Լրահոս

27.10.2009 10:58


Եվրոպան ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը։

Նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը' ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Համագործակցության խորհրդի նիստին քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական Հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասաց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է և պաշտոնական Երևանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։

Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Եվրոպական Հարևանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունների ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն։
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ' կարևորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը' Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առևտրի խորացված և համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը։

Եվրոպական կողմը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը, կարևորելով ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը և դրանց առանց նախապայմանների իրականացումը։

Եվրոպական կողմի խնդրանքով' նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։

Այս խորագրի վերջին նյութերը