Լրահոս

15.10.2009 13:37


Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունների երկրորդ փուլն ավելի բարդ և խնդրահարույց է լինելու»

Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունների երկրորդ փուլն ավելի բարդ և խնդրահարույց է լինելու»

-Երեկ տեղի ունեցած ֆուտբոլային երկրորդ հանդիպումով, կարող ենք ասել, հայ-թուրքական հարաբերությունները հասան որոշակի հանգրվանի։ Եվ այսօր արդեն ունենք որոշակի արդյունքներ,  որոնք են ստորագրված արձանագրությունները, որոնք և՛ դեմ, և՛ կողմ կարծիքներ են առաջացրել,- հայ-թուրքական հարաբերությունների «առաջին փուլը» գնահատելիս «7օր»-ին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ սկսվելու է հայ-թուրքական հարաբերությունների «երկրորդ փուլը», որն «ավելի բարդ և խնդրահարույց է լինելու, քանի որ մոտենում ենք կոնկրետիկային».

-Ամենակարևոր խնդիրն այդ երկրորդ փուլում լինելու է արձանագրությունների վավերացման գործընթացը։ Ընդ որում, խնդիրն ավելի շատ թուրքական կողմում է, քանի որ արդեն իսկ ականատեսն ենք լինում թուրք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք իրենց մեջ նախապայմանների տարրեր են պարունակում։ Այստեղ արդեն մեր դիվանագիտությունից մաքսիմալ ջանքեր են պահանջվելու՝ ավելի հաստատուն մնալ իրենց որդեգրած դիրքորոշմանը, այն է՝ առանց նախապայմանների հարաբերություններին։ Կարծում եմ, երկրորդ փուլը և ընդհանրապես սրանից հետո եկող գործընթացները մեզանից է՛լ ավելի մեծ ուժերի լարում են պահանջելու, և էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանալու։

Այնուամենայնիվ, Ռ.Մելքոնյանը չի ցանկացել դրական կամ բացասական գնահատել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, քանի որ, իր խորին համոզմամբ, «դա ուղղակի գործընթաց է, որն ընթանում է, և երկու կարծիքներն էլ կարող են գոյություն ունենալ».

-Եթե առաջնորդվենք տրամաբանությամբ, որ Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են, կարծում եմ՝ այդ երկրների միջև հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումն ընդհանուր առմամբ դրական գործընթաց է։ Սակայն ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ այդ գործընթացը չպետք է լինի ի հաշիվ մեր ազգային շահերի, նկրտումների և արժանապատվության։ Եթե կարողանանք այդ երկուսը համատեղել և առաջ գնալ, ապա դրական գործընթաց կարող ենք որակել, սակայն այս փուլում այս հարաբերությունների ներկա ընթացքը ես չեմ ցանկանա որակել ո՛չ դրական, ո՛չ բացասական։ Ես այն կորակեմ նորմալ։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը