Լրահոս

10.10.2009 12:04


Իլհամ Ալիևը մեջբերել է թուրք պաշտոնյաներին

Իլհամ Ալիևը մեջբերել է թուրք պաշտոնյաներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով Քիշնևում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերությանը։

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը վերաբերող հարցին՝ Ալիևն ասել է.

-Կարող եմ ասել, որ կա դրական առաջընթաց։ Այլապես այս բանակցությունները մինչ այժմ չէին շարունակվի։ Մեր բանակցությունների փաստը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացում թեկուզ դժվարությամբ, բայց առաջխաղացում կա։ Վերջին 5-6 տարիներին շատ կարևոր հարցեր են համաձայնեցվել։ Առաջին հերթին հայկական ուժերը միանշանակ պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի շրջակա «գրավյալ» բոլոր տարածքներից։ Կարող եմ ասել, որ սա մեծ առաջընթաց է բանակցային գործընթացում այնպես, ինչպես 4-5 տարի առաջ խոսվում էր ազատագրված չորս, իսկ հետո՝ հինգ շրջանների մասին։ Սակայն նախաձեռնված բանակցային գործընթացում ընդունված քայլերի արդյունքում այսօր արդեն կարող եմ ասել, որ դա համաձայնեցված է։

Անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը նշել է.

-Մեր ունեցած տեղեկություններով՝ այս արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում չի նախատեսված։ Բայց, այդուհանդերձ, Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հայտարարություններում և անձնական հանդիպումների ընթացքում մեկ անգամ չէ, որ մեզ ասել են, թե քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի խորհրդարանում, և, այդպիսով, սահմանները չեն բացվի։ Դա ասել են նախագահը, վարչապետը, խորհրդարանի ղեկավարը, Թուրքիայի արտգործնախարարը, և մենք հավատում ենք դրան։ Հավատում ենք, որ դա այդպես էլ կլինի։ Այդ դեպքում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը