Լրահոս

13.10.2009 11:46


«Ժառանգությունը» պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ'

  • հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից, եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «վեցշաբաթյա ներքին խորհրդակցությունները» պարտադրված իմիտացիա էին, քանի որ Հայաստանում ու Սփյուռքում գերակայող կարծիքը, այն է' չստորագրել ծուղակներ ունեցող եւ թուրքական նախապայմանները քողարկող այդ փաստաթուղթը, որեւէ կերպ եւ ոչ մեկի կողմից հաշվի չառնվեց,
  • հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման □հետագա փուլերում□ գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության հետ, որը ոչ անցյալում, ոչ էլ այժմ անկեղծ ցանկություն չի դրսեւորել' բաց, ազնիվ ու ճշմարիտ երկխոսություն ծավալելու իր մեծագույն ոճրագործության զոհի' հայ ժողովրդի հետ, չի զղջացել ու չի փոխհատուցել հայության նկատմամբ իրականացրած Հայրենասպանության համար, անցած տարիներին ու ամիսներին ցույց չի տվել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման որեւէ նշան, չի հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ իր ներկայացրած ապօրինի պահանջներից, շրջափակումը վերացնելուց,
  • գործ ենք ունենալու թուրքական կողմի նախապայմանների բավարարման համար նպաստավոր դրույթներ պարունակող արձանագրությունների եւ դրանք չթաքցնող ու ամեն օր հայտարարություններով ամրապնդող թուրքական քաղաքականության հետ, երբ ի լրումն դրա' հայրենյաց իրավունքներն անտեսող Հայաստանի իշխանությունները սեփական լեգիտիմության մեծ պակասուրդը շարունակում են լրացնել հայ ժողովրդի պատմական ու ժամանակակից օրինական իրավունքները քայլ առ քայլ զիջելու, հայրենիքը եւ սփյուռքը պառակտելու հաշվին. լեգիտիմության այդ պակասուրդն էլ հող նախապատրաստեց վերոնշյալ պարտադրանքների համար:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ'

  • օրինականացվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքի բռնակցումը Թուրքիային եւ  բռնազավթվում են Հայրենասպանության հետ կապված հայ ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքները,
  • զոհասեղանին են դրվում մեր պետության եւ ազգի, երկրի ու սերունդների ապագան, լինելիության խնդիրը եւ տարածքային ամբողջականության հարցը,
  • մեկ քայլով առաջ է մղվում հայ ժողովրդի Հայկական հարցը իր բոլոր չափումներով թաղելու վավերացումը,
  • ոտնակոխ է արվում, պղծվում է Ցեղասպանության ու Հայրենազրկման միլիոնավոր զոհերի հիշատակը, խորտակվում է նրանց հետնորդների' Հայրենիք ունենալու ու վերադառնալու տենչանքը,
  • իրականանում է թուրքերի ու ադրբեջանցիների վաղուցվա երազանքը' սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների' Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ' օտարելով վերջինիս ապօրինի վարչախմբից,
  • անխուսափելի է դառնում Հայաստանի իշխանությունների հրաժարականը թե՛ պաշտոնից, թե՛ սահմանադրական պարտականություններից, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունից եւ թե՛ մեր հայրենիքից ու հայրենի իրավունքից,

«Ժառանգություն» կուսակցությունը'

  • հայտարարում է, որ ստորագրված արձանագրություններն ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից,
  • պահանջում է ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը,
  • կոչ է անում արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին' համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների,
  • ահազանգ է հնչեցնում բոլոր քաղաքացիներին' գիտակցելու պահի լրջությունն ու անդառնալիությունը, որպեսզի հետագայում ազգովին չկանգնենք հերթական դավադիր պայմանագրի կործանարար հետեւանքների առջեւ, որն այս անգամ կորզվել է յուրայինի ստորագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը