Քաղաքական

14.10.2009 19:30


Լևոն Զուրաբյան. «Սեպտեմբերի 18–ին Տեր–Պետրոսյանն իր ելույթում հենց դա՛ ասաց, որ մենք միայնակ չենք կարող հասնել այդ նպատակին»

Լևոն Զուրաբյան. «Սեպտեմբերի 18–ին Տեր–Պետրոսյանն իր ելույթում հենց դա՛ ասաց, որ մենք միայնակ չենք կարող հասնել այդ նպատակին»

2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ «Հայ ազգային կոնգրեսը» չի հայտարարում իր հա­ջորդ հանրահավաքի օրը։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ զանգվածային միջոցառումներ չանցկացնելու այս դադարի միակ նպատակը հասարակական և քաղաքական այն ուժերի ակտիվացումն է, որոնք «ակտիվ կամ պասիվ սատարում էին ռեժիմին, սակայն հիմա, գիտակցելով վարչախմբի կործանարար քաղաքականության հետևանքները, կմիանան ընդհանուր պայքարին»։

Ավելին, Լ. Զուրաբյանն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողներին խոստովանեց, որ իրենք երկու տարի պայքարել են Սերժ Սարգսյանի վարչախմբի տապալման և նրան հեռացնելու համար, սակայն չեն հաջողել այդ գործում։

-Սեպտեմբերի 18-ին Տեր-Պետրոսյանն իր ելույթում հենց դա՛ ասաց, որ մենք միայնակ չենք կարող հասնել այդ նպատակին, հատկապես մի իրավիճակում, երբ ամբողջ միջազգային հանրությունը սատարում էր Սերժ Սարգսյանի վարած այս քաղաքականությունը,- նշեց Լ. Զուրաբյանը։

Սակայն երբ այս օրերին ՀՅ Դաշնակցությունը բողոքի ակցիաներ է նախաձեռնում, ՀԱԿ-ը ոչ միայն չի միանում դրանց, այլ նաև Լ. Զուրաբյանն այդ ակցիաներն անվանում է իշխանության օժանդակությամբ և խրախուսանքով կատարվող թատերական կեղծ ակցիաներ.

 

Ըստ Լ. Զուրաբյանի՝ այսպիսի ուժերը միայն 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ նրանք շարունակելու են լինել իշխանության կողմից գծված սցենարի դերակատար, կա՛մ սկսելու են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Նշենք, սակայն, որ ՀՅ Դաշնակցության հետ հոկտեմբերի 9-ին նույն հարթակում կանգնած «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իսկ պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մեկնաբանելով սա՝ Լ. Զուրաբյանը հայտատարեց.

-Մենք այդ հայտարարությունն այնքան լուրջ ենք գնահատում, ինչքան լուրջ ուժ է «Ժառագությունը»։

Թեև որոշակի դադարից հետո ՀԱԿ համակարգողն ավելացրեց, որ, բնականաբար, ողջունում են ամեն նոր քաղաքական ուժի, ով կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ այդպիսով մի լումա դնելով դեպի հաղթանակ տանող նժարի վրա։

Նշենք նաև, որ Ժիրայր Սեֆիլյանը (ով նաև ՀԱԿ անդամ է), Վարդան Խաչատրյանը և Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» անվանումով նոր շարժում են նախաձեռնել, որի մեկնարկի մասին հայտարարեցին նախօրեին։ Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որպես իրենց նպատակներին հասնելու միջոց՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները տեսնո՞ւմ են իշխանափոխությունը՝ Վարդան Խաչատրյանն ասաց, որ ինչպիսին լինի ժողովրդի կամքը, այդպիսին էլ կլինի իրենց գործողությունների շարունակությունը.

-Առայժմ աշխատելու ենք այն անձանց, խմբի ձևավորման վրա, որոնք ժողովրդի մեջ ի վիճակի են առաջ բերել հավաքական ուժի, արդարացիության հույսը, ազնվության խորապատկերը։ Դրան հաջորդող գործողությունները պատկերացնում ենք որպես հզոր ժողովրդական ալիքի ձևավորում։

Փաստորեն, ելնելով Լևոն Զուրաբյանի այն տրամաբանությունից, որ ով չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանության կողմից գծված սցենարի դերակատարն է, ՀԱԿ համակարգողին հարցրեցինք՝ նշանակո՞ւմ է, որ «Սարդարապատ» շարժման համակարգողներն էլ են իշխանության կողմից գծված սցենարի դերակատար։

-Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ես գիտեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանը, Տիգրան Խզմալյանը միշտ եղել են այն դիրքերի վրա, որ այս վարչախումբը պետք է հեռանա։ Նրանց դիրքերի փոփոխման մասին ինձ որևէ բան հայտնի չէ։

Հավելենք նաև, որ այսօր «Հայելի» ակումբում «Հայ ազգային կոնգրեսին» անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանն էլ այն պնդմանն ի պատասխան, որ ՍԴՀԿ-ն պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը՝ ասել է. «Լսե՞լ եք Հնչակյան կուսակցության կողմից իշխանափոխության պահանջի կոչ»։

Լ. Զուրաբյանն այս խոսքերին ևս ծանոթ չէր։ Նա նշեց միայն, որ, համենայնդեպս, իրենց համար միշտ էլ ակնհայտ է եղել, որ նրանք նույնպես «պաշտպանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պնդումը».

-Մենք չգիտենք այդպիսի կուսակցություն Կոնգրեսում, որը դեմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու քաղաքականությանը։ Հակառակը՝ բոլորը հենց դրա շուրջ են միավորված։ Ավելին ձեզ ասեմ՝ դա Կոնգրեսի հռչակագրի դրույթն է։ Այնտեղ գրված է, որ Կոնգրեսում միավորված բոլոր կուսակցությունները պահանջում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, այսինքն՝ բոլոր այն կուսակցությունները, ովքեր ստորագրել են հռչակագիրը, ավտոմատ կերպով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը,- ասաց Լ. Զուրաբյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը