Լրահոս

12.10.2009 14:49


Հայ Հեղափոխական Դաշնակցության հայտարարությունը

Հայ Հեղափոխական Դաշնակցության հայտարարությունը

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:

Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է.

ա) Արձանագրությունների հրապարակումից հետո, անցած շաբաթների ընթացքում, թեև ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում, կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ և մեծ հակազդեցություն կա, որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում և Սփյուռքում նույնն են մոտեցումները։ Ապացուցվեց, որ Հայ Դատի պայքարը միաժամանակ պայքար է մեր անկախ պետականության ճակատագրի ու զարգացման համար։

բ) Քննարկումներն ապացուցեցին, որ արձանագրություններում և գործընթացում առկա են Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրվանից Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք հիմնական նախապայմանները բավարարող տրամադրություններ։ Ակնհայտ դարձավ նաև, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը պաշտպանող հայկական շրջանակներում նույնպես առկա էին նույն մտահոգությունները։

գ) Այս մտահոգությունները ի վերջո հստակ արտահայտվեցին ս.թ. հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։ ՀՀ նախագահը բացահայտեց այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը, որ Դաշնակցությունն էր արտահայտել։ Մասնավորապես՝ ՀՀ նախագահը հաստատեց, որ

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

2. Հայաստանի և Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց:

3. Ստորագրված փաստաթղթերը որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Համոզված ենք՝ ՀՀ նախագահի այս կեցվածքների ավելի վաղ դրսևորումը կարող էր ի սկզբանե ճիշտ հունավորել քննարկումները և հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը։ Այդուհանդերձ այս կեցվածքը պետք է ուղենիշ դառնա ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն ստորագրված արձանագրությունները պաշտպանողների համար։

դ) Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց։ Ստորագրության պահին դրսևորված խայտառակությունը նաև վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցություններում մեր դիվանագիտության ձախողումների մասին։ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը և արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի Հանրապետության վրա։ Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաեւ անընդունելի է քաղաքական, տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը։

ե) Արձանագրությունների ստորագրությամբ ավարտված փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան։ Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է։

Այս պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել մեր պետության ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը։ Այդ նպատակը պահանջում է ընդլայնել և խորացնել մեր համահայկական միասնականությունը, դուռ չբացել ազգային պառակտվածության որևէ դրսևորման առաջ և պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասվող առավել վտանգավոր հավանական նոր զարգացումները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում։ Այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական և սահմանադրական բոլոր միջոցներին, ընդհուպ մինչև իշխանափոխություն։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում համայն հայությանը՝ զինվել ինքնավստահությամբ և վճռականությամբ։ Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրությունների վավերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգները՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի միասնականության և աշխարհում արժանապատիվ ապրելու մեր սերունդների իրավունքի։

ՀԱՅ  ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
հոկտեմբերի 12, 2009թ.
ք. Երևան

 

Այս խորագրի վերջին նյութերը