Լրահոս

26.10.2009 17:54


ՀԱԿ. Հոկտեմբերի 27-ի 10 տարին

Տաս տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը  եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։

Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէ։ Ոճիրն ինքնին, առավել ևս իր հետեւանքներով դարձավ Հայոց պատմության ամենասեւ օրերից մեկը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը։ Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության պահպանման, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին։

Մինչ այդ, «Միասնություն» քաղաքական հզոր դաշինքի առկայությամբ «դիտորդի» կարգավիճակում հայտնված Ռ. Քոչարյանը, աստիճանաբար տիրապետելով իշխանական լծակներին, ոչ միայն խոչընդոտեց արդար դատավարության իրականացմանը, այլեւ իր լիակատար ու բացահայտ պաշտպանության տակ վերցրեց մարդասպաններին, նրանց օժանդակողներին, այլ հանցակիցների՝ նախաքննությունն ու դատաքննությունը վերածելով կատարյալ մի խեղկատակության, թույլ չտվեց կազմակերպիչների մասով իրական որեւ քննություն, կարճել տվեց այդ գործը։ Ոճրագործության պարտակմանը նպաստեց պատեհապաշտների եւ ուրացողների այն երամը, որ գլխատված քաղաքական ուժից արագ կողմնորոշվեց դեպի քոչարյանական ճամբար։ Առաջին իսկ պահից շատերի մոտ ծնված կասկածը, թե հենց ինքը՝ Քոչարյանն է կանգնած ոճրագործության թիկունքում, աստիճանաբար վերածվեց հասարակության համընդհանուր վերջնական համոզումի։ Ընթացքում պարզվեց նաև, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում՝ ԱԱԾ-ում, նախապես տեղյակ են եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին եւ ոչինչ չեն արել այն կանխելու համար։

Գործված հրեշավոր ոճիրի ու դրա պարտակման շնորհիվ Ռ. Քոչարյանի ճարտարապետությամբ ու Սերժ Սարգսյանի ակտիվ գործակցությամբ սկսեց ձևավորվել որակապես բոլորովին այլ՝ քրեաօլիգարխիկ այն համակարգը, կոռուպցիոն բուրգը, որի հիմնական հատկանիշը հանցավորությունն է, քաղաքական որակի բացակայությունը։ Դիմազրկվեց Ազգային ժողովը՝ նախագահական իշխանության քաղաքական հակակշռից վերածվելով անդեմ ու կամակատար դակող մի մարմնի։ Ձեւախեղվեց կառավարությունը՝ դառնալով նախագահականից իջած հրահանգների պարզ մի հանձնակատար։ Այլանդակվեցին իրավապահ մարմիններն ու արդարադատությունը. քննչական, դատախազական մարմիններին եւ դատարաններին, որպես իրենց գործունեության չափորոշիչ-էտալոն, հրամցվեցին ու պարտադրվեցին այն խայտառակ, մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը վիրավորող որակները, որոնք գործի դրվեցին հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքում։ Անպատժելիությունը դարձավ գայթակղիչ օրինակ, ինչի հետեւանքով ահաբեկչությունը, մարդասպանությունը դարձան քաղաքական, տնտեսական ու այլ հարցեր լուծելու ամենատարածված ու սովորական միջոց։ Հաջորդ 10 տարվա ընթացքում դրան զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ առնվազն հինգ տասնյակ պետական պաշտոնյաներ, ծառայողներ, գործարարներ։

Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականցված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով։ Դրանով ահաբեկչությունը, որպես այդպիսին, դարձավ վարչախմբի հիմնական գործիքը իշխանության հետագա պահպանման ու վերարտադրման համար՝ ուղղված ոչ միայն անհատների, այլեւ ողջ հասարակության դեմ։

Հոկտեմբերի 27-ը ոչ թե ավարտված ակտ՝ մահափորձ է անհատների, պետական գործիչների դեմ, այլեւ մի շարունակական ահաբեկչություն-գործընթաց, դավաճանություն է հայկական պետականության, Հայաստանի պետական անվտանգության նկատմամբ եւ առ այսօր շարունակում է բերել ազգակործան աղետներ։

Հոկտեմբերի 27-ը սկիզբ դրեց համընդհանուր, սողացող, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խորացող խրոնիկ ապատիայի, սեփական երկրում անպաշտպանության ու անապահովության սպանիչ մի զգացումի, ինչը դրան հաջորդած շրջանում շուրջ կես միլիոնանոց կործանարար արտագաղթի հիմնական պատճառն է։ Հայրենազրկված, աղքատության մեջ տառապող, ճակատագրերը խեղված հարյուր հազարավոր մարդիկ, ըստ էության, նույն այդ ոճրագործության, դրա իրական մեղավորների չբացահայտման, դրա քաղաքական հետեւանքների անմիջական զոհերն են։

Բացահայտված ու դատապարտված չլինելով՝ Հոկտեմբերի 27-ի հետեւանքները ոչ միայն չեն ամոքվում, այլեւ այդ ոճիրն այսօր էլ շարունանում է՝ ժամանակի հետ առարկայացող շատ ավելի աղետալի ու ազգակործան դրվագներով, դրանից են ծնվել՝

- 2004թ. ապրիլի 12-ի բարբարոսությունը,

- խաղաղ ցուցարարների մարտիմեկյան ջարդը եւ հրեշավոր սպանդը,

- Հայոց ցեղասպանության ցյուրիխյան ամոթալի ուրացումը,

- Լեռնային Ղարաբաղի՝ կործանման եզրին հասցված խնդիրը։

 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամենասեւ էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ վերացվեն դրա հետեւանքները։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետության հիմքերը քայքայող հիմնական գործոնը, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կրել իրենց արժանի պատիժը։

Տաս տարի անց դեռ օդում կախված են փաստաբանների եւ զոհերի հարազատների միաբերան հայտարարությունը՝ «Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում»։ Ուստիեւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Հայ Ազգային Կոնգրեսի համար այսօր հիշատակի ծես-արարողություն, իսկ ընդհանրապես ամենօրյա վճռական պայքար է՝ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով դրա նորանոր չարիքները կանխելու, գործած ավերածությունների հետեւանքները վերացնելու, ժողովրդավարական ու բարեկեցիկ հասարակարգ ձեւավորելու, յուրաքանչյուրի ազատության ու արժանապատիվ կյանքի համար։

Այս խորագրի վերջին նյութերը