Մեկնաբանություն

03.04.2015 09:45


Իրանական թնջուկն ու Ղարաբաղի հարցը

Իրանական թնջուկն ու Ղարաբաղի հարցը

Երեկ Լոզանում «վեցնյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) և Իրանի միջև երկար բանակցություններից հետո համաձայնեցվել են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող կետերը։

Համընդհանուր համաձայնագրի կազմման աշխատանքները որոշվել է ավարտին հասցնել մինչև հունիսի 30–ը։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԱՄՆ–ը և ԵՄ–ն պետք է դադարեցնեն Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Միջազգային էներգետիկ գործակալությունը հաստատի, որ Թեհրանը կատարել է իր խոստումը ուրանի հարստացման մասով։

Պատժամիջոցների դադարեցումը նշանակում է, որ Իրանը կարող է արդեն նավթ արտահանել և այդպիսով ազդել միջազգային գների վրա, որոնք, ի դեպ, Շվեյցարիայից ստացված լուրերից հետո անմիջապես իջել էին։ Ճիշտ է, դեռ վաղ է խոսել էներգակիրների շուկայում գլոբալ փոփոխությունների մասին, բայց եթե մինչև մեկ միլիոն բարելի արտահանման հնարավորություն ստեղծվի, ապա վիճակը կարող է էապես փոխվել։

Իր հերթին մեր հարևան երկիրը պարտավորվել է առաջիկա 15 տարվա ընթացքում չկառուցել ոչ մի օբյեկտ, որը կզբաղվի ուրանի հարստացմամբ։ Կան նաև այլ պարտավորություններ։

Թե իրականում ինչպես կյանքի կկոչվի այս համաձայնությունը, պարզ կդառնա կողմերի վարքագծից, քանզի խնդիրը մանրամասների մեջ է։

Ինչ վերաբերում է մեզ, ապա ակնհայտ է, որ իրանական թնջուկի լուծումից հետո լարվելու են Ղարաբաղի շուրջ գործընթացները, քանզի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները (Ռուսաստանը և ԱՄՆ–ը), որոնք միմյանց հակասող շահեր ունեն մեր տարածաշրջանում, շատ լավ հասկանում են, որ ոչ միայն նավթի, այլ նաև իրանական գազի արտահանումը և հատկապես արտահանման քարտեզը որոշիչ են դառնալու Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում, իսկ այդ հարցում էլ իր հերթին որոշիչ է լինելու Ղարաբաղի հարցի լուծումը («լուծման» տակ հակամարտության բուն մասնակիցներն ու շահագրգիռ ուժերից յուրաքանչյուրը տարբեր բան են հասկանում)։

Թուրքիայի տարածքով իրանական գազի արտահանումը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, գրեթե զրոյական հեռանկար ունի։ Մնում է Կովկասը, որտեղ որոշիչ դեր ունի, մասնավորապես, Ղարաբաղը։

Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են, քանզի մեր հարավ–արևելյան հարևանները կողմ են, որպեսզի հայկական կողմի վերահսկողության տակ լինի Ղարաբաղը, և հայկական երկրորդ պետությունն Իրանի հետ ունենա ընդհանուր սահման (Իրանում մտահոգություն ունեն, որ եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցնի Ղարաբաղը՝ իր ազատագրված տարածքներով, ապա թուրք–ադրբեջանական էքսպանսիան և Իրանի հյուսիսում պանազերիզմի ծաղկումը կարող է հարվածել իրենց շահերին ու խնդիրներ առաջացնել անվտանգության ոլորտում)։ Այլ կերպ ասած՝ Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանման հարցում։

Իրանը դեմ է Ղարաբաղում խաղապահ ուժերի տեղակայմանը (անկախ այն հանգամանքից, թե որ երկիրը կլինի խաղաղապահի դերում), ինչը ևս մեկ կետ է, որտեղ համընկնում են մեր և Իրանի մոտեցումներն ու շահերը։

Ինչ մնում է Արևմուտքին ու Ռուսաստանին, ապա մեր տարածաշրջանում նրանց շահերի բախումն ակնհայտ է։ Առաջինն ուզում է դուրս մղել ՌԴ–ին այս տարածաշրջանից իր օպերատոր և ՆԱՏՕ–ի անդամ հանդիսացող Թուրքիայի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի փոփոխությունն Արևմուտքի համար ունի կենսական նշանակություն։ Իսկ ստատուս քվոն այս պահին կարող է փոխվել միայն ի վնաս ՀՀ և ԼՂՀ շահերի։

Թուլացած տնտեսությամբ ու վատ կառավարմամբ աչքի ընկնող Հայաստանը խոցելի է դարձել բոլոր առումներով և այդ վիճակից ելքը գտել է ՌԴ–ի վասալը դառնալու միջոցով։

ՌԴ–ն, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգիռ չէ Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, և այս առումով համընկնում են Մոսկվայի ու Թեհրանի մոտեցումները, և, բնականաբար, մերը։ Սակայն ասել, որ ՌԴ–ն անվերապահորեն մեզ է աջակցում Ղարաբաղի հարցում, սխալ կլինի։

Կրեմլի համար հետաքրքրություն է ներկայացնում ողջ տարածաշրջանը, և Ադրբեջանն այդ առումով նրա գործընկերն է։ Ավելին՝ ՀՀ–ի «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում ՌԴ–ի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են ստացել։ Այդ հարաբերությունները հատկապես դրսևորվում են ռազմական ոլորտում՝ զենքի մեծաքանակ մատակարարումների պայմանագրերով։

ՌԴ–ն փորձում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց քանի թուլանում է Հայաստանն ապաշնորհ կառավարման արդյունքում, այնքան Մոսկվայի համար դժվար է դառնում այդ հավասարակշռությունը պահելը։ Արդյունքում՝ վատանում են հայ–ռուսական հարաբերությունները, լավանում՝ ռուս–ադրբեջանականը։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը նպաստում է նաև հայաստանյան իշխանությունների կողմից հովանավորվող հակառուսական հիստերիան, որի բարձրացումը, արկածախնդրությունից բացի, այլ բան չի նշանակում, և բոլոր առումներով ՀՀ շահերի դեմ է։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ հայ–ռուսական հարաբերությունների վրա իր բացասական ազդեցությունն են թողնում նաև ՌԴ–ի «կացնային» մոտեցումները մեր ներքաղաքական կյանքին (մասնավորապես, ուկրաինական փորձը հաշվի չառնելը)։ Այս հարցում հսկայական անելիք ունի ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Ամփոփենք։

Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համապատկերին սպասվում է, որ հսկայական տեղաշարժեր են լինելու։

Իրանական գազի արտահանումը կլինի ՌԴ–ի հետ համատեղ նախագի՞ծ, թե՞ ՌԴ–ի կենսական շահերի դեմ իրականացվող քայլ՝ կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ղարաբաղի հարցից։ Ասել է թե՝ Հայաստանն իր վարած քաղաքականության արդյունքում կարող է շահած դուրս գալ իրանական թնջուկի լուծումից, բայց կարող է նաև ոտնատակ գնալ հզորներին։

Ակնհայտ է, որ իրանական գազը դեպի ԵՄ երկրներ պետք է գնա մեր տարածքով, և այդ տրանզիտից մենք կարող ենք օգտվել, եթե, իհարկե, ճիշտ քաղաքականություն վարենք, ինչն այս իշխանությունների պարագայում անհնար է (համենայնդեպս, վերջին յոթ տարվա փորձը և որդեգրած «նախաձեռնողական» քաղաքականությունը դա են ցույց տալիս)։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը