Մեկնաբանություն

27.04.2015 14:00


«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պարտվեց Ծիծեռնակաբերդում

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պարտվեց Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները մի շարք բացահայտումներ արեցին քաղաքական, մշակութային ու հասարակական հարթություններում։ Նաև՝ լուրջ «մեսիջներ» հղվեց հանրությանը։

1.Նախ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ու ՀՀ «իմիջի» մասով։

Շառլ Ազնավուրի՝ Պոզներին տված հարցազրույցը, «S.O.A.D.»-ի համերգը, Քիմ Քարդաշյանի «ցունամի» այցը և արտերկրում ապրող հռչակավոր մյուս հայերը մի քանի օրում ավելի շատ բան արեցին Ցեղասպանության ճանաչման ու Հայաստանն աշխարհի քարտեզի վրա լավ իմաստով թեժ կետ դարձնելու հարցում, քան Ցեղասպանության ֆոնին «փիառվող» այս իշխանությունները։ Այն իշխանությունները, որոնք Գյուլի խաթեր անջատել էին Ծիծեռնակաբերդի լույսերը, և վերացրել Արարատը մերոնց մարզաշապիկների վրայից։

Հայտնի ու ոչ հայտնի հայերը միասին, ի հեճուկս այս իշխանությունների որդեգրած «Ֆուտբոլային» քաղաքականության, կարողացան միջազգային թիվ մեկ թեման դարձնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը և փոքրիկ առաջընթաց ապահովեցին։

2.100–ամյա տարելիցի միջոցառումները շատ խորհրդանշական ստացվեցին «Ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովների համար։

Ծիծեռնակաբերդում և ամբողջ աշխարհում ողջ հայությունը ևս մեկ անգամ և շատ բարձր ձայնով իր «Ո՛չ»–ն ասաց Սերժ Սարգսյանի վարած ձախորդ արտաքին քաղաքականությանը։ Քաղաքականություն, որից այս իշխանությունները համառորեն չեն ուզում հրաժարվել։

3.Վերջին օրերի մշակութա–քաղաքական իրադարձությունները և Ցեղասպանության թեմայով համայն հայության միասնական ֆլեշմոբը ցույց տվեցին, որ հայերի պոտենցիալը և Հայաստանի Հանրապետության հնարավորությունները շատ ավելին են, քան ոմանց թվում է, և որ հայկական «հագուստը» շա՜տ մեծ է հայաստանյան իշխանությունների վրայով։

Գրեթե բոլորը ևս մեկ անգամ և մի փոքր այլ ռակուրսից արձանագրեցին, որ իշխանական վերին օղակները՝ նախագահականից սկսած՝ Կառավարությունով ու օրենսդիրով ավարտված, այնքան ցածր մակարդակի վրա են, որ քաղաքական փոփոխություններն օդ ու ջրի պես են անհրաժեշտ մեր երկրին, այլապես մենք կխեղդվենք Բաղրամյան 26–ից տարածվող այս գաղջ մթնոլորտում։

4.Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել Սփյուռքի պոտենցիալը, և ինչպես նրանց ներգրավել ներհայաստանյան կյանք։ «Սփյուռքը կթու կով չէ» արտահայտությունը շատ է օգտագործվել, բայց՝ որպես տրաֆարետային ձևակերպում։

Հիմա կարելի է արդեն արձանագրել, որ մեր հայրենակիցներից նախ և առաջ արժեքային ինտերվենցիա է ակնկալվում «ա լյա» «S.O.A.D.»։

5.Հայոց ցեղասպանության հարցը «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում առևտրի առարկա դարձրած ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել իրենց մոտեցումներից, այլև ուզում են նոր թափ հաղորդել դրան։ Սերժ Սարգսյանի հայտարարություններն ասվածի վկայությունն են։

Իսկ դա նշանակում է, որ հայությունն ընդդեմ «նախաձեռնողականների» է։ Վկան՝ Հայաստանում ու ամբողջ աշխարհում տեղի ունեցածը ապրիլի 24–ին։ Ասել է թե՝ իշխանափոխությունը զուտ ներքաղաքական խնդրից այլևս վերածվել է համայն հայության օրակարգային հարցի։ Թեև, որոշիչն այստեղ, բնականաբար, ՀՀ քաղաքացիների ձայնն է։

6.Սերժ Թանկյանն ու իր թիմակիցները, ինչպես նաև Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիեն ցույց տվեցին, որ սրանից հետո մեր տեղական «աստղերը» շանս չեն ունենա երևալ հանդիսատեսի աչքերին, եթե չունենան ներքին ազատություն, կամ էլ՝ քաղաքացիական դիրքորոշում մեզանում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ։

Մենք հայ «աստղերին» ու «աստղիկներին» քննադատում ենք ոչ թե «S.O.A.D.»-ի կամ ռեփեր Քանիե Ուեսթի երգարվեստի հետ համեմատելիս (տեղականներից ոմանք նույնիսկ ավելի տաղանդավոր են, քան դրսից եկածները), այլ նրանց մյուս որակները նժարի վրա դնելուց հետո։

Քանիեն շատ բան չարեց։ Նա ընդամենը ջուրը նետվեց և այդպես կիսեց իր ուրախությունն ու էմոցիաները հանդիսատեսի հետ։ Նա անկեղծ էր ու արեց ստանդարտից դուրս քայլ։ Դա ազատության և ազատ մտածողության ցուցադրություն էր, լավ իմաստով՝ «պոֆիգիզմ»։ Դա այն էր, ինչը պակասում է հայաստանյան իր կոլեգաներին։ Քանզի մեր երգիչ–երգչուհիները կարծես ՀՀԿ–ի «մշակութային» բաժնի աշխատակիցները լինեն՝ «զնաչոկով» ու «քառակուսի» մտածողությամբ դեմքեր։

«S.O.A.D.»-ն էլ շատ բան չարեց։ Թանկյանն ընդամենը կենդանի համերգի ժամանակ խոսեց արտագաղթի և անարդարության մասին։ Դրանով նա ցույց տվեց, որ մտահոգված է մեր երկիրը թուլացնող խնդիրներով։

Թանկյանն այդպիսով «փչացրեց» բոլոր մեր այն «աստղերին» ու «աստղիկներին», որոնք, իշխանության կրնկի տակ մտած, փող են աշխատում՝ թքած ունենալով հանրային խնդիրների վրա։ Հիմա սրանք այլևս զրկվեցին այդ հանգիստ կյանքից։ Այժմ հանրությունը սրանցից քաղաքացիական դիրքորոշում է պահանջելու։ Խոսքն ամենևին իշխանափոխության կոչերի մասին չէ։ Խոսքը սեփական քսակից այն կողմ տեսնելու մասին է։

7.Որքան էլ իշխանություններն իրենց ենթակա հեռուստատեսությամբ ու շոու–բիզնեսով փորձում են քյարթու արժեքներ քարոզել, չի ստացվում։

Ինչպես «անկախ» մամուլը չի կարողանում ապուշացնել հանրությանը, և անհրաժեշտ պահին միշտ էլ մարդիկ ոտքի են կանգնում՝ տարբերելով թացը չորից, այնպես էլ սերիալային ապուշություններ և ցածրաճաշակ հումոր մատուցող հեռուստաընկերությունները չեն կարողացել «կլկլոցների» մակարդակի իջեցնել բոլորին։

Հանրապետության հրապարակում հավաքված ու անձրևի տակ ռոք լսող տասնյակ հազարավոր մարդիկ, և մի քանի ժամում մի քանի հազար ռեփ սիրողների այցը Կարապի լիճ ցույց տվեցին, որ ռաբիս արժեքներով ապրող իշխանական վերնախավին չի հաջողվել վերջնականապես ոչնչացնել այն ծիլերը, որոնք վաղվա քաղաքական փոփոխությունների շարժիչ ուժն են դառնալու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը