բոլորս միասին, ուրեմն կբացվի։ Եթե չենք տա այդ նվերը, ուրեմն չի բացվի,- ասել է Ս. Բաբայանը։

Նա նշել է, որ դեմ է Թուրքիայի այսօրվա տարածքները ճանաչելուն, և «դե ֆակտո» իրողությունը «դե յուրե» դարձնելը սխալ է։ Եթե այդպես է, ապա ՀՀ դիվանագետներն էլ իրենց հերթին այնպես պետք է անեն, որ Արցախի «դե ֆակտո» տարածքը Ադրբեջանը «դե յուրե» ճանաչի, ինչին Ս. Բաբայանը խիստ կասկածում է, որ հայկական կողմի այսօրվա կազմին կհաջողվի հասնել դրան։

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նաև վստահեցրել է, որ եթե անգամ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն, և դրա արդյունքում հայկական կողմը ստիպված լինի ԼՂ-ի հարցում գնալ զիջումների, միևնույն է, ոչ ոք դա թույլ չի տա։ Նրանց թվում առաջին հերթին Ս. Բաբայանի սերնդակիցները, Ադրբեջանի դեմ պատերազմածները, Արցախի հողերն ազատագրածներն ու ԼՂ-ի բնակչությունն են լինելու։

Բողոքի այս ալիքի հասունացումն էլ Ս. Բաբայանը տեսնում է նախաստորագրված արձանագրությունների վավերացման փուլում, և կախված այն բանից, թե ազգային  ուժերը որքան համախմբված կգործեն, հարցն անգամ կարող է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Հրաժարական պահանջողներից մեկն էլ Ս. Բաբայանը կլինի.

-Երբ ազգի հարց են դրել մեջտեղ, փայ-փայ են անում, մնացել է ժողովրդին ծախեն, բա Սերժ Սարգսյան չլինի, ով ուզում է լինի։ Չի՛ կարելի դա թույլ տալ. առևտրի գոտի չի Հայաստանը ձեր համար։ Ժողովրդին վախեցնեք, վախը բռնեք, որ պատերազմ է լինելու, ձեններդ կտրե՛ք, սոված եք մնալու, շուտ անենք՝ ինչ կա, տանք։ Քանի հազարամյակ տալով՝ գալիս եք, էլ ի՞նչ եք ուզում տաք, հերի՛ք է, էլի, վե՛րջ տվեք վախեցնելով։

Ս. Բաբայանը հավելել է նաև, որ ոչ մեկը մեզ հետ ուժով չի կարող հարց լուծել.

-Թուրքիան Հայաստանի հետ ունի 300 կմ սահման։ Այդ 300 կմ-ով քա՞նի հազար զորք կարող է մտնել։ Չի կարող ավելի քան 20-25 հազար մանյովր անի։ Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ, թող չվախեցնեն. ոչխարն էլ է քանակով շատ լինում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը